«Եթե բանակցային գործընթացը մոտակա ժամերին կամ օրերին արդյունք չտա, հավանաբար ականատես կլինենք ռազմական որևէ գործողության». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ռազմական գործողությունների՝ իրողություն դառնալու հանգամանքն ավելի է մեծանում, և ըստ այդմ՝ ԱՄՆ-ի և Լեհաստանի դեսպանատների տարածած հայտարարությունները պետք է ընդունել ի գիտություն:
«Եթե լայնածավալ պատերազմ ասելով՝ պետք է հասկանանք, օրինակ՝ 44-օրյա պատերազմը, ապա նմանատիպ չեմ սպասում, բայց ռազմական գործողություններ որոշակի հատվածներում, այո, սպասում եմ, որոնք, հնարավոր է՝ լինեն կարճաժամկետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Փորձագետը զերծ մնաց տեղայնացված խոսելուց, որովհետև ըստ նրա՝ դա կարող է խուճապ առաջացնել. «Բայց, կարծում եմ՝ կլինեն ռազմական գործողություններ, քանի որ Ադրբեջանը ներխուժելով ՀՀ սուվերեն տարածք՝ այդ կերպ փորձում է նախադեպ ստեղծել հետագայում իր մնացած բոլոր գործողությունների համար, և ՀՀ-ի կողմից արդեն մի քանի օր տևող բանակցություններն արդյունք չեն տալիս, բանակցություններին հաջորդեց ՊՆ հայտարարությունը, որ կդիմեն ուժի, այնուհետև ՊՆ երկրորդ հայտարարությունը, որ՝ բացազատում է տեղի ունեցել ԶՈւ-ի, դիրքավորվում են և պատրաստվում որոշակի գործողությունների: Այսինքն՝ մենք բոլոր իրավական կողմերն ապահովել ենք, որ մեր ինքնիշխան տարածքի ամբողջականությունը պաշտպանենք»:
Նրա դիտարկմամբ՝ պետք էր դեռևս նոյեմբերի 10-ից սկսած ՀՀ սահմանները վերցնել վերահսկողության տակ.
«Գոնե կարևոր նշանակության բարձունքները, որտեղից վերահսկվում են մեր ճանապարհները, պետք է վերցնեինք վերահսկողության տակ և այնտեղ պետք է տեղակայեինք դիտակետեր: Եթե չենք տեղակայել դիտակետեր, և այսօր հայտնվում են զինված խմբավորումներ, որոնց մասին մենք չգիտենք՝ ովքեր են, իմացել ենք միայն բանակցություններ վարելիս, այսինքն՝ ՀՀ տարածք են ներխուժել զինված խմբավորումներ, որոնք վտանգ են ներկայացրել խաղաղ բնակչությանը. Այստեղ հարցը պետք էր տանել զուտ իրավական դաշտ, ոչ թե բանակցությունների հրավիրել: Այսինքն՝ պետք էր օպերացիա իրականացնել՝ շրջափակել, ձերբակալել և ըստ օրենքի՝ ՀՀ ներխուժած անհայտ զինված խմբավորումներին ենթարկել պատասխանատվության»:
Գեղարքունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ բավականին շատ տեղեկատվություն ունեցող փորձագետը նշեց, որ մարզում թշնամին բավականին առաջ է եկել և ստեղծել խառը իրավիճակ. «Այսինքն՝ մենք ունենք դիրքեր, որտեղ թշնամին գտնվում է և՛ դիրքի առջևում, և՛ դիրքի հետևում, այսինքն՝ այսպիսի իրավիճակ է: Այսօր իրավիճակը գրեթե չի փոխվել՝ դիրքային առումով, և դեռևս ունենք շատ լուրջ խնդիրներ Գեղարքունիքում, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն»:
Ճշտող հարցին՝ ճի՞շտ հասկացանք, որ ունենք հայկական դիրքեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ, նա այսպես պատասխանեց. «Եկեք՝ չասեմ շրջափակում, բայց, այնուամենայնիվ, այդ դիրքերի և՛ առջևում, և՛ հետևում գտնվում են թշնամու զինված ուժերը»:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: «Ցավոք, ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում եմ բացառապես ռազմական ճանապարհով, որովհետև լինելու է այն, որը կստիպի Ադրբեջանին, վերջիվերջո, հետ գնալ: Այլապես կստեղծվի նախադեպ, որ Ադրբեջանն անընդհատ առաջ կգա, հետ գնալու համար նախապայմաններ առաջ կքաշի, և անընդհատ մենք այս պրոցեսի մեջ ենք լինելու: Դրա համար, կարծում եմ՝ եթե բանակցային գործընթացը մոտակա ժամերին կամ օրերին արդյունք չտա, մենք հավանաբար ականատես կլինենք ռազմական որևէ գործողության՝ անունը լինի ռազմական օպերացիա՝ շրջափակել, ձերբակալել և այլն, թե անունը կլինի իսկապես ռազմական գործողություններ, դա էական չէ, բայց ուժի կիրառում կլինի»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում