Իմ լուսավոր ուսանողը դեռևս գերի է, ո՞նց կարող է ես հաղթահարեմ. Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. Տաթև Ղազարյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից ներս եմ մտնում և քայլերս ուղղում դեպի Համազգային թատրոն. վարպետ Սոս Սարգսյանի խորը ու ներկա հայացքի ներքո հանդիպում եմ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանին, ում հետ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք ապրեցնող թատրոնի և պատերազմի փոխած արժեքների մասին:
Իմ լուսավոր ուսանողը դեռևս գերի է, ո՞նց կարող է ես հաղթահարեմ
«Հետապատերազմյան շրջան» և «հաղթահարել» մի քիչ անհամատեղելի են… դեռևս: Բայց օգնողը, ապրեցոնողը թատրոնն է, գոնե ինձ համար այդպես է: Հիմա էլ շատ բուռն ենք սկսել մեր թատերաշրջանը, թատրոնից տուն գնում ենք երեկոյան 11-12-ից հետո, ներկայացումից հետո էլ փորձ ենք անում: Դա է միակ ապրեցնող և հույսի նշույլ ցույց տվող բանը պատերազմից հետո: Բայց հաշտվել, հաղթահարել, կարծում եմ՝ երկար չենք կարողանա: Միևնույն ժամանակ շատ վիրավորանք կա մեր մեջ, կորուստները սարսափելի են և չեն վերջանում: Ախր ինչպե՞ս հաղթահարենք, երբ դեռ ոչինչ չի վերջացել, երբ դեռ զոհեր են գտնում, երբ իմ ուսանողը դեռ գերի է: Ես շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ զանգում եմ իր մայրիկին, երբեմն զանգում, անջատում եմ, որովհետև ի՞նչ ասեմ, իմ լուսավոր ուսանողը դեռևս գերի է, ո՞նց կարող է ես հաղթահարեմ, ո՞նց է հնարավոր: Չեմ կարողանում ուղղակի, չի լինում սա հաղթահարել և գուցե դեռ տևական ժամանակ չենք հաղթահարի, քանի դեռ ունենք գերիներ, քանի դեռ զոհերը ավելանում են օր օրի և քանի դեռ այսքան անկայուն վիճակում ենք: Ասում եմ՝ թատրոնը օգնում է, լիցքեր է տալիս, ոգևորվում ենք, արվեստի մեջ ենք, մեկ էլ նորից մեզնից ինչ-որ մեկը կարող է տխուր նստի, հարցնում ենք՝ ի՞նչ եղավ, բան եղա՞վ, ասում է՝ չէ, ուղղակի նորից իրականությանը բախվեցի: Վայ, հա, ճիշտ է… նորից թևաթափ ենք լինում, մի հատ խոսում, հետո նորից ասում ենք՝ չէ, բայց պիտի ապրենք:
Այսուհետ պետք է հաղթենք
Առջևում ունենք երկու միջազգային փառատոն, երեք պրեմիերա, որոնց ինտենսիվ փորձերը սկսվել են, զուգահեռ, մեկ տարի դադարից հետո, վերհիշում ենք հները: Միջազգային երկու փառատոներին աշխարհի տարբեր երկրներից մարդիկ են լինելու, և այդ չեղած երկրից նույնպես, այսինքն մենք պիտի ամենայն բարձր մակարդակով հանդես գանք և ամենայն լուսավոր ձևով ներկայանանք, որ Հայաստան աշխարհը կա, ապրում է ու դեռ մեկ անգամ չի, ես հավատում եմ, որ դեռ մեկ անգամ չի՝ հաղթանակած պիտի լինենք, գոնե այսուհետ: Վերջերս, որ «Արտավազդ» մրցանակաբաշխությունն էր, ես էլ մրցանակին արժանացա, այդ ժամանակ ասացի, որ պատրաստ ենք այս բոլոր մրցանակները տանք, միայն թե ավելի կարևոր հաղթանակ ունենայինք, և բեմից հնչեցրեցի, որ թող գոնե այս պահից այլևս սկսվեն հաղթանակները: Դա իհարկե շատ աննշան և ծիծաղելի հաղթանակ է մեծ հաղթանակների կողքին, բայց մենք մեր մեջ որոշենք, որ այսուհետ պետք է հաղթենք: Գուցե դա ինչ-որ լավ բանի տանի…
Թվացյալ խանգարող պանդեմիան նոր մտքեր ծնեց
Պանդեմիայի ժամանակ էր, երբ տներում էինք և կարդում էինք, իմանում, որ Պուշկինը պանդեմիայի ժամանակ է ստեղծագործել, և շատ լավ գործել ծնվել են հենց պատերազմից հետո: Համաշխարհային դրամատուրգիայի մեջ, օրինակ՝ ամենազիլ գործերը ծնվել են պատերազմից հետո, պատերազմի ընթացքում: Մի բան, որ արգելում է քեզ, արգելված վիճակում ես, ինչ-որ մի ուրիշ բան ծնվում է: Պատերազմի ընթացքում հենց մեր թատրոնում ծնվեցին նոր ձևաչափի մտահղացումներ, մենք արեցինք փոքրիկ ներկայացումաֆիլմատիպ շարք, որից հետո բանաստեղծություններ նկարեցինք, որից հետո մինչև հիմա էլ համագործակցություն ունենք հեռուստաընկերություններից մեկի հետ, ու էլի բանաստեղծությունների շարք ենք անելու՝ թատրոնով համեմված: Թվացյալ խանգարող պանդեմիան նոր մտքեր ծնեց, չհասցրեցինք էլ դա հասկանալ, որովհետև մեր ղեկավարները՝ Նարինեն, Արմանը, կզանգեին կամ հաղորդագրություն կգրեին՝ նոր մտահղացում այսինչ բանի վերաբերյալ:
Այսօր մեզ ուրիշ հերոսներ են պետք
Պատերազմից հետո փոխվել են մեր արժեքները ներկայացումներ անելիս և փոխվել են մեր հերոսները: Եթե մինչև պատերազմը մենք ունեինք ուրիշ պիեսների մասին ծրագրեր, որոնք պիտի անեինք, հիմա դրանք բոլորը դադարեցրեցինք, թողեցինք, որիվհետև Նարինե Գրիգորյանի և մեր ընդհանուր մտքերով եկանք նրան, որ այսօր մեզ ուրիշ հերոսներ են պետք, այսօր մենք անում ենք մեր ներկայացումները հաղթահարող հերոսների մասին: Մեր՝ թատերական ընթերցանություն ձևաչափում, որի ընթացքում հանդիսատեսի ներկայությամբ պիեսներ ենք ընթերցում, այս անգամ մայիսի 8-ին դրված է նոր ներկայացում՝ Վիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագր» պատմվածքը, որը հաղթող հերոսի մասին է, որը դժվարությունների է հանդիպում, ընկճվում է, անդունդն է գլորվում, որից հետո հաղթահարում, ապրեցնում ու ապրում է ինքն էլ: Այսուհետ արվեստը պիտի նաև այդ միսսիան իր վրա վերցնի, թե ում ենք ցուցադրում: Այսօր չի կարելի ցույց տալ խեղճ հայերին, կոտորված հայերին, չէ, ընդհակառակը, մենք պիտի ցույց տանք այն հերոսին, որը հաղթող է, որ մեր երեխաներն էլ, մեր նոր եկող սերունդն էլ և մեծերն էլ, մենք էլ գիտակցենք, որ մենք մեզ միայն որպես հաղթող պիտի ընկալենք: Պատերազմից հետո արվեստում, մեր թատրոնում, մեր մտքերում դա է վերափոխվել, որ խոսել այլևս միայն հաղթող հերոսների մասին:
Եթե մենք հուսահատության մեջ թողնենք այդ սերնդին, ապա մեր վաղվա օրը ևս վտանգված է
Հուսահատություն, անշուշտ, կա ինչպես բոլորիս մոտ, այնպես էլ ուսանողների մոտ: Ուսանողներն ամենաշատը ընկերներ կորցրեցին, իրենց տարեկիցներին կորցրեցին, իրենք երևի շատ ավելի խորը զգացին այդ ամենը, չեմ ասի՝ քան մենք, բայց իրենք շատ ավելի առերեսվեցին այս իրականությանը, ասես իրենց էլ տեսան այդ զոհերի թվում, կարող է իրենք էլ լինեին, այդ զգացողությունն էլ ունեցան: Շատ եղավ ընկճումը, բայց, ինչ խսոք, թե մեր օգնությամբ, թե իրենց ընտանիքների օգնությամբ դուրս են գալիս այդ վիճակից: Ու իրենց մտքերից ինչ-որ կարթնանա՝ վրեժ կլինի անունը, թասիբ կլինի, իրենք անպայման պիտի առաջ գնան: Եթե մենք հուսահատության մեջ թողնենք այդ սերնդին, ապա մեր վաղվա օրը ևս վտանգված է:
Արվեստի ուժով էլ պետք է կառուցել երկիրը
Ստեղծագործողի ապագան պատկերացնում եմ ստեղծագործող: Հիմա Հայաստանի ապագայի մասին խոսելիս շատ եմ տատանվում, որովհետև Հայաստանն ինքն է տատանվում՝ ապագայի շեմին կանգնած: Շատ մեծ ցավով եմ ասում. ես խենթի պես Հայաստան ու հայրենիք սիրող տեսակ եմ և շատ եմ ցավում, որ հիմա այրվող տախտակամածին ենք ու շուրջը շնաձկներ են… Բայց պիտի այդ շնաձկներին մորթենք, սպանենք, խորտակենք և դուրս պրծենք անպայման: Ուզում եմ շատ կարճ ժամանակ անց այս հարցը ինձ տաք ու ես արդեն ասեմ՝ տեսնում եմ շատ ավելի դրական: Հիմա վախենում եմ պատասխանել: Մտքով, իմ լավատեսությամբ, իմ հույսով, իմ երազանքներով միայն պայծառ եմ ուզում տեսնել ապագան, միայն ուզում եմ արվեստով լեցուն տեսնել, որովհետև Հայաստանում երանի գա այն ժամանակաշրջանը, որ գիտակցեն՝ արվեստի ուժով էլ պետք է կառուցել երկիրը, միայն տնտեսությամբ չի պայմանավորված, միայն բանակով չի պայմանավորված, որոնք կարևորագույն օղակներ են, բայց պակաս կարևոր չէ նաև արվեստի օղակը: Իզուր չէր, որ պատերազմի տարիներին Սոս Սարգսյանը հիմնեց Համազգային թատրոնը, ասելով, որ սա էլ իմ զենքն է, ես էլ այս զենքն եմ մատակարարում իմ բանակին, իմ ժողովրդին և դրա մեջ խորը ճշմարտություն կա:
Տոմսարկղի դիմաց հերթեր են
Պատերազմից հետո մենք շատ անհույս էինք, որ հանդիսատես կգա թատրոն: Զարմանալիորեն դահլիճները լեփ-լեցուն են, տոմսարկղի դիմաց հերթեր են, պանդեմիայի օրենքները փորձում ենք պահել, բայց, միևնույն է, մարդիկ ուզում են, ասում են՝ մենք գանք, նստենք: Ինչո՞ւ: Որովհետև դա էլ է պայքարելու ուժ:
Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Անի Գաբուզյան