«Պետք է մշակենք Եվրոպայից զգուշանալու արվեստ»

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ

– Պարոն Մանուչարյան, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և եվրոպական բարձրաստիճան այլ պաշտոնյաների այցը` մի կողմից, իսկ մյուս կողմից` Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցերը և հայտարարությունները քաղաքական ի՞նչ ենթատեքստ ունեին:

– Սա շարունակությունն է Ձեր թերթի էջերում կամ մամուլի ասուլիսներում մեր այն խոսակցությունների, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհաքաղաքական իմաստով, որովհետև գտնվում է կովկասյան միջանցք կոչվող տարածաշրջանում: Եվ այս տեսակետից` հիմնական խաղացողները` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան` մի կողմից, և Ռուսաստանը` մյուս կողմից, պայքար են մղում:

Պարզապես, քանի որ Եվրոպայից հարցրեցիք, ես ուզում եմ մի բան զգուշացնել. վերջին տարիներին այնքան խոսեցինք ռուսական այս կամ այն քայլի վտանգավորության մասին, որ ինչ-որ իմունային համակարգ մտցրեցինք: Հիմա նույնիսկ պրոբլեմ է դարձել, այսինքն` տրամաբանական զգուշավորությունն այնքան ենք գերազանցել, որ այդտեղ արդեն խնդիրներ ենք ստեղծում Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հարցում:

Կարդացեք նաև

Այսինքն` անընդհատ միմյանց զգուշացնում էինք` «զգույշ եղեք, կարող է էս վտանգը լինի, էն վտանգը լինի»գ վտանգների մասին խոսելը դրական բան է ցանկացած հարաբերությունների մեջ, բայց պետք չէ գերազանցել: Մինչդեռ Եվրոպայի պարագայում ճիշտ հակառակն է. հենց ասում ենք` Եվրոպա, բոլորի աչքերը հանկարծ կապույտ են դառնում և կարծում են, թե` «վայ, Եվրոպան շատ լավ է»: Եվրոպան հիմա շատ վտանգավոր տեղ է` վտանգավոր քաղաքականությամբ, վտանգավոր արտահայտություններով և քայլերով: Այս վտանգների մասին էլ պետք է խոսենք: Ես սրանով չեմ ասում` չհամագործակցենք: Ես ասում եմ` համագործակցենք` բոլոր վտանգները գիտակցելով:

Ես ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ կապված խնդիրների մասին նույնպես խոսել եմ, թե ինչքանո՞վ կարող ենք մեր ինքնուրույնությունը կորցնել, ի՞նչ խնդիրներ ունեցավ Վրաստանը` այդպիսի ընտրություն կատարելով: Բայց Եվրոպան կարծես ճերմակ ու փափուկ մի համակարգ է մեզ թվում: Բացարձակապես այդպես չէ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Եվրոպան այսօր խորը ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամն էլ պայմանավորված է եվրոպական քաղաքակրթության շեղումով:

Այսօրվա Եվրոպան բացարձակ շահի համակարգ է, և այն խորը եվրոպական մշակույթի հետ, ըստ էության, գրեթե կապ չունի: Ինչպե՞ս են նրանք գործում Հայաստանում և հարավկովկասյան երկրներում. ընդերքի շահագործումը և, փաստորեն, ժողովուրդների թալանը այսօրվա եվրոպական քաղաքականության հիմնաքարերից մեկն է: Նույնն, իհարկե, վերաբերում է մյուս կենտրոններին, ես չեմ առանձնացնում, պարզապես, քանի որ Եվրոպայի վերաբերյալ ուրիշ կերպ ենք մտածում, ուզում եմ ասել, որ պետք չէ ուրիշ կերպ մտածել: Բարոզուն եկավ այստեղ և խոսեց 4 սկզբունքներից, որով նրանք գալիս են Հայաստան:

Դրանք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը: 4-ն էլ բացարձակ կեղծիք են: Տարածաշրջանում եվրոպական քաղաքականության մեջ դրանք որևէ տեղ չեն զբաղեցնում: Հերիք է տեսնել, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարվեց Եվրոպայի վերջին դիկտատոր, և Բարոզուն մոտ կես տարի առաջ հրաժարվեց նրա հետ հայտնվել բանակցությունների նույն սենյակում, և նույն օրերին հանգիստ գնաց և հանդիպեց Իլհամ Ալիևին, լուսանկարվեց նրա հետ և ողջունեց: Շատ քնքուշ դիտողություններ են անում Ադրբեջանին, որտեղ ամեն օր բանտերում մարդիկ են սպանվում:

Լուկաշենկոն շատ հեռու է դրանից: Ո՞րն է հարցերի հարցը Եվրոպայի համար: Մի բանով է Լուկաշենկոն տարբերվում կովկասյան ղեկավարներից. նա չի թողնում, որ իր երկիրը թալանեն միջազգային կողոպուտի համակարգերը, այստեղի ղեկավարները թույլ են տալիս: Դրա համար սրանք բոլորը դեմոկրատ են, իսկ Լուկաշենկոն դիկտատոր է: Այսինքն` պետք է հստակ հասկանանք, որ Բարոզուն և մյուսները ներկայացնում են համաշխարհային խոշորագույն կողոպուտի համակարգերից մեկի շահերը, և նրանց խոսքերի ետևում ուրիշ բան փնտրել պետք չէ:

Ժողովրդավարություն և այլն, դրանք ընդամենը շղարշ են և գործիք: Ի՞նչ ժողովրդավարություն, Հունաստանի ժողովուրդը համաձա՞յն է նրա հետ, ինչ որ անում են իր գլխին, Իսպանիայի ժողովուրդը համաձա՞յն է, Իտալիայի ժողովուրդը համաձա՞յն է: Ժողովուրդները բոլորը փողոցում բողոքում են, նրանք պահանջում են, որ կարգերը փոխվեն, որովհետև ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց մի խումբը յուրացնում է ամեն ինչ, իսկ մյուսները մնում են առանց տուն, օրինակ` Իսպանիայում, և մարդիկ ուրիշ ելք չեն գտնում` ինքնասպանություն կատարելուց բացի: Այս ամենը հստակ պատկերացնելով` պետք է հասկանանք` ո՞ւր են մեզ կանչում և ինչո՞ւ են կանչում:

Ի դեպ, մեզ Եվրոպա չեն կանչում, մեզ կանչում են` կանգնել Եվրոպայի շքամուտքի մոտ, որովհետև մենք պետք ենք կողոպուտի, դիրքերը հաստատելու համար, և վե՛րջ: Այսինքն` ոչ թե մենք եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն ենք, դրա համար: Իհարկե, եվրոպական քաղաքակրթության մասն ենք. Հայաստանից հնչող իմպուլսները հսկայական դեր են կատարել եվրոպական քաղաքակրթության զարգացման մեջ: Բայց այս ամենը որևէ կապ չունի այսօրվա նրանց կատարած քայլերի հետ:

Այդ Եվրոպայի հետ մենք պետք է աշխատենք, Եվրոպայի ժողովրդի հետ` անկասկած, բայց այս Եվրոպայի հետ, ով այսօր մեզ հետ խոսում է ինտեգրացիայից և այլն, պետք է վերաբերվենք` ինչպես ցանկացած գրպանահատի: Ներողություն, երբ ասում եմ` գրպանահատ, նկատի ունեմ մերոնց, նրանք «ջեբկիր» են: Պետք է մշակենք Եվրոպայից զգուշանալու արվեստ, բայց ոչ եվրոպական քաղաքակրթությունից. մենք Մոցարտի, Բեթհովենի, Հեգելի Եվրոպայի հետ խնդիր չունենք:

– Իսկ ո՞րն է այդ համակարգի հակադրությունը, Եվրասիակա՞ն միությունը:

– Այսօր Եվրասիական միությունը զուտ աշխարհաքաղաքական նախագիծ է: Իմ կարծիքով` այն ստեղծվեց` որպես հակադրություն Եվրոպայի Հարևանության քաղաքականությանը: Այսինքն` Եվրոպան ասաց. «ես ուզում եմ քո շրջապատը հավաքեմ, ո՞նց ես նայում դրան», Ռուսաստանն էլ ասաց. «վատ եմ նայում, էդ ժամանակ ես կհավաքեմ»: Հիմա մարդկությունը չունի քաղաքակրթական նախագիծ, որով կարող է առաջնորդվել, և առաջին հերթին` չունի «հյուսիսային» քաղաքակրթական համակարգը:

«Հյուսիսային» ասելով` նկատի ունեմ Միացյալ Նահանգները, Եվրոպան և նախկին Խորհրդային Միության տարածքը: Նրանց համար մշակված որևէ բան չկա, և այս տեսակետից` օգտվել այդ եվրասիական առաջարկից և փոխադարձ առաջարկով հանդես գալը ճիշտ է: Եկեք աշխատենք, հասկանանք` ի՞նչ աշխարհ ենք ուզում կառուցել: Սա շատ ճշգրիտ առաջարկ է: Եվրոպան ուրիշ է. նա երբ առաջարկ անում է, ասում է` «ես արդեն ունեմ իմ սարքածը», ճիշտ է` ունես կողոպուտի համակարգը, մեզ էլ ուզում ես մտցնել դրա մեջ:

Իսկ այնտեղ առայժմ դատարկ տեղ է. Ռուսաստանը չունի որևէ քաղաքակրթական առաջարկ և Եվրոպայի պոչից ընկած` վերցրել է նույն Եվրոպայի շատ ավելի անհաջող կլիշեն և զբաղված է սեփական ժողովրդի կողոպուտով, ինչպես և մենք, և մյուսները: Բայց եթե Ռուսաստանը փորձում է դիմակայել մյուս աշխարհաքաղաքական ուժին, պետք է օգտվենք այդ առաջարկից և հաստատենք նոր քաղաքակրթական մոդել:

Տեսանյութեր

Լրահոս