«Վե՞րջ, մեր պայքարն ավարտված է, և պատրաստ ենք ընդունե՞լ Թուրքիայի նախապայմանը». Աննա Կարապետյան
«Թուրքիան այն երկիրն է, որն ընդամենը 6 ամիս առաջ շատ ակտիվ աջակցում էր Ադրբեջանին՝ պատերազմի ժամանակ, Թուրքիան այն երկիրն էր, որը Սիրիայից ահաբեկիչներ էր տեղափոխում տարածաշրջան և նրանց ուղղում Արցախի դեմ, Թուրքիան այն երկիրն է, որն առայսօր նախապայմանների լեզվով է խոսում Հայաստանի հետ, հնչեցնում է սպառնալիքներ: Բայդենի հայտարարությունից մեկ օր առաջ Էրդողանը մեծ ելույթ ունեցավ, որի մեջ հերթական անգամ սպառնալիքներ էին՝ ուղղված հայ ժողովրդի հասցեին, մեղադրանքներ, սուտ, կեղծիք և այլն: Եվ այս համատեքստում հայկական կողմի հիմնական շեշտադրումը՝ որպես բարիդրացիություն, հարաբերությունների կարգավորում և այլն, ուղղակի իրական քաղաքականությանը ոչ մի կերպ չհամապատասխանող է և իրենից բխող մի շարք ռիսկեր ստեղծող»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությանը:
Մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունից հետո Թուրքիայում հիստերիայի մեջ են, Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի Թուրքիայի հետ երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար:
Աննա Կարապետյանը նկատեց. «Ստացվում է, որ հայկական կողմը մարսել է պատերազմը, մարսել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, հռետորաբանությունը, մարսում է այսօր առկա անվտանգային լրջագույն սպառնալիքները, որոնց մենք առերեսվում ենք Սյունիքում, և այդ ամենի ներքո կարևորում է բացառապես սահմանների բացվելը, կոմունիկացիաների վերականգնվելը և Թուրքիայի հետ եղբայրությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական»:
Փորձագետը հիշեցրեց, որ 2010թ. մեկնարկած հաշտեցման գործընթացի տապալողը հենց թուրքական կողմն էր. «Թուրքիայի կողմից առաջադրված նախապայմանները ձախողեցին այս տարիների ընթացքում միակ շատ թե քիչ հավանական գործընթացը, որը կարող էր բերել իսկապես հաշտեցման: Եվ առ այսօր Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից: Այդ նախապայմանների մեջ մշտապես եղել է արցախյան հակամարտությունը ի նպաստ Ադրբեջանի կարգավորելը: Այդ նախապայմանը եղել է և պահպանվում է: 2010թ. էլ նրանց հիմնական թեզը այն էր, որ՝ Ադրբեջանը չի ընկալում, որ մենք գնանք ձեզ հետ հաշտեցման: Այսօր էլ Թուրքիան իր այդ նախապայմանից չի հրաժարվում:
Այս տարվա հունվարին Չավուշօղլուն հայտարարեց, որ իրենք պատրաստ կլինեն անդրադառնալ այդ հարցին, եթե հրադադարը պահպանվի, և հաշվի են առնելու Ադրբեջանի կարծիքը, այսինքն՝ որքանով Ադրբեջանը բավարարված կլինի զարգացումներից, դրանից կբխի՝ Թուրքիան կգնա՞ հաշտեցման, թե՞ ոչ: Մյուս նախապայմանը մշտապես եղել է Ցեղասպանության ճանաչման պայքարից հրաժարումը: Այսօր, երբ հայկական կողմը հայտարարում է, որ Բայդենի հայտարարությունը ճանապարհ է հարթում հաշտեցման համար, հարց է առաջանում՝ այսինքն՝ ստացվում է, որ հայ ժողովրդի միակ երազանքն այն էր, որ ԱՄՆ նախագահն արտասանի «ցեղասպանություն» բառը, և դրանով համարում ենք, որ վե՞րջ, մեր պայքարն ավարտված է, և արդեն երկխոսության մասի՞ն ենք խոսում: Այսինքն՝ ստացվում է ինչ՝ մենք պատրաստ ենք ընդունել Թուրքիայի այդ նախապայմա՞նը:
Եվ երրորդ նախապայմանը Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջատիրությունից հրաժարումն էր՝ թե՛ տարածքային, թե՛ կոմպենսացիաների և այլն: Այսօր այս մասին հայկական կողմն ընդհանրապես չի խոսում, և կրկին հարց է առաջանում՝ երբ մենք այս համատեքստում կարևորում ենք բացառապես կոմունիկացիաների վերականգնումը և սահմանների բացումը՝ տնտեսական ինչ-որ դիվիդենտներ ակնկալելով, ի՞նչ՝ մենք հրաժարվո՞ւմ ենք Թուրքիայի հանդեպ որևէ պահանջատիրությունից»:
Աննա Կարապետյանն ընդգծեց. «Մենք տեսնում ենք, որ Թուրքիան այսօր որևէ կերպ չի պատրաստվում հրաժարվել իր նախապայմաններից: Հակառակը՝ այս Նախիջևանի միջանցք կոչվածը, որ նրանք առաջ են տանում Ադրբեջանի հետ, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ Թուրքիան այդտեղ առաջնային դերակատար է, ունի շատ առաջնային շահ, որովհետև իր համար կարևոր է ստանալ ուղիղ կապ Ադրբեջանի հետ, որպեսզի թյուրքական աշխարհի միավորման գործընթաց տեղի ունենա, ինչը մեծացնելու է իր ազդեցությունը տարածաշրջանում: Ուստի, ընդհանրապես անհասկանալի է՝ այս իրողությունների պայմաններում ինչպե՞ս է հայկական կողմը չկարևորելով այս նշված գործոնները, չանդրադառնալով այդ գործոններին՝ շեշտադրումը բացառապես կատարում եղբայրության, կոմունիկացիաները բացելու և հաշտեցման վրա»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում