Բաժիններ՝

ԱՄՆ-ն պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա. Կոնգրեսական Փալոնե

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կարծում է, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նմանօրինակ գործողություններն աշխարհի տարբեր կետերում շարունակվում են:

Նա կարևորել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը

«Մենք չենք կարող մոռանալ օսմանյան թուրքերի կողմից միլիոնավոր հայերի, ինչպես նաև ասորիների, հույսների և այլ կրոնական փոքրամասնությունների սպանդը, որը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Սակայն այսօր մտահոգությունները ցեղասպանությունների վերաբերյալ շարունակվում են:

Նախորդ տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, որի ընթացքում Արցախի դեմ հարձակման ժամանակ նոր կոտորածներ կազմակերպվեցին ադրբեջանցիների և թուրքերի կողմից, մեզ հիշեցրեց, որ խնդիրն անցյալում չի մնացել»,- նշել է Փալոնեն՝ ընդգծելով, որ պատերազմի ընթացքում հայերի դեմ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, ռմբակոծվել են քաղաքացիական բնակավայրեր:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ հայերի դեմ թուրք-ադրբեջանական ուժերն անգամ այլ երկրներից բերված վարձկանների են օգտագործել: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրենց հայտարարություններում անգամ չեն էլ թաքցնում իրենց երազանքները՝ Արցախի տարածաշրջանը հայերից մաքրելու վերաբերյալ:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն այստեղ ավելի առանցքային դերակատարում պետք է ունենա՝ վերջ տալով ագրեսիային, թուրքերի ծավալապաշտական նկրտումներին: Նա պետք է օգնի Արցախի անմեղ քաղաքացիներին՝ բնակվելու սեփական հողի վրա:

ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն ասես «ձեռքերը լվացել էր» տարածաշրջանից, և կարծում եմ՝ հենց դա էր գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու թուրքերն ու ադրբեջանցիները որոշեցին հարձակվել Արցախի վրա»,- հայտարարել է Փալոնեն:

Նա հիշեցրել է, որ ավելի քան հարյուր կոնգրեսականների ստորագրությամբ նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Բայդենին՝ կոչ անելով օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավոր գործիքները Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս