«Եվրոպայի 247 ակումբներից 244-ը մեր կողմից են»․ ՈՒԵՖԱ-ի նախագահ
Սուպերլիգայի ստեղծման մասին լուրերից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է եվրոպական ակումբների աջակցության մասին:
«Համագումարից անցած 24 ժամվա ընթացքում շատ բան է տեղի ունեցել: Բայց դեռ շատ նորություններ են ակնկալվում։
Կարծում եմ, որ նրանք, ովքեր խոսում են այս իրավիճակում բացարձակ հանգստության մասին, ստում են: Նրանք հայտնվում են շատ բարդ իրավիճակում, ոչ թե ՈւԵՖԱ-ն, որն իր կազմում ունի 235 ակումբ՝ 247 ակումբներից: Չնայած… Արդեն 244։ Նրանք բոլորը մեզ հետ են: Երեկ աջակցության խոսքերով հաղորդագրություններ եմ ստացել Եվրոպայի բառացիորեն յուրաքանչյուր ակումբից:
Այսպիսով, այժմ մենք սպասում ենք, որ բոլորը գիտակցեն իրենց սխալները և կրեն հետևանքները: Այս մասին մենք կխոսենք հաջորդ շաբաթ»,- ասել է Չեֆերինը:
Հավանաբար խոսքը «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Յուվենթուսի» մասին է, որոնք չեն հրաժարվել Սուպերլիգա ստեղծելու իրենց ծրագրերից:
Սիրարփի Աղաբաբյան