Բաժիններ՝

Ֆիզիկա և Ինֆորմատիկա առարկաներից ունենք մտահոգիչ իրավիճակ

Դպրոցականների առարկայական օլիմպիադաներն այլևս չեն համարվում կրթության որակի չափման միջոց։ Բայց օլիմպիադայի արդյունքները մոտավոր պատկեր են տալիս մեր կրթության և գիտության վերաբերյալ։ Փորձենք հասկանալ, թե ինչ վիճակում է Հայաստանը դպրոցականների օլիմպիադաների ասպարեզում։ Օրերս www.olymp.am կայքում հրապարակվեց դպրոցականների օլիմպիադաների այս տարվա վիճակագրությունը։

Հայաստանում դպրոցականների օլիմպիադաներն անցկացվում են 16 առարկաներից։ Հանրապետական փուլին մասնակցել են 1466 աշակերտներ, որոնցից 517-ը՝ Երևանից։ Կան մարզեր, որոնցից ոչ մի աշակերտ չի մասնակցել մի քանի առարկաների հանրապետական փուլին։ Դրանք հիմնականում ճշգրիտ և բնագիտական առարկաներից են։ Հատկապես ուզում եմ նշել այն հանգամանքը, որ Ինֆորմատիկա առարկայից հանրապետական փուլին ամբողջ երկրից մասնակցել է ընդամենը 24 դպրոցական (միջին չափի մի դասարան), որոնցից 22-ը՝ Երևանից, 2-ը՝ Շիրակի մարզից։ Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ Հայաստանը ՏՀՏ կենտրոն է դառնում, մեծ ներուժ ունենք, մեծ աշխատանքներ են կատարվում։ Բազմաթիվ կազմակերպություններ աշխատում են մարզերում։ Բայց Ինֆորմատիկա առարկայի հանրապետական օլիմպիադային մասնակցում են Երևանը և Շիրակը։ Սա խոսում է այն մասին, որ դպրոցներում Ինֆորմատիկա առարկայի դասավանդումը ձախողված է։ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաներից նույնպես մասնակիցների առյուծի բաժինը Երևանից են։ Հատկապես մտահոգիչ է Ֆիզիկայի վիճակը։ Հայաստանի 4 մարզերից ոչ մի դպրոցական չի մասնակցել Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադային։ Այլ իրավիճակ ունենք Քիմիա և Կենսաբանություն առարկաների պարագայում։ Այստեղ ամենաշատ դպրոցականներ մասնակցել են Շիրակի մարզից։ Շիրակն առաջատար է նաև Աշխարհագրություն առարկայի մասնակցության տեսանկյունից։ Լեզուների և հումանիտար առարկաների դեպքում Երևանի և մարզերի մասնակցության ցուցանիշը համեմատաբար հավասար է։

Հիմա վերլուծենք օլիմպիադաների արդյունքները։ Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաներից առաջին կարգի բոլոր դիպլոմները նվաճել են երևանցիները։ Ֆիզիկա առարկայի վիճակը ծայրահեղ մտահոգիչ է։ Այս առարկայից բոլոր դիպլոմները և գովասանագրերը ստացել են երևանցի դպրոցականները։ Այսինքն՝ Հայաստանի մարզում բնակվող ոչ մի դպրոցական Ֆիզիկա առարկայից անգամ գովասանագիր չի նվաճել։ Սա պետք է ազդանշան լինի նախարարության համար։ Մաթեմատիկայի վիճակը մի փոքր հուսադրող է։ Մարզերի դպրոցականները նվաճել են մեկական 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ և 11 գովասանագրեր։

Քիմիա և Կենսաբանություն առարկաներից Երևանի և մարզերի միջև տարբերություններն ավելի փոքր են։ Կարող ենք ասել, որ Կենսաբանություն առարկայից Երևանը նույնիսկ առաջատար չէ։ Բայց այս երկու առարկաների պարագայում էլ այլ խնդիր կա։ Դիպլոմներ նվաճած աշակերտների թիվը շատ փոքր է։ Օրինակ՝ Կենսաբանությունից առաջին կարգի դիպլոմ է նվաճել ընդամենը 1 աշակերտ։ Ուրախալի է, որ այդ աշակերտն արցախցի է՝ Գևորգ Ավանեսյան։ Ամբողջ հանրապետությունում ընդամենը 15 աշակերտ է դիպլոմ ստացել Կենսաբանությունից։ 23 հոգի էլ Քիմիայից է դիպլոմ ստացել։

Ինֆորմատիկա առարկային մասնակցել են միայն երևանցի և շիրակցի դպրոցականները։ Այստեղ հուսադրող է միայն այն, որ շիրակցի 2 դպրոցականներն էլ ձեռնունայն չեն մնացել։ Նրանցից մեկը նվաճել է 3-րդ կարգի դիպլոմ, մյուսը՝ գովասանագիր։ Աշխարհագրություն առարկայից մարզերը Երևանի հետ հավասար մրցակցում են։

Հայ գրականություն առարկայի օլիմպիադայում առաջատար են Շիրակի և Լոռու մարզերը։ Ընդամենը 4 դպրոցական է նվաճել առաջին կարգի դիպլոմ, որոնցից 2-ը Շիրակից են, 2-ը՝ Լոռուց։ Երևանցիներն առաջին կարգի դիպլոմ չունեն նաև Հայոց լեզվից։ Այստեղ 2 դպրոցական են ստացել առաջին կարգի դիպլոմ՝ Լոռուց և Տավուշից։

Հայոց պատմությունից առաջատարը Երևանն է։ Բայց այստեղ մարզերի դպրոցականները և, հատկապես՝ շիրակցիներն իրենց լավ են դրսևորել։ Երևանի և Շիրակի տարբերությունը շատ մեծ չէ։ Խորհրդանշական է, որ Հայ եկեղեցու պատմություն առարկայից առաջատարն Արարատի մարզն է։ Առաջին կարգի 5 դիպլոմներից 2-ը նվաճել են արարատցի դպրոցականները։

Անգլերեն, Ֆրանսերեն և Գերմաներեն առարկաներից առաջատարը երևանցիներն են։ Բայց մարզերի դպրոցականները նույնպես կարողացել են նվաճել դիպլոմներ։

Թեև դպրոցական առարկաների ցանկից Աստղագիտությունը վաղուց հանվել է, բայց Հայաստանում դեռևս այդ առարկայից օլիմպիադա է անցկացվում։ Այս տարի այդ օլիմպիադիային մասնակցել է 12 դպրոցական, որոնցից 2-ը Սյունիքից են, մյուսները՝ Երևանից։ Ինչպես Ֆիզիկայի, այնպես էլ՝ Աստղագիտության պարագայում բոլոր մրցանակները նվաճել են երևանցիները։

Դպրոցներից առաջատարը Երևանի Ֆիզմաթ դպրոցն է, որի աշակերտները նվաճել են 63 դիպլոմ և 36 գովասանագիր։ Երկրորդ տեղում «Քվանտ» վարժարանն է՝ 33 դիպլոմ և 16 գովասանագիր։ Մնացած դպրոցները քիչ թվով մրցանակներ ունեն։ Ուրախալի է, որ առաջատարների թվում ունենք գյուղական դպրոց։ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի դպրոցականները նվաճել են առաջին կարգի 2 դիպլոմ։

Այսպիսով, Ֆիզիկա և Ինֆորմատիկա առարկաների պարագայում ունենք լրջագույն խնդիր։ Այս առարկաները միայն Երևանում են կենտրոնացած։ Մաթեմատիկայից նույնպես մարզերը հետ են մնում։ Մնացած առարկաներից որակը ցածր է, բայց տարբերությունները մեծ չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս