«Հիմա վախենամ, որ որոշ երկրներում, որտեղ միապետներ կան, կգան ու պրակտիկա կանցնեն Նիկոլ Փաշինյանի մոտ». Լարիսա Ալավերդյան

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին Սյունիք կատարած այցից հետո, երբ հանդիպել էր սյունեցիների բողոքներին, որոնք նրանից պահանջել  էին հեռանալ Սյունիքից, այցի ավարտին հենց մարզպետարանում խորհրդակցություն էր հրավիրել՝ հրահանգելով հրապարակավ պատասխանատվության ենթարկել իր դեմ բողոքող անձանց։

Նիկոլ Փաշինյանի այս հրահանգից հետո իրավապահները սկսեցին բերման ենթարկել ու ձերբակալել մարզի մի շարք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալներին, պատերազմին մասնակցած սյունեցիների, ընդ որում, օգտագործելով բիրտ ուժ։

Հիշեցնենք, որ այդ խորհրդակցությանը մասնակցում էին ԱԱԾ և ոստիկանության պետերը, որոնք այդ օրը շտապել էին Սյունիք, իշխանական պատգամավոր։

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով իրավապահների գործողություններին, Փաշինյանի հրահանգին, նաև իրավապահների բիրտ ուժի կիրառումն իշխանության ներկայացուցիչների կողմից արդարացնելուն, նախ ասաց, որ սյունեցիներն ազատ արտահայտել են իրենց կարծիքը, որևէ բռնության չեն դիմել, այլ օգտվել են իրենց ազատ արտահայտվելու իրավունքից՝ իրենց կարծիքը հասցնելու իշխանությանը։

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա, ըստ Լ․ Ալավերդյանի՝ նրանք ցուցադրաբար ոտնահարել են երկու կոնվենցիաների ամենակարևոր նորմերը։

«Առաջինը՝ նրանք դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել անձանց նկատմամբ, կոնվենցիայով նրանք բոլոր հոդվածները խախտել են։ Իրավապահները կիրառել են ոչ համաչափ ուժ՝ չարաշահելով իրենց լիազորությունները։ Երկրորդը՝ փաստորեն նրանք այդ ամենն արել են ցուցադրաբար, ինչը նշանակում է, որ դա քաղաքական նշանակություն ու ուղղություն ունի՝ վախեցնել բոլոր մնացածներին, պատժել անձանց, ովքեր փորձել են օգտվել իրենց իրավունքից և արտահայտել են սեփական կարծիքը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ հայ իրավապահների գործողությունները տեսնելուց հետո ակամայից հիշել է ադրբեջանցիների կողմից Կարեն Ղազարյանին պատանդ վերցնելու գործողությունները, որից հետո արդեն իրենց համար պարզ էր դարձել, որ Կարեն Ղազարյանին թշնամին սպանելու է։

«Եթե այս ամբողջ գործընթացները դիտարկենք մեկ ամբողջության մեջ, ապա ստացվում է, որ իշխանությունը հայ ժողովրդի համար ստեղծում է անպիսի պայմաններ, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք լքեն իրենց հայրենիքը։ Իսկ դա նշանակում է, որ նրանք խախտում են Ցեղասպանության արգելքի և այլ հանցագործության պատժելիության մասին  կոնվենցիայի երկրորդ հոդվածը»,- հավելեց Լ. Ալավերդյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, որոնք նա Սյունիքի մարզպետարանում տվեց իրավապահներին, Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ այդ ամենը դատական իշխանության նկատմամբ երկրի ղեկավարի վերաբերմունքն էր։

«Նույնիսկ միապետները այդպիսի բան չեն անում, և ես հիմա վախենամ, որ որոշ տեղերում, որտեղ միապետներ կան, կգան ու պրակտիկա կանցնեն Նիկոլ Փաշինյանի մոտ։ Այլ խոսքով՝ սա լիազորությունների չարաշահում էր, սահմանադրական կարգի ամբողջական խախտում, այն նորմերի, որոնք ուղղակի վերաբերում են պետականաշինությանը։ Այսինքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն գործը, որը արել է 2018 թվականի ապրիլին․ այն է՝ տապալելով սահմանադրական կարգը, զավթել իշխանությունը և ոչնչացնել ոչ միայն պետությունը, այլև ժողովրդի համար ստեղծել այնպիսի պայմաներ, որ նրանք լքեն երկիրը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Տեսանյութեր

Լրահոս