«Վարչապետը որևէ մեկի տուն չի մտել առանց թույլտվության». Լիլիթ Մակունցը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին

Ապրիլի 19-ի երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտնի մեկնել էր Սյունիք, երեկոյան Շուռնուխում գնացել է բնակիչներից մեկի տուն՝ առանց տեղյակ պահելու կամ թույլտվություն հարցնելու։ Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ այդ այցից լուսանկար էր հրապարակել, ինչը առաջ էր բերել ընտանիքի դժգոհությունը, քանի որ առանց իրենց կամքը հարցնելու՝ ներխուժել էին իրենց տուն, այնուհետև առանց թույլտվություն հարցնելու՝ լուսանկարել ու հրապարակել  էին։

Այդ պատմությանն անդրադարձել էր Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ իր համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: «Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,- նշել էր Լ. Տեր-Պետրոսյանը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով Առաջին նախագահի այս բնորոշմանը և Նիկոլ Փաշինյանի հայտնվելուն շուռնուխեցու տանը, նշեց. «Վարչապետը որևէ մեկի տուն չի մտել առանց թույլտվության։ Իմ տեղեկատվությամբ՝ վարչապետը չի մտել նրանց բնակարան՝ առանց թույլտվության»։

Նշենք, որ կինը, ում բնակարան էին ներխուժել վարչապետը, Ալեն Սիմոնյանը, ասել էր, որ նրանք ներխուժել են իրենց տուն։ Լրատվամիջոցներին նա մանրամասներ էր պատմել։

«Կանչում էին, դուրս եկա, իր ախրաննիկներից էր, թե ով էր՝ չեմ իմանում, բա՝ ուզում ենք գանք, ասի՝ ոնց թե ուզում եք գաք, ես Փաշինյանին չեմ ընդունում։ Դուռը փակեցի, մտա ներս, երկու րոպե չանցած դուռը թակեցին, բացեմ տեսնեմ՝ Փաշինյանն իր ամբողջ անձնակազմով ՝ ախրաննիկներն էլ ակրուժիտ արած, դիմակավորված մասկեքով։ Կեսը դրսից էին եկել, մյուս կեսն էլ, երևի, հայաթի ներսից էին մտել, ակրուժիտ արեցին տան բոլորը։ Դա ձև չի, էլի, տանը փոքր երեխա կա, դա վարչապետի պահվածք չէ։ Ահավոր վախեցել եմ, երեկվանից ոտքերս դողի մեջ է, առանց այդ էլ վախով քնում ու արթանում էինք։ Ինչը ճիշտն է, ես իր հետ բառ չեմ փոխանակել։ Առավոտյան արթնացել եմ, տեսնեմ՝ լուսանկարները հրապարակել էին, տունը ակրուժիտ էին արել, կարծես թե մենք հանցագործներ էին, չեմ մտածել, որ կնկարեն, կգցեն»,- ասել էր շուռնուխեցին Նաիրա Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս