Լելե Թեփեի օպերացիայի փաշինյանական առեղծվածը

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում, հիմնականում անդրադարձել էր Արցախյան վերջին պատերազմին, ներկայացրել որոշ մանրամասներ մարտական գործողությունների իրականացման վերաբերյալ քննարկումներից։

Հերթը հասավ նաև ապրիլյան պատերազմից հետո պարբերաբար քննարկվող Լելե Թեփե բարձունքը  կորցնելու, իսկ 2020-ի աշնանային պատերազմի ընթացքում՝  վերագրավման օպերացիային և դրա շուրջ Ստեփանակերտի բունկերում անցկացված քննարկմանը: Երկու օր առաջ Փաշինյանը  խորհրդարանի ամբիոնից հնչեցրած իր ելույթում շեշտեց, որ այո՛, ինքն այդ քննարկմանը ներկա է եղել, սակայն առաջարկությունն արել է գեներալ, հրամանը տվել է գեներալ, օպերացիան իրականացնողը եղել է գեներալ։

«Հիմա էլ ասում են՝ ես որոշում եմ կայացրել, որ այ, Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել ա, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն, կատարյալ անհեթեթություն։ Այդ օպերացիան՝ առաջարկի հեղինակը եղել է գեներա՛լ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներա՛լ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումը իրականացրել է գեներա՛լ, և որոշումը կայացրել է գեներա՛լ, և ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»,- ԱԺ ամբիոնից հայտարարել էր Փաշինյանը։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը Լելե Թեփե օպերացիայում կոնկրետ գեներալներին մեղադրելուց 1 ժամ հետո, նույն ամբիոնից՝ իշխանական խմբակցության անդամ պատգամավորի հարցին ի պատասխան՝ հերքեց, որ Լելե Թեփեն գրավելու օպերացիա ընդհանրապես եղել է․

«Ես երևի ավելի մանրամասն պարզաբանումներ պետք է անեմ։ Այդ դրվագի հետ Լելե Թեփե բարձունքն ընդհանրապես ոչ մի կապ չունի, դա ներմուծվել է որպես քարոզչական հնարք՝ ցույց տալու համար, թե այնտեղ օպերացիա է եղել, ինչ-որ մի հատ սար իշխող ուժի կամ վարչապետի քարոզչական  նպատակն է իրագործել։ Այդ քննարկումների ընթացքում Լելե Թեփե անուն կամ «Լալա Լագի», ուրիշ ձև էլ են ասում, չի քննարկվել, դրա մասին խոսակցություն չի եղել։ Դա հետո ներմուծվել է՝ որպես քարոզչական տրյուկ ձեզ հայտնի շրջանակների կողմից․․․»։

Իհարկե, սա ոչ առաջին, գուցեև ոչ վերջին դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը հերքում է իր նախորդ կարծիքը կամ հայտարարությունը,կամ էլ  նոր հայտարարությամբ փորձում է շտկել  նախորդի բացթողումները կամ սխալները…..

Հիշեցնենք՝  Փաշինյանը պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Արցախ էր մեկնել (պատերազմի 44 օրերի ընթացքում դա Փաշինյանի միակ այցն է եղել Արցախ), ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և կից գրառում կատարել․

«Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»:

Ֆեյսբուքյան էջում Փաշինյանի հրապարակած տեսանյութի կադրերում երևում են՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ ժամանակ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, նույն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գնդապետ Արգիշտի Քյարամյանը,  Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանը: Ի դեպ, գեներալներից երկուսը՝ զինվորական:

Տեսանյութեր

Լրահոս