Ինչպե՞ս Էջմիածնում հայերն ըմբոստացան եկեղեցու դեմ ուղղված ցարական որոշմանը
Հայ ժողովրդի պատմության հաստափոր գրքերում ամփոփված են բազմաթիվ պատմական փաստեր ու պատմություններ այն մասին, թե ինչպե՞ս է Հայոց եկեղեցին հալածանքի ենթարկվել օտարների, թշնամիների կողմից։ Այդ հալածանքներին դիմակայելով՝ Հայոց եկեղեցին կարողացել է պահպանել իր ոգին և անհատականությունը։ Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, Հայոց եկեղեցին է կազմակերպել հայ ազգի ինքնության պահպանումը։ 20-րդ դարասկզբին հերթական հալածանքը տեղի ունեցավ մեր եկեղեցու դեմ։ Այս անգամ ցարական իշխանությունը փորձեց Հայոց եկեղեցուն վատ դրության մեջ դնել։
1903 թվականին ցարական հրովարտակով հայոց եկեղեցիները զրկվում են իրենց կալվածքներից, գույքից և այդ ամենը պետք է վերցվեր արքունիքի կողմից։ Այդ որոշումը բորբոքում է Էջմիածնի, ինչպես նաև այլ քաղաքների, գյուղերի բնակիչներին։ Ոտքի է ելնում ողջ հայությունը և որոշում է դեմ դուրս գալ այդ հրովարտակի կայացմանը։ Հատկանշական է, որ համաժողովրդական ընդվզման առաջին շարքերում հայ մտավորականներն էին, երևելիներն ու արվեստի գործիչները։ Այդ օրերի իրադարձությունների մասին բացառիկ հուշ է ներկայացնում հայ անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանը։ Աճառյանը մանրամասնությամբ պատմում է եկեղեցու ըմբոստ «կռվի» մասին` ցարական հրովարտակի դեմ։
«Ազգային մարմինները և ամբողջ ժողովուրդը մի մարդու պես դուրս եկան այս հրամանի դեմ։ Պահանջեցին հոգևոր իշխանությունից և հատկապես կաթողիկոսից, որ չստորագրեն հրամանը և կալվածքները չհանձնեն։ Կառավարությունը կարող էր բռնի ուժով գրավել այդ բոլորը` իբրև ավազակ։ Էջմիածնում ևս կազմակերպվեց դիմադրություն։ Մի քանի երիտասարդներ ներկայանում են կաթողիկոսին և առաջարկում են, որ կաթողիկոսը չստորագրի. «Խա՜, ո՞ւր էիք դուք, երբ Հայրիկը երիտասարդ էր, ձի նստած գյուղե-գյուղ ման կուգար և ժողովրդին հեղափոխություն կսովորեցներ։ Գացե՜ք, Հայրիկը գիտե իր անելիքը, ձեր խրատին պետք չունի»։ Երիտասարդներն ուրախացած մեկնում են։
Երևանում նույնպես կազմակերպվում է ժողովրդական ցույց` առաջնորդարանի առաջ։ Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը երկու ընկերներով վերցնում են առաջնորդ Սուքիաս եպիսկոպոս Պարզյանին և գնալով Էջմիածին, ներկայանում են կաթողիկոսին և հանուն ազգի և ժողովրդի պահանջում են, որ չստորագրի։ Կաթողիկոսը խոստանում է։
Թղթեր են գալիս նաև Կոստանդնուպոլսի պատրիարքարանից և պահանջում են չտալ մեր ազգային գումարները կառավարությանը, որովհետև նրանք ոչ թե պատկանում են միայն ռուսահայոց, այլև մեծագույն մասամբ հնդկահայոց, պարսկահայոց, տաճկահայոց, ամերիկահայոց և այլն։
Հասնում է վճռական օրը։ Նահանգապետ կոմս Դիզենհաուերը ներկայանում է կաթողիկոսին և խնդրում է, որ ստորագրի, կաթողիկոսը մերժում է։ Կոմսը մի քանի անգամ կրկնում է իր խնդրանքը, բայց կաթողիկոսը պատասխանում է.
- Գնա՜, գնա՜ կըսեմ քեզի, կհասկնա՞ս ինչ կնշանակե գնա. Իշտե անոր «փաշոլ» կըսեն։
Դիզենհաուերը մեկնում է։ Կանչում են Վաղարշապատի հայ դարբիններին, որպեսզի կոտրեն գանձարկղը, որի բանալին կաթողիկոսը չէր հանձնած։ հայ դարբինները հրաժարվում են։ Այն ժամանակ կոմսը Երևանից բերել է տալիս ռուս դարբիններ, որոնք տապարներով սկսում են ջարդել գանձարկղը։ Գիշեր էր։ Կաթողիկոսը վերևի հարկում լսում էր այդ հարվածների ձայնը և չդիմանալով` թողնում գնում է Հռիփսիմեի վանքը։ Մինչև լույս դարբինները ջարդում են գանձարկղը և վերջապես կոտրում։ Բաց են անում և գտնում են, ինչպես ասում են, մի մուրհակ և 5 ռուբլի։ Ուրիշներ ասում են, թե մինչև 30 000 ռուբլի եղել է։ Այս եղավ ամեն կողմ։ Գալիցինը, որ կարծում էր, թե Հայոց եկեղեցին միլիոններ ունի, ձեռքը գլխին է խփում և ասում է. «Ես հայերին չեմ ճանաչել»։ (Հատվածը վերցված է Հրաչյա Աճառյանի «Կյանքիս հուշերից» գրքից։ Երևան, 1967թվական, էջ 277-278):
Սակայն պատմությունը ցույց տվեց, որ վատագույնն առջևում է։ Քանի որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղի ունեցան ամենամեծ բռնաճնշումները եկեղեցու դեմ։ Փակվեցին վանքերն ու եկեղեցիները, սպանվեցին ու աքսորվեցին հոգևորականներ։ Մոտ 70 տարի տևած բարդ ժամանակները չկարողացան կոտրել մեր եկեղեցու ոգին, քանի որ Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման հետ մեկտեղ հաղթանակած էջ բացեց նաև Հայոց եկեղեցին։ Սակայն հետագա պատմությունը ցույց տվեց, որ դարեր շարունակ օտարների կողմից մեր եկեղեցու դեմ հալածանքներին պետք է ավելանար ևս մեկ հալածանք, սակայն այս անգամ հայ մարդն ինքը պետք է դուրս գար եկեղեցու դեմ։
Այն նույն հայ մարդը, որ դարեր շարունակ պայքարում էր հալածողների դեմ։ Կալվածքների բռնազավթման հրովարտակի պատմությունը ընդամենը մեկ օրինակ է, որ ժամանակին հայ մարդն ու ազգը եկեղեցու պատիվը պահպանելու համար կարող էր դուրս գալ անգամ ցարական հրովարտակի դեմ, ցույց տալ ուժ և ըմբոստություն։ Սակայն ժամանակները փոխվեցին։ Հայ մարդն իր ըմբոստության ոգին թողեց անցյալում, քանի որ ներկա ժամանակում ազգային արժեքներ կրող մարդիկ քիչ են։ Նոր ժամանակներում հայ մարդու համար ազգային արժեք, եկեղեցի բառերը լոկ բաժակաճառի բաղադրիչ մասնիկ են։ Իսկ իրական արժեքներ պաշտպանող մարդիկ Եռաբլուրում են և դեռ պատերազմական դաշտերում։
Զ.Շուշեցի