«Մեզ մոտ ի սկզբանե պայքարը շատ մակերեսային էր». Հովակիմ Զաքարյան
Հայաստանում մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 750 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 191 491-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 3497 է:
Covid 19-ով պայմանավորված համավարակային իրավիճակը, ըստ պաշտոնական տեղեկությունների, շարունակում է լարված մնալ: Մարտի 29-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, որտեղ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ վիճակագրական տվյալներ են ներկայացվել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի, մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ, և նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է:
168.am-ը կորոնավիրուսային իրավիճակի ու գիտությանն առնչվող վերջին գործընթացների վերաբերյալ մի քանի հարցադրումներ է հղել վիրուսաբան, Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանին.
– Հայաստանում դեռևս համաճարակային իրավիճակը լարված է, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով. ինչո՞ւ ենք այսքան ամիս անց կրկին բախվում նույն խնդիրներին, ինչո՞ւ հնարավոր չի լինում վերահսկել համաճարակային իրավիճակն անգամ կարանտինի գնով:
– Համավարակը շարունակվում է ամբողջ աշխարհում։ Այս մեկ տարվա ընթացքում մենք տեսանք, որ կան երկրներ, որոնք բավական հաջող կերպով պայքարեցին կորոնավիրուսի դեմ, ունեցան մարդկային քիչ կորուստներ, բայց նույնիսկ նման երկրներում չհաջողվեց խուսափել վարակի նոր դեպքերից։
Մեզ մոտ ի սկզբանե պայքարը շատ մակերեսային էր։ Չնայած ամիսներ շարունակ մենք ապրում էինք իրավական տեսակետից արտակարգ դրության մեջ, բայց համաձայնեք, որ մեր կյանքի մեջ ոչ մի արտակարգ փոփոխություն չեղավ։ Որոշ քայլեր ձեռնարկվեցին, որոնք կա՛մ շարունակական չեղան, կա՛մ էլ շատ վատ կազմակերպվեցին, օրինակ, դիմակների կրումը հանրային վայրերում։ Արդյունքում՝ ունենք նման պատկեր։
– Արդյո՞ք այս ամիսներին չի ձևավորվել կոլեկտիվ իմունիտետ:
– Ես բազմիցս նշել եմ, որ մենք չպետք է հույսներս դնենք կոլեկտիվ իմունիտետի վրա։ Նախ, որովհետև կոլեկտիվ իմունիտետի համար պետք է առնվազն 2 մլն-ից ավել մարդ վարակվի։ Դա նշանակում է, որ տասնյակ-հազարավոր նոր զոհեր կլինեն։ Բացի այդ, մենք մինչև հիմա չգիտենք, թե որքանով կարող է մեր իմունիտետը երկարատև լինել կորոնավիրուսի հանդեպ։ Եթե իմունային հիշողությունը կարճ է, ապա կոլեկտիվ իմունիտետը կլինի շատ կարճատև և անկայուն։
Եվ վերջապես, մենք գործ ունենք ՌՆԹ վիրուսի հետ, որն էվոլյուցիա է ապրում, ենթարկվում է փոփոխությունների յուրաքանչյուր վարակակրի օրգանիզմում։ Եթե մենք թույլ տանք, որ վիրուսն այդքան շատ տարածվի, նշանակում է՝ պետք է պատրաստ լինենք նոր ենթատեսակների առաջացմանը, որոնց հանդեպ իմունիտետ կարող ենք և չունենալ։
– Ազգային ժողովն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Այստեղ գիտության բաղադրիչը, ըստ մասնագետների, արհեստականորեն միավորվել է բարձրագույն կրթության հետ: Ինչպիսի՞ դիտարկումներ ունեք սույն օրենքի առնչությամբ:
– Գիտեք, ես վաղուց հասկացել եմ մի պարզ ճշմարտություն․ կարելի է ունենալ փայլուն օրենքներ, սակայն չունենալ գիտություն, և հակառակը՝ հզոր գիտություն՝ առանց լավ օրենքների։ Եթե օրենքում չի ամրագրված, թե ինչպես և ինչ տեմպերով է զարգանալու մեր գիտությունը, ապա սպասել, որ այն դրական բեկում կմտցնի մեր գիտական տխուր իրականության մեջ, լրիվ անտեղի է։ Ավելին՝ օրենքի մեջ կան բացթողումներ, որոնք առնվազն ինձ համար անհասկանալի են։ Մասնավորապես, Գիտությունների ակադեմիայի մասին հոդվածում (26) ոչ մի խոսք չկա, որ Ակադեմիան միավորում է գոյություն ունեցող տասնյակ գիտահետազոտական ինստիտուտները, և, որ Ակադեմիայի հիմնական գործառույթը գիտական հետազոտությունների կազմակերպումն ու համակարգումն է։ Փաստացի, նման ձևակերպման բացակայության պատճառով անհասկանալի է դառնում գոյություն ունեցող ինստիտուտների ճակատագիրը։