Բաժիններ՝

Պատերազմից հետո շատերը փորձում են խմել, օգտագործել ինչ-որ նյութեր, որ իրենց հոգեկան վիճակը ժամանակավորապես կարգավորվի, և սա մեծ խնդիր է դառնալու Հայաստանում

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով շատ քաղաքացիներ ունեն հոգեբանական խնդիրներ՝ դեպրեսիա, տագնապներ, վախեր, սակայն շարունակում են խուսափել և չդիմել հոգեբանին, այնինչ նման իրավիճակում հոգեբանական աջակցությունը շատ անհրաժեշտ է: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան Անի Ազիզյանը:

«Միայն մարմինը բուժելը շատ քիչ է: Երբ մեկը ոտքը վնասում է, դիմում է բժշկի, սակայն, եթե, օրինակ, պատերազմից հետո ունեն անքնության խնդիրներ, վախ, տագնապ, դեպրեսիա և այլ ապրումներ, մտածում են, որ ուժ ու խելք ունեն՝ ինքնուրույն կլուծեն այս խնդիրը: Սակայն ոչ կամքը, ոչ խելքն ու ուժը սրա հետ կապ չունեն:

Հոգեկան տրավման  կարող է ազդեցություն ունենալ կյանքի բոլոր ոլորտների վրա: Մարդիկ կարող են իրենց ընկերների, ընտանիքի հետ լինել, բայց մտքերով՝ իրենց վերապրումների, անցած ճանապարհի մեջ, և կարող են ունենալ տագնապներ, ագրեսիաներ, որն անդրադառնալու է  ընտանիքի վրա, ավելանալու է բռնությունը, ունենալու ենք քիմիական նյութերի չարաշահումներ, թեկուզև նրա համար, որ մարդիկ կարողանան քնել, քանի որ կարծելու են, թե դա օգնելու է իրենց քունը կարգավորել, իսկ պատերազմից հետո ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցածները, այլև ընտանիքի անդամներն են տագնապից հետո քնի խանգարումներ ունենում: Շատերը փորձում են խմել, օգտագործել ինչ-որ նյութեր, որ իրենց հոգեկան վիճակը ժամանակավորապես կարգավորվի, և սա մեծ խնդիր է դառնալու Հայաստանում»,- ասաց Անի Ազիզյանը՝ շեշտելով՝ եթե ուշադրություն չդարձնենք հոգեկան առողջությանը, չենք կարող ունենալ առողջ հասարակություն:

168.amի դիտարկմանը՝ գուցե այստեղ կա նաև գումարի՞ խնդիր, արդյո՞ք ծրագրեր մշակվում են անվճար կամ ավելի մատչելի հոգեբանական աջակցության համար, արդյո՞ք հոգեբաններն այցելում են 18-19 տարեկան զինվորներին, որոնք մասնակցել են պատերազմին և այս պահին ծառայության մեջ են, Անի Ազիզյանը պատասխանեց.

«ԱԻՆ-ը դրամաշնորհային ծրագիր ուներ, և  «Ինթրան» մի քանի կազմակերպությունների հետ միասին շահել է դրամաշնորհը, ինչը նշանակում է, որ  կարողանալու ենք  օգնություն առաջարկել ՀՀ բոլոր շրջանների բնակիչներին: Բայց պատերազմից սկսած եղել են կամավոր հոգեբաններ՝ շուրջ 90 հոգի, ովքեր  ՀՀ բոլոր հիվանդանոցներում առաջին հոգեբանական օգնություն են տրամադրել: Կան տարբեր կազմակերպություններ և անհատ հոգեբաններ, ովքեր պատրաստ են անվճար հետտրավմատիկ սթրեսային խանգարման, տագնապների, դեպրեսիաների դեպքում օգնել, պարզապես ծավալը շատ մեծ է:

Անշուշտ, բոլոր տղաները մեզ համար են մեկնել պատերազմ, և սա էլ մեր օգնության ձևն է՝ նրանց շնորհակալություն հայտնելու, բայց խարանը կա, թե՝ բա ի՞նչ կմտածեն, հո ես չե՞մ վախեցել, հո իմ հետ մի բան այն չէ՞: Շատ եմ նկատում նաև զոհի կերպարը. եթե մեկը վնասվածք է ստացել, անգամ անդամահատում ունի, չպետք է նրանց որպես զոհ ներկայացնենք, սա շատ կարևոր է և՛ իրենց, և՛ հասարակության հոգեկան առողջության համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս