Բաժիններ՝

Ավագանին գույքահարկի արտոնություն սահմանեց՝ այդպես էլ չիմանալով՝ ի՞նչ ծավալի գույքի համար

Երևանի ավագանին այսօր երկու որոշում ընդունեց, որոնցով արտոնություն է սահմանում Արցախում պատերազմի հետևանքով տուժած անձանց համար: Երևանի ավագանու նիստի օրակարգի 5-րդ կետով լրացում կատարվեց Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N307-Ն որոշման մեջ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներից Երևան տեղափոխված և Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվող երեխաների համար 2021 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ»:

Այս որոշումն ընդունվեց առանց քննարկումների, հարցերի ու ելույթների:

Օրակարգի 6-րդ կետով տեղի ունեցավ երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր Երևան համայնքում գրանցված փոխադրամիջոցներին, որոնք պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, կամ դարձել են շահագործման համար ոչ պիտանի:

«Սահմանել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած, ինչպես նաև շահագործման համար ոչ պիտանի դարձած և Երևան համայնքում գրանցված փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն՝ ազատելով գույքահարկի առկա պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից մինչև նշված փոխադրամիջոցների խոտանման ամիսը ներառյալ և դրանց մասով փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում»:

6-րդ կետով երկրորդ փոփոխությունը վերաբերում է պատերազմների կամ մարտական հերթապահության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների փոխադրամիջոցներին գույքահարկի արտոնություն տալուն:

«Արցախյան պատերազմների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրամադրել սեփականության իրավունքով պատկանող մեկ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն՝ ազատելով մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գույքահարկի առկա պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից և դրանց մասով փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից կատարել վճարում»:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց.

«Մոտավորապես ի՞նչ քանակի մարդկանց մասին է խոսքը, այսինքն՝ այդ փոխադրամիջոցների հետ կապված խնդիր ունեցողներն այնքան շա՞տ են, որ մենք այսպիսի արտոնություն ենք տալիս, շատ լավ բան ենք անում, բայց ի՞նչ թվաքանակի մասին է խոսքը»:

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը, ով զեկուցում էր այս հարցերը, ասաց, որ թիվ հրապարակել չի կարող:

«Հաշվի առնելով գաղտնիությունը տվյալ հարցի՝ չեմ կարող հրապարակել քանակը, բայց կարող եմ ասել, որ բավականին մեծ է»,- ասաց Ներսեսյանը:

«Ամեն ինչը գաղտնիքի տակ ենք պահում, մինչև հիմա չգիտենք մեր վիրավորների և զոհերի թիվը, բայց սա մեր լիազորության տակ է, քանի որ տալիս ենք արտոնություն»,- արձագանքեց Առաքելյանը:

Ավագանու անդամին այդպես էլ հստակ պատասխան չտվեցին, թե ինչ քանակի փոխադրամիջոցների մասին է խոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս