Կապիտուլյացիայի ճեղքումը
«Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»
Հովհ․ Թումանյան
Ցանկացած կապիտուլյացված երկիր ուժի իրավունքով զրկվում է սուվերենությունից, մշակվում են պատժամիջոցներ, չկան առարկելու հնարավորություններ։ Սա՛ է կապիտուլյացիան՝ որպես ռազմաքաղաքական երևույթ։ Սա՛ է Հայաստանի ներկա վիճակը, որը հաղթահարելու համար կարիք կա սթափ գնահատականների:
Մինչ արցախյան վերջին պատերազմը, ապագա կապիտուլյանտն առաջնորդվում էր «Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին» բանաձևով։ Արդյունքում, ինչպես արդեն ենթադրվում էր, բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին։
Այժմ կապիտուլյանտը ջանում է բավարարել նաև Թուրքիայի ժողովրդին, մաս-մաս հանձնելով Սյունիքը՝ փաստացի նաև Հայաստանը։ Գործընթացն այլևս եզրափակիչ փուլում է, քանզի վերջնակետը Հայաստանի չգոյությունն ու Անդրկովկասը թուրքական ազդեցության գոտու վերածելն է։ Նման զարգացումը կապիտուլյանտին ձեռնտու է, քանզի Հայաստանի փաստացի բացակայության դեպքում կկարողանա խուսափել դատից և հաշվեհարդարից։ Այս առումով միայն Թուրքիան կարող է երաշխավորել նրա հանգիստ գոյատևումը, հենց այդ պատճառով է, որ նա բացահայտ դաշնակցել է թուրքական կողմի հետ։
Հայաստանը հետզհետե վերածվում է երկրորդ Սիրիայի, որտեղ խաղարկվում է ռուս-թուրքական հակամարտություն։ Թուրքիան բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին՝ փորձելով ներհայաստանյան գործընթացների միջոցով ներկա լինել անդրկովկասյան քաղաքական կյանքում։ Էրդողանը պարզ հայտարարում է, որ Հայաստանում սատարում է կապիտուլյանտին և նրա ձեռքով պայքարում է հայկական բանակի և ՌԴ ազդեցության դեմ։
Վերջերս թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական կառույցն իր ելույթով գնահատականներ տվեց ներհայաստանյան վերջին զարգացումներին, միաժամանակ Հայաստանն անվանելով ահաբեկչական կազմակերպություն և տիկնիկ։ «Գորշ գայլերը» քննադատեցին հայոց բանակի ԳՇ վերջին հայտնի հայտարարությունը՝ փաստացի աջակցություն հայտնելով կապիտուլյանտի ռեժիմին։
Առանց ձևականությունների կապիտուլյանտը ցուցադրում է, որ Արցախը հանձնվել է առանց ափսոսանքի, և, որ ինքը մեծ ջանասիրությամբ աշխատում է նաև ՌԴ շահերի դեմ։ «Իսկանդեր»-ի մասով հայտարարությունն արևմտյան ուժերի օգտին էր, քանզի կապիտուլյանտի շուրթերով Արևմուտքը ռուսական զենքը հայտարարեց անորակ։ Ի դեմս կապիտուլյանտի, թուրք-արևմտյան տանդեմը Հայաստանի ոչնչացման գնով առաջ է տանում իր շահերն Անդրկովկասում։ Իր վերջին ելույթներից մեկում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական բանակն այլևս երբեք չպետք է կարողանա ոտքի կանգնել՝ իբրև տարածաշրջանային կայունության երաշխիք։
Փաստացի Հայաստանի և հայ ազգի ապագան վտանգված է։ Սա ամենասթափ և իրատեսական գնահատականն է հայաստանյան ներկա իրավիճակին։
Հայաստանի ապագայի հարցում որոշ ուժերի հետ ունեցած տարաձայնություններից խոսեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում։ Դեռևս 1965թ.-ին, նույն կերպ, Ֆրանսիայի ու միասնական Եվրոպայի ապագայի շուրջ որոշ ուժերի հետ հակասություն ուներ նաև Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը։ 1968թ.-ին վերջինս դուրս եկավ ՆԱՏՕ-ից և «Ցտեսություն, դը Գոլ», «դը Գոլին դեպի արխիվ» կարգախոսների ներքո՝ արժանացավ Սորբոնի ուսանողների ձեռքով իր դեմ հրահրված հակաիշխանական շարժմանը։
Մեկ տարի անց Շառլ դը Գոլը «մերժվեց» և հեռացավ՝ պատմության մեջ մնալով՝ իբրև Ֆրանսիայի ազգային հերոս, իսկ ֆրանսիացիները տանուլ տվեցին ապագայի համար պայքարում իրենց առաջատար դիրքերը։
Ադրբեջանական կողմի համար ևս, բանակցություններում իրենց օգտին բեկում գրանցելու համար, կարևոր էր հայաստանյան գլխավոր բանակցողի փոփոխությունը՝ այն է թե՝ Սերժ Սարգսյանի դըգոլյան «մերժումը»։
Իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանն ուղղակի հայտարարեց, որ կապիտուլյանտն այն ուժերի նախագիծն է, ում հետ ինքն ունեցել է հակասություններ Հայաստանի ու Արցախի ապագայի հարցով։ Դատելով ձեռագրերի նմանությունից, կարելի է եզրակացնել, որ, ինչպես Ֆրանսիայի ապագայի, այնպես էլ այս դեպքում Սերժ Սարգսյանը հակասություն ուներ նույն ուժերի հետ, քանզի դրանք մեկ դար առաջ արդեն ուրվագծել էին Հայաստանի՝ իրենց պատկերացրած ապագան։ Դեռևս 1917թ.-ին, Բաքվի անկումից առաջ, անգլիացի գեներալ Դյունսթերվիլը խոստովանել էր, որ «Անդրկովկասում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը պետք է ուղղորդվեր ազգամիջյան բախումների սրմանը, որպեսզի կովկասյան ժողովուրդներն իրար սպանելով՝ հեշտացնեին Անգլիայի գերիշխանության հաստատումը Կովկասում»: Այս իմաստով, Բաքվի նավթին տիրելու և Կովկասը հակառուսական պլացդարմ դարձնելու համար անգլիացիները հենվեցին թուրքական մահմեդական տարրի վրա` օժանդակելով կովկասյան թաթարներին՝ ընդդեմ Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի:
ԽՍՀՄ տապալումով, ի դեմս «British Petroleum» ընկերության, վերջիններս վերահսկողության որոշիչ փաթեթ ստացան Ադրբեջանի նկատմամբ։ 2018թ.-ին արևմտաթուրքական ուժերը հաջողությամբ պսակեցին Հայաստանի ներքաղաքական գրոհը և մեր իսկ ձեռքով օկուպացրին մեզ։ Այս մասին էր խոսում Սերժ Սարգսյանը, ըստ որի՝ այս խելապակաս իշխանություններին ընտրել է խաբված հայ ժողովուրդը՝ արտաքին ուժերի ուղղորդմամբ։
Հենց կապիտուլյանտին իշխանության բերած արտաքին ուժերի հետ էին նրա հակասությունները Հայաստանի ու Արցախի ապագայի հարցով։ Ստացվում է, որ առանց ռազմավարական դաշնակցի վճռորոշ օժանդակության մնալու և «տարածքներ էներգակիրների ու կոմունիկացիաների դիմաց» առաջարկվող հեռանկարի շուրջ էին Սերժ Սարգսյանի հակասությունները վերջիններիս հետ։ Այլևս հասկանալի է դառնում, թե ինչու 2018թ․-ի փողոցային շարժումը Երրորդ նախագահը որակեց՝ որպես հակաարցախյան։
Այլևս կարիք կար հայկական սեպի ջախջախմամբ Անդրկովկասից դուրս մղել Ռուսաստանը և եզրափակել հաջողությունը։ Այդ նպատակով, 2020թ․-ին բրիտանական «ՄԻ-6» հետախուզական ծառայության նորանշանակ ղեկավար Ռիչարդ Մուրը, ով ՌԴ-ն համարեց առաջնային թշնամի, ձևավորեց Էրդողան-Ալիև-կապիտուլյանտ տանդեմը։ Պատվիրատուի շահերը սպասարկելու համար տանդեմը՝ որպես ճանապարհային քարտեզ, կրկին որդեգրեց պանթուրքիզմը։ Արցախի դավադիր կորուստը և Սյունիքով հաղորդակցության տրամադրումը պանթուրքիզմի վերակենդանացման երկաթուղային տարբերակ է, որով հայկական կողմը վիլայեթացվելու է, իսկ ՌԴ-ն՝ Կովկասում հաշվի նստելու թուրքական գործոնի հետ։
Արդյունքում, հայ ժողովուրդը, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա՝ Արցախում, դարձավ օսմանյան և բրիտանական նախկին կայսրությունների համագործակցության զոհը։ Տարածաշրջանում թուրքական գերակայություն հաստատելու համար 2018թ․-ից ստեղծվեց վակուում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններում։
Հենց սա էր մատնանշում Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ սուտն ու անհարգալից վերաբերմունքը սեփական դաշնակցի հանդեպ նման ծանր ավարտ են ունենում, և, որ գործընկերության մեջ ավելորդ ինքնավստահությունը ոչ թե մեծացնում է ինքնուրույնության աստիճանը, այլ հակառակը՝ ազատում հակառակորդի ձեռքերը։ Երրորդ նախագահը պատահական չնշեց, որ Հայաստանը թուրքական սպառնալիքը հակակշռում էր հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային փոխհարաբերություններով՝ քանզի դրանք կանխարգելում էին հակառակորդի քայլերը։
Դա հայկական պետության կենսունակ վիճակն էր, որը երեկ փակ էր պահում կովկասյան դարպասները թուրքական գործոնի համար՝ հուսալի ու անվտանգ դարձնելով Հայաստանի ապագան։ Իսկ այսօր Հայաստանն այլևս չունի սուվերեն իշխանություն, չունի անվտանգություն, չունի դաշնակիցներ, չունի զարգացման երաշխիքներ և շարժվում է դեպի հաջորդ արհավիրք։ Վերջնական արդյունքում կա՛մ Հայաստանը կպահպանվի, և արևմտաթուրքական 5-րդ շարասյունը կհեռացվի իշխանությունից, կա՛մ կունենանք Հայաստանի վիլայեթացում։ Ակնհայտ է, որ կապիտուլյանտը և իր հովանավորներն աշխատում են երկրորդ տարբերակի համար։ Մնացածը հայաստանցիներիս ձեռքում է։ Հնարավոր է երեք սցենարային հանգուցալուծում։
Առաջին, երբ հայ ժողովուրդը համակերպվում է թրքահպատակ իշխանության հետ և ուծացվում՝ որպես ազգություն։ Ընդ որում, կասկածի տակ է դրվում ոչ թե Հայաստանի անկախության հեռանկարը, այլ ընդհանրապես նրա պետականությունը և ազգային ամբողջական գոյությունը։ Սա հակառակորդի և նրանց հովանավորող աշխարհաքաղաքական կենտրոնների օրակարգն է, որի շուրջ ուսապարկերը համագործակցում են արևմտաթուրքական ուժերի հետ։
Երկրորդ, երբ Հայաստանը չի կարողանում վերականգնել բանակը և հանգուցալուծել ներքին ճգնաժամը։ Արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվում է արտաքին, թերևս, դաշնակիցների օգնությամբ, սակայն հեռանկարում կորցնում ենք մեր բախտը տնօրինելու սուվերեն իրավունքը։
Երրորդ, երբ հայ ժողովուրդն իր ամբողջության մեջ առերեսվում է իրականության հետ և հասկանում, որ «Շուշիի ադրբեջանական լինելու» նիկոլյան ընկալումը չէր վաղվա օրվա մասին իր երազանքը։ Առերեսվում է, որ հողատու իշխանությունը չի մարմնավորում իր շահերը, իղձերը, նպատակները, հույզերն ու ցանկությունները, ավելին՝ ներկայացնում է օտար շահեր։ Ապա դրսևորում է բավարար կամք և միանում հայրենիքի ապագայով մտահոգ իր հայրենակիցներին և ինքնուրույն հանգուցալուծում իրավիճակը, որը ստեղծել է 2,5 տարի առաջ։
Հայաստանյան կապիտուլյացված իրականությունում միայն անվերապահ ճշմարտություններն են ունակ խաբկանքի գերությունից ազատագրել մեր ժողովրդին և Հայաստանը տանել սցենարներից լավագույնով։ Կարևոր է գիտակցել, որ հակառակորդի կողմից Հայաստանի կապիտուլյացմանը նախորդել էր հոգևոր կազմաքանդումը՝ բարոյալքման, հուսալքման և արժեզրկման տեսքով։ Եվ հիմա հայ ժողովուրդը փորձության առաջ է, որտեղ պետք է որոշում ընդունի՝ պատրա՞ստ է արդյոք գործել պետություն ունենալու համար, թե՞ ոչ։
Մեր հասարակությունը պետք է ընտրի․ ցանկանո՞ւմ է դառնալ առօրեականությամբ և սպառողականությամբ տառապող ամբոխ և մեռնել որպես ազգ, որպես հավաքական գիտակցություն, թե՞ ուզում է ապրել։ Եթե ուզում է ապրել, ապա պետք է ինքնախոստովանի՝ պատրա՞ստ է արդյոք անհատական մակարդակում հաղթահարել եսասիրությունը, նախանձը, կույր տգիտությունը, զինվել պատասխանատվությամբ և վերադառնալ իրականություն, թե՞ շարունակելու է ապրել զուգահեռ, կեղծ իրականության մեջ, որտեղ իր գխին կարող է ծածանվել նաև թուրքական դրոշը։ Եկել է հանգուցալուծման պահը, երբ արտաքին մարտահրավերներին բարեհաջող դիմագրավելու համար պետք է բարեշրջվել ներքուստ։
Նման ազատագրումից հետո է հնարավոր միայն կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ և ելման կետ վերադարձնել հակառակորդներին։ Միայն նման փոխակերպումից հետո է հնարավոր ամբողջացնել և հուժկու դարձնել հավաքական կամքը՝ կապիտուլյացիան ճեղքելու և փրկվելու համար։
Հ․Գ․ Սպասվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նոր ասուլիսը, վստահ եմ, որ կտրելով ապերախտության ծովը, նա կրկին կջանա ուղղորդել մեր ժողովրդի գոյության բնազդը։
Լևոն Նազարյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ ԵԿ անդամ