Դրանք էլ կարելի է «բարդել» համավարակի վրա ու հնարավորինս չքմեղացնել մեր իշխանավորներին

Անցած տարին ողբերգություն էր բոլոր առումներով: Սոցիալ-տնտեսական կյանքի ոչ մի ոլորտ դրական ոչինչ չարձանագրեց: Պատճառը պարտությունն էր, համավարակը և իշխանությունների ապաշնորհ կառավարումը:

Ժամանակի հետ հնարավոր կլինի վերլուծել ու հաշվարկել, թե այդ պատճառներից յուրաքանչյուրն ինչ չափով պատուհասեց մեր սոցիալ-տնտեսական կյանքին: Հատկապես, որ մեր տնտեսության վրա կամաց-կամաց թուլանում է նախկինից մնացած իներցիայի ուժը: Իսկ առաջընթացի տնտեսական ծրագրերը մնում են խոստումների մակարդակում: Տնտեսական կյանքի հերթական անհաջողությունից հետո, որպես կանոն, իշխանությունները հերթական «վառվռուն» ծրագիրն են հրապարակում՝ հերթական հազարավոր «աշխատատեղերի» խոստումով: Բայց անգամ պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ իրավիճակ է նկարագրում:

Օրինակ, արտաքին ապրանքաշրջանառությունը 2020թ․ կրճատվել է 13.2 տոկոսով: Ասել, որ դա համավարակի արդյունք է, պարզապես ծիծաղելի է: Անցած տարվա համարյա սկզբից ճանապարհների «տերն ու տիրակալը» բեռներն ու բեռնափոխադրումներն էին: Ուղևորափոխադրում համարյա չկար: Այսինքն՝ տեղափոխող ընկերությունների համար ինչ-որ իմաստով դրական տարի էր: Միայն տեղափոխելու ապրանք լիներ: Դրա ապացույց կարելի է համարել մեր արտահանումների վիճակը:

Անցած տարի մակրոտնտեսական ցուցանիշների երկնիշ անկման ֆոնին մեր արտահանումները կրճատվել են ընդամենը 3.9 տոկոսով: Հետաքրքիր է այն, որ էական փոփոխություններ չկան արտահանումների ուղղություններում և կառուցվածքում: 2019-ի արտահանումների 30.5 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ անդամ երկրներին, իսկ 2020թ․ ԱՊՀ մասնաբաժինը 29 տոկոս էր: Ասենք, որ այս երկրներից մեր ամենախոշոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը (ՌԴ-ի մասնաբաժինը 2019թ․ մեր արտահանումների ծավալում կազմում էր 27.3 տոկոս, իսկ 2020-ին այն ավելի է մեծացել՝ ընդհանուրի 30.3 տոկոսը):

Եվրամիության անդամ երկրներ 2019-ին ուղղվել է մեր արտահանումների 21.8 տոկոսը, իսկ 2020-ին՝ 16.9 տոկոսը: Երկրների երրորդ՝ «Այլ երկրներ» անունով հաշվառվող խմբին բաժին է ընկել 2019-ի արտահանումների՝ 47.7, իսկ 2020-ի՝ 54.4 տոկոսը: Այս խմբում ամենամեծ մասնաբաժինը Շվեյցարիայինն է. 2019-ին արտահանումների ընդհանուր ծավալի՝ 6.2 տոկոսը, իսկ 2020-ին՝ 6.8: Բայց այս փաստով ոգևորվել պետք չէ:

Շվեյցարիա մենք հիմնականում ադամանդ ենք արտահանում: Ադամանդագործությունը ֆինանսական վիճակագրության տեսանկյունից կարևոր է, որովհետև թանկարժեք ապրանք է թողարկում:

Իսկ իրական տնտեսության տեսանկյունից փոքր ոլորտ է, որովհետև շատ փոքր աշխատատեղեր է ապահովում: Ներմուծումների կրճատման փոքր ծավալները հուշում են, որ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է հիմնականում ներկրումների հաշվին: 2019-ի համեմատ՝ ներկրումները նվազել են 17.6 տոկոսով: Իսկ սա էական ցուցանիշ է: Ներկրման ուղղություններն ու կառուցվածքը ևս 2020-ին էական փոփոխությունների չի ենթարկվել: Նույնիսկ Թուրքիայի պարագային: Մեր իշխանությունները հիմա հաճախ են Թուրքիայի հետ համատեղ տնտեսական դրախտով սպառնում մեզ ու մեր տնտեսությանը:

2019-ին մենք Թուրքիայից ներմուծել ենք մոտ 268.1 մլն դոլարի արտադրանք, իսկ 2020-ին՝ մոտ 231 մլն դոլարի: Այս երկրի հետ տնտեսական հարաբերությունների  հարցում  մեր իշխանություններն ավելի հակասական են, քան որևէ այլ ոլորտում: Մի կողմից՝ արգելում են առևտուրը, մյուս կողմից՝ տնտեսական դրախտ խոստանում: Ու այս հակասականությունը, ինչպես միշտ, առաջինը մեզ ու մեր տնտեսությանն է հարվածում:

Նախորդ տարիներին այդ երկիր գոնե մի քանի մլն դոլար արտահանում ունեինք: Օրինակ, 2019-ին արտահանման ծավալը 2.224 մլն դոլար էր: Իսկ 2020-ին՝ ընդամենը կես մլն դոլար արժեքի: Բայց վերադառնանք ներմուծումներին: Մեր ներմուծումների 15-17 տոկոսը սննդամթերք է: Այն, որ ընդհանուր կրճատումների մեջ նվազել է նաև սննդամթերքի (ինչպես նաև՝ լայն սպառման ապրանքների) ծավալը, կարելի է, իհարկե, «բարդել» համավարակի վրա: Բայց, կարծում եմ, որ ամենաառաջին պատճառը, այնուամենայնիվ, բնակչության եկամուտների անկումն է, որի պատճառը մի կողմից՝ տնտեսության կրճատումն է, մյուս կողմից՝ գնաճն ու ազգային վճարամիջոցի արժեզրկումը: Չնայած դրանք էլ կարելի է «բարդել» համավարակի վրա ու հնարավորինս չքմեղացնել մեր իշխանավորներին:

Տեսանյութեր

Լրահոս