Սերժ Սարգսյանի բաժնեմասը՝ ԲՀԿ-ում
Այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ հնարավոր է` առաջիկայում Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ստիպված լինի դուրս գալ «Բարգավաճ Հայաստանից» և անդամագրվել ՀՀԿ-ին: Այդ տեղեկատվության տրամաբանությունն այն էր, որ եթե ԲՀԿ-ն առաջադրի Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը կամ պաշտպանի մեկ այլ` «միասնական թեկնածուի», ապա Սամվել Բալասանյանը ստիպված է լինելու ընտրություն կատարել` պաշտպանել Ծառուկյանին և դեմ գնալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, կամ դուրս գալ ԲՀԿ-ից և անդամագրվել ՀՀԿ-ին:
Բնականաբար, Գյումրիի քաղաքապետի խոսնակը շտապել է հերքել այդ տեղեկությունը` Սամվել Բալասանյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու հնարավորությունը որակելով՝ որպես աբսուրդ: Բայց այդ հերքումից իրադրությունը, որ Բալասանյանը և ոչ միայն նա կարող են ստիպված լինել նման որոշում կայացնել, չի փոխվում: Հիշեցնենք, որ Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ է դարձել անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ու ՀՀԿ-ի աջակցությամբ: Հիմա Բալասանյանը պաշտպանում է թիվ 35 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին:
ԲՀԿ-ում այս քայլի բացատրությունը գտել են. «տեղական ընտրություններ են, դրա համար տեղի կառույցը սատարում է նրան»: Սակայն, որքան մոոտենում են ընտրությունները, այնքան բացատրություններ գտնելու ռեսուրսը սպառվում է: Եվ եթե Գագիկ Ծառուկյանն իսկապես առաջադրվի կամ պաշտպանի Սերժ Սարգսյանից բացի՝ մեկ այլ թեկնածուի, Բալասանյանն իսկապես հայտնվելու է անհարմար վիճակում:
Բայց նրա այդ վիճակը չի սահմանափակվի միայն հոգեբանական դիսկոմֆորտով. նա, փաստորեն, որպես կուսակցական՝ ստիպված է լինելու գործել մի մարդու դեմ, ով իրեն առաջարկել է առաջադրվել՝ որպես Գյումրիի քաղաքապետ, և դարձրել է քաղաքապետ:
Ս. Բալասանյանը կամ պետք է արտաքուստ աշխատի ԲՀԿ-ի համար՝ «ներքին կարգով» աշխատելով հօգուտ Ս. Սարգսյանի, կամ պետք է դուրս գա կուսակցությունից և բացահայտ վերադարձնի Ս. Սարգսյանին իր բաժին «սատարումը»: Իհարկե, Ս. Բալասանյանի համար դա առանձնապես մեծ խնդիր չէ, քանի որ մի անգամ նա արդեն հասցրել է դուրս գալ ՕԵԿ-ից, որն, ինչպես ինքն էր ասում, դաջված էր իր ճակատին:
Ընդ որում, նա, ինչպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելիս, ՕԵԿ-ից ևս դուրս է եկել իշխանության հորդորով: Ըստ էության, նա ՕԵԿ-ում էլ նման հորդորով է հայտնվել: Այսինքն` Սամվել Բալասանյանը կուսակցափոխության հարուստ փորձ ունի, և ՀՀԿ-ին անդամագրվելն առանձնապես մեծ բարդություն չի լինի նրա համար:
Բայց բարդություններ, ընդ որում, լուրջ բարդություններ կարող են առաջանալ ԲՀԿ-ի համար, և խոսքն ամենևին ու միայն Ս. Բալասանյանի մասին չէ: ԲՀԿ-ն ժամանակին ստեղծվել է՝ որպես իշխանության կուսակցություն, մինչև այս տարվա մայիս գործել է՝ որպես իշխանության կուսակցություն, և նրա անդամների զգալի մասը կուսակցությանն անդամագրվել է հենց այդ հանգամանքից ելնելով: ԲՀԿ-ի` հատկապես ֆինանսապես հզոր անդամները հազիվ թե նման քայլի դիմեին, եթե չիմանային, որ ԲՀԿ-ն երաշխավորված իշխանական կուսակցություն է:
Հիմա այդ կուսակցությունը, իրական կամ այլ նպատակներով, հնարավոր է` հակադրվի իշխանությանը` անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին: Իսկ նման մարդկանց համար նախագահը «անձեռնմխելի» է, «նախագահի խոսքն էլ»` ամեն ինչից վեր: Նույնիսկ սեփական կուսակցության նախագահի խոսքից ու գործից: Այնպես որ, պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրման դեպքում ԲՀԿ-ից դուրս եկողների «շղթայական ռեակցիա» տեղի ունենա:
Իշխանությունը, բնականաբար, տիրապետում է այն մարդկանց ցուցակին, ովքեր համապատասխան հրահանգի դեպքում կարող են դուրս գալ ոչ միայն ԲՀԿ-ից այլ ընդհանրապես քաղաքականությունից: Ընդ որում, նման մարդկանց թիվը անհամեմատ մեծ է մարզերում, որտեղ իրադրությունը, ինչպես հայտնի է, գրեթե ամբողջությամբ վերահսկում են ՀՀԿ-ական մարզպետները: Ու պատահական չէ, որ, ասենք, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ինքնավստահ կերպով հայտարարում է, թե Սյունիքում ԲՀԿ-ն կսատարի Սերժ Սարգսյանին, եթե անգամ առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: Դա նշանակում է, որ մարզպետը տիրապետում է մարզային կուսակցականների վրա ազդելու բոլոր լծակներին և ընդամենը սպասում է անհրաժեշտ պահի` դրանք կիրառելու համար:
Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակի նրբություններից մեկն այն է, որ այն, ինչ սովորաբար բնորոշ է իշխանական կուսակցություններին` իշխանության կորստի ժամանակ, ներկայումս սպառնում է այն ուժին, որը ցանկանում է (կամ այդպես ներկայացվում է) պայքարել իշխանության դեմ: Հայաստանում իշխանությունը փայաբաժին ունի գրեթե ամեն ինչում: Ժամանակին իշխանական համատեղ նախագծի արդյունքում ստեղծված ԲՀԿ-ն ոչ միայն բացառություն չէ, այլև իշխանության «քաղաքական բաժնետոմսերի տեղաբաշխման» դասական օրինակ է: