«Եթե Աննա Դանիբեկյանը մեզ մինչև առավոտ պատասխան չտա, դիմելու ենք Վերաքննիչ քրեական դատարան և ԲԴԽ՝ դատավորի վարքագծին համապատասխան գնահատական տալու համար». Էրիկ Ալեքսանյան
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նիստին դատավորը հայտնեց, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից դատարան է մուտք արվել դիմում՝ ՌԴ մեկնելու թույլտվության վերաբերյալ, դիմումին կից ներկայացվել են այն հիմնավորող փաստաթղթեր։
Դրանից հետո, սակայն, պայմանավորված ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատացմամբ, միջնորդությունը չի քննարկվել, քանի որ դատական նիստը հետաձգվել էր:
168.am-ի հետ զրույցում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ դիմումը դատարան դեռևս փետրվարի 10-ին են իրենք ներկայացրել, որով խնդրել են Արմեն Գևորգյանին թույլատրել փետրվարի 18-19-ը ներառյալ գտնվել ՌԴ-ի Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ պայմանավորված աշխատանքային պարտականությունների կատարմամբ:
«Մինչ դատական նիստը Աննա Դանիբեկյանն այդ առնչությամբ որևէ արձագանք չէր տվել ու որոշում չէր կայացրել: Այսօր դատական նիստի ընթացքում պատրաստվում էր քննարկել այդ դիմումը կողմերի ներկայությամբ: Այնպես ստացվեց, որ ելնելով օբյեկտիվ պատճառից՝ Յուրի Խաչատուրովի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց, ինչից հետո ես դատարանի կազմի միջոցով խնդրեցի, որ դատավորին փոխանցեն՝ ինքը որոշում կայացնի՝ կամ առանց դատական նիստ հրավիրելու, կամ դատական նիստով, ինչպես ընդունված է պրակտիկայում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Նա նշեց նաև, որ մտածելով, որ միգուցե դատարանի համար սկզբունքային հարց է այդ որոշումը անպայման դատական նիստով կայացնել, ինքը տեղում դիմում է ներկայացրել, խնդրել, որ հրատապ դատական նիստ հրավիրվի և մեղադրանքի կողմի ներկայությամբ այս հարցը դարձնի քննարկման առարկա:
«Եթե բավարարեր մեր դիմումը, Արմեն Գևորգյանը վաղը պետք է մեկներ ՌԴ, այսինքն՝ մենք ժամանակ չունեինք, դրա համար խնդրեցի, որ հրատապ նիստ հրավիրի և այդ հարցը քննարկի: Մենք որևէ խնդիր չունենք՝ դատախազության ներկայությամբ այդ հարցը կքննարկվի՞ թե՞ ոչ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մինչ այս պահը դատարանից որևէ պատասխան, արձագանք չունեն:
Մեր դիտարկմանը, թե աշխատանքային օրը մոտ է ավարտին, այսինքն՝ հնարավոր է՝ խնդիրն այսօր չլուծվի նույնիսկ, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ ինքն անընդհատ զանգահարում է դատավորի աշխատակազմ՝ հասկանալու համար՝ հրավիրվո՞ւմ է արդյոք հրատապ դատական նիստ, թե՞ ոչ, իսկ միգուցե դատավորն այդ հարցով միանձնյա որոշում է կայացնելու, սակայն իրեն տեղեկացնում են, որ դատավորը որևէ կերպ չի արձագանքում:
«Ինձ համար այս ամենն արդեն տարակուսանք է առաջացնում: Սա ուղղակի միանշանակ խտրական մոտեցում է, որովհետև գործնականում անգամ սույն քրեական գործով կան նախադեպեր, երբ նույնիսկ այս քրեական գործով նմանատիպ հարցերով դատավորը կայացրել է որոշումներ՝ առանց դատական նիստ հրավիրելու, բայց կրկնում եմ, մենք խնդիր չունենք: Եթե խնդիրը դատական նիստ հրավիրելն է, մենք ինքներս են նախաձեռնում դա: Մենք, իհարկե, չենք վախենում դատախազության դիրքորոշումից, քանի որ հիմնավորումներ ունենք, թե ինչով է պայմանավորված Արմեն Գևորգյանի՝ այլ տեղանք մեկնելը: Համապատասխան հիմնավորումներն էլ ներկայացրել ենք՝ անհրաժեշտ փաստաթղթերով, ուր երևում է, որ այցն ինքնանպատակ չէ, և աշխատանքային այցը ՌԴ պայմանավորված է նրանով, որ Արմեն Գևորգյանի ֆիզիկական ներկայությունն է անհրաժեշտ այնտեղ»,- ասաց պաշտպանը:
Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ նման վարքագծի դրսևորումը փաստացի մերժում է նշանակում, իսկ այդ մերժումը Արմեն Գևորգյանի համար հետագայում կարող է աշխատանքային խնդիրների պատճառ դառնալ:
Նա հիշեցրեց նաև, որ նմանատիպ դիմումով իրենք դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն մեկ անգամ ևս դիմել են նախկինում՝ մոտ մեկ տարի առաջ, և նա մերժել էր իրենց դիմումը:
«Մենք կսպասենք մինչև վաղը առավոտ, որովհետև վաղը նաև Քովիդ-19-ի թեստ պետք է հանձնի Արմեն Գևորգյանը ՌԴ մուտքի խոչընդոտ չունենալու համար, ինչից հետո պետք է հաստատվի նրա՝ ՌԴ ներկայանալ կամ չներկայանալը: Մեր այդ պատասխանին ՌԴ-ում իրականում սպասում են: Հազար ու մի հարց կա՝ ցուցակների և աշխատանքային օրակարգի հաստատում, և այլն: Եթե ինքը մեզ մինչև առավոտ պատասխան չտա, բնականաբար, դա դիտարկելու ենք՝ որպես դատարանի կողմից ցուցաբերած անգործություն, և միանշանակ դիմելու ենք Վերաքննիչ քրեական դատարան և ԲԴԽ՝ դատավորի վարքագծին համապատասխան գնահատական տալու համար»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը: