«Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապե՞լ, թե՞ չշտապել, «ըսե՞լ, թե չըսե՞լ, ինչին սպասել՝ Հայաստանի հայաթափմա՞նը…»

Կապիտուլյացիոն «գործարքի» կնքումից հետո՝ նոյեմբերի 21-ին,  Նիկոլ Փաշինյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն, որ ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացնի նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Այդ ժամանակ իմ հրապարակումներից մեկում միամտություն էի թույլ տվել կարծելու, թե ներկա բարձրաստիճան սպաներին, գեներալներին ուղղված առաջին նախադասությունը,  թեկուզ՝ ձևական, կլիներ՝ տղերք, կներեք: Չեղավ: Փոխարենը՝ Փաշինյանը հայտարարեց՝ «մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար»:

Հետո հոդվածումս թույլ տվեցի երկրորդ միամտությունը (ավելի ուշ պարզվեց, որ իրոք միամտություն էր), երբ փորձում էի հավատալ, որ պաշտոնական հանդիպումից հետո Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը,  բարձրաստիճան սպաները, այնուամենայնիվ, ինչ-ինչ հիշեցումներ արել են գերագույն գլխավոր հրամանատար հռչակված անձին հանդիպման չհրապարակված հատվածում կամ դրանից հետո,  որ եթե բանակն ինչ-որ տեղ, ինչ-որ առումով սխալվել է, ապա այդ սխալները հետևանք  են  հենց  իր իսկ սխալների, կամ՝ ժամանակին դրանք չընդունելու:

Իսկ այդ սխալները քիչ չեն, որոնք թվարկել էի հիշատակված հոդվածումս:

Փաշինյանական այդ սխալներից միայն  երկուսը կհիշեցնեմ, որն առնչվում է ԳՇ պետի հետ, ՊՆ-ի հետ, և որի մասին վերջերս խոսեց նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիմաքսին» տված հարցազրույցում:

Եվ այսպես.

1. Հուլիսյան մարտական գործողություններից հետո, ամռանը ՊՆ-ն նախաձեռնեց աշխարհազորի ստեղծման գործընթաց: Այլ հարց է, որ նախագծի բովանդակության մեջ փոփոխելու, լրացնելու բաներ կային, բայց դրա շուրջ մի քանի օր ակտիվ աղմուկից հետո հարցը, չգիտես ինչու, մի կողմ դրվեց: Սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանն իր գործողություններով հուշում էր՝ լայնածավալ պատերազմական գործողություններ է նախապատրաստում Արցախում:

Մոբիլիզացիա տեղի չունեցավ, չկար պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Եվ բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, օպերատիվ պլանավորում իրականացնել, նրանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել)՝ ստեղծվեին համապատասխան ուժերը, ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը, ապա պատկերն այլ կլիներ:  Չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքում ստացանք այս իրավիճակը:  Սա չարվեց:

Ավելին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ պատերազմի երրորդ օրը երկրի վարչապետը հրաման է արձակել կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Դեռ չենք հաշվում մարտավարական օղակում կրճատումներն այս 2.5 տարում, երբ որոշ զորամասեր կոչված էին կանգնեցնելու թշնամու հանկարծակի մխրճումը:

2. Երրորդ կետի համատեքստում հավելենք, որ անտեսել ենք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի իրատեսական վերլուծությունը և զգուշացումները՝պատերազմի ելքի և առկա ռեսուրսների մասին, իսկ ռեսուրսի խնդիրը նաև վերը նշված հարցերն անտեսելու հետևանք է:

Ի դեպ, ոչ մեկը չի ասում, որ ԳՇ պետը, Պաշտպանության այդ ժամանակվա նախարարը «մասնագիտական»  սխալներ թույլ չեն տվել, տվել են, որի մասին հիմա շատ հաճախ են սկսել խոսել: Բայց նրանց ճակատագրական սխալներից մեկը և գուցե գլխավորը՝ Փաշինյանի ճակատագրական սխալների մասին պատերազմի օրերին լռելն էր, դեմը չառնելը, նույնիսկ, եթե դրա պատճառով ռազմական, մարտավարական որոշումների կայացումը, գործողությունների իրականացումը շատ ավելի ծանր ու դժվար է տրվել:  Բունկերներում ինչ-ինչ անհամաձայնությունները, կամ սեփական զգուշացումների մասին հրապարակային ուշացած «գաղտնազերծումները» դեռ  խոսել չէ, հատկապես, երբ որևէ գործողություն դրան չի հետևել:

Վազգեն Սարգսյանը կասեր՝ «աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապե՞լ, թե՞ չշտապել, «ըսե՞լ, թե՞ չըսել»: Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչև աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»:

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան, նոյեմբերի 17-ի ուղերձից բացի, պատերազմի համատեքստում Փաշինյանի մեղքը հաստատող ոչինչ չեք ասել: Եվ, որ ամենակարևորն է՝ ոչ ուղերձային ոչինչ չեք ասել և արել, այլապես այն կարտացոլվեր ինչ-որ կերպ:

Հիշո՞ւմ  եք, գեներալ, նոյեմբերի 21-ին զգուշացրել էի՝ «գեներալներ, մի լռեք, Ձեր զինվորական միամտությունն ու լռությունը թանկ է նստում մեզ վրա, ձեզ վրա…»:

Չգիտեմ, թե Ձեզ վրա որքանով է թանկ նստում, բայց մեզ վրա, բանակի վրա  թանկ է նստում և ամեն օր ավելի ու ավելի: Այս անգամ  կխուսափեմ «միամտություն» բառն օգտագործել, փոխարենը կասեմ՝ Ձեր լռությունը շարունակելու է կործանել մեզ, բանակը և Ձեզ:

Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ոտք դրեց Պաշտպանության նախարարություն, և արդեն ոչ թե ասաց՝ «մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել», այլ՝ «պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ»:

Կասեք՝ տողատակերում ուղիղ  մեղադրանք չկա՞ Ձեր հասցեին, գեներալ: Ես չէ, որ Ձեզ պիտի ասեմ, պարոն գեներալ, որ մարտական պատրաստությունը մարտունակության հիմքն է, որ մարտական պատրաստվածությունը զորքերի (ուժերի) այն վիճակն է, որը թույլ է տալիս նշված ժամկետներում մարտական գործողություններ սկսել և դրանց ընթացքում հաջողությամբ կատարել մարտական առաջադրանքները, և որ ՄՊ բարձրագույն աստիճանը որոշվում է զորքերի (ուժերի) կողմից անհապաղ մարտական առաջադրանքները կատարելու կարողությամբ:

Ռազմական գործից հեռու «գերագույնը» Ձեր իսկ տարածքում հանդգնում է Ձեզ «ռազմական դասեր» տալ,  իսկ Ձեզնից, գեներալ, ոչ մի հակադարձում, որ մարտունակ զինվորը զոհվել է, որովհետև գերակա են եղել քաղաքական որոշումները,  կամ քաղաքական որոշումներից են կախված եղել ինչ-ինչ մարտական գործողություններ,  իսկ գուցե՝ ո՞չ… Մի բան հստակ է՝ Ձեր զինվորական լռությունը գնալով ավելի թանկ է նստելու մեզ և Ձեզ վրա: Հաջորդ անգամ  չզարմանաք, եթե ավելի կոնկրետ հայտարարվի՝ եթե բանակը ժամանակին արձագանքեր, պատկերն այլ կլիներ, որովհետև սեպտեմբերի 24-25-ից ծանուցումներ են ուղարկել զինկոմիսարիատները, վաղն ավելի բաց է հիշեցնելու, որ ԳՇ-ն է  անմիջականորեն պատասխանատու  զինված ուժերի գործառույթների իրականացման համար: Հիշում եք, չէ՞, որ ինքն իրեն համարում է պատերազմի ելքի և ստեղծված վիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց ոչ՝  թիվ մեկ մեղավորը: Ավելին, վաղն իր բնավորության համաձայն՝ Փաշինյանն ասելու է, որ Ձեզ հետ հանդիպումներում ասել է բաներ, որ անեք, և չեք լսել, մինչդեռ իրականում ասած էլ չի լինելու, և իրականում այդ ինքն է Ձեր մասնագիտական հիմնավոր և հաշվարկված խոսքն ու զգուշացումն անտեսել:

Բանակի տոնի կապակցությամբ տարածված Ձեր ուղերձում ուրախացնող և հուսադրող տողեր  հանդիպեցի, որ բանակն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնա­մու ոտնձգությունները, և ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու, որ Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց տալու թշնա­­մուն իր բազկի ուժը, որ ջանք չեք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու եք բանակն ու ան­զիջում պայքար եք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար: Եվ որ ամենակարևորն է՝  «գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև»:

Ավելի ուշ հերթական անգամ միամտաբար ՊՆ վարչական համալիրում Փաշինյանի մասնակցությամբ «տոնական» հավաքին փնտրեցի Ձեր՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ երբեմնի խիստ և խոսուն հայացքը՝ ուղղված բանակի վարկին և հզորությանը վնասած «գերագույնին»,  և չգտա: Վաղուց չեմ գտնում:

Մի շատ «վատ» բնավորություն ունեմ՝ վստահում եմ և հավատում խիստ և «վախեցնող» հայացքներին, բարի և մեղմ հայացքով մարդկանցից միշտ զգուշանում եմ… գրեթե չեմ սխալվել: Եվ հետո՝ բանակը  խիստ  հայացքներն են կառուցում, «փետնախարարները»,  Դուք դա պիտի որ լավ իմանաք…

Տեսանյութեր

Լրահոս