Հարցը հետևյալն է՝ ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկելո՞ւ է ՌԴ ռազմավարական գործընկեր, թե՞ ոչ. Իրակլի Մենագարիշվիլի

Նախօրեին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը, և տրվեց Բայդենի վարչակազմի քառամյա պաշտոնավարման մեկնարկը:

Ինչպիսի՞ն է լինելու Բայդենի աշխատակազմի քաղաքականությունը տարածաշրջանի, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի ուղղությամբ, վերջին օրերին փորձագիտական շրջանակներում քննարկվող ամենաակտուալ հարցերից մեկն է: Հայաստանյան հանրության համար սա պակաս ուշագրավ թեմա չէ՝ հաշվի առնելով կարծիքներն այն մասին, որ Բայդենի քաղաքականությունն ավելի նախաձեռնողական ու ագրեսիվ է լինելու: Հայտնի է, որ Բայդենի արտաքին քաղաքական թիմում ընդգրկված են փորձառու դիվանագետներ, որոնք մասնագիտացված են եվրասիական տարածաշրջանով և հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի հետ հարաբերություններով, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Ռուսաստանի զսպումն ԱՄՆ արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում է:

Վրացի քաղաքական վերլուծաբան, նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ, հաշվի առնելով Թրամփի պասիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում, Ռուսաստանի ուղղությամբ և, ընդհանուր առմամբ կարգախոսը, որի կենտրոնում ԱՄՆ-ն էր, ԱՄՆ ներքին խնդիրները, քաղաքականությունը, ապա Բայդենի դեպքում եվրասիական, հարավկովկասյան տարածաշրջանում եվրաատլանտյան ձգտումներ ունեցող ուժերի ակնկալիքներն էապես մեծ են:

«Հարց է, թե Թրամփի այդ կարգախոսն ինչպես իրագործվեց, և ինչպիսի արդյունքներ զգացին ԱՄՆ քաղաքացիները, սակայն աշխարհում կար մեծ պասիվություն, արտաքին քաղաքականությունը շատ ճակատներում թույլ դրսևորվեց, զիջեց, առաջնայնությունների ցանկի վերանայում տեղի ունեցավ, որը որոշակիորեն փոխեց աշխարհում ուժերի դասավորությունը: Վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահը ևս նկատելիորեն պասիվ էր և որևէ ակտիվություն չէր ցուցաբերում կարգավորման գործընթացում, ինչն ամրապնդեց և խորացրեց Ռուսաստանի դիրքերը՝ հանգեցնելով այն պատկերին, որը կա մեր տարածաշրջանում: Ավելի վաղ պատահում էին իրավիճակներ, երբ բանակցային ակտիվություն էին ցուցաբերում ամերիկացի համանախագահները, կարգավորման ծրագրեր էին առաջարկում, վերջին շրջանում որևէ նման գործունեություն հնարավոր չէ հիշել, ինչը պայմանավորում եմ հենց այդ քաղաքականությամբ, և ներկայումս ստեղծված իրավիճակի պատճառներում դա իր տեղն ունի:

Նոր աշխատակազմից Վրաստանում կան որոշակի սպասումներ, թեև Վրաստանի արտաքին քաղաքականությունը կանխորոշված է, որոշումները կայացված են, սակայն ԱՄՆ իշխանությունների կամքից կախված է առաջընթացը, դրա որակը և աշխարհակարգի ձևավորումը: Մենք ակնկալում ենք ՆԱՏՕ անդամակցության ճանապարհին լուրջ աջակցություն: Հիշեցնեմ, որ Վրաստանի նախագահն այս օրերին այցով Բրյուսելում է, հանդիպումներ է ունենում, և այն, ինչ մենք խոսում ենք, կապ ունի կարծես այդ այցի օրակարգի հետ՝ Արևմուտքի դերակատարությունը տարածաշրջանում, քանի որ Զուրաբիշվիլին ևս արձանագրում է, որ տարածաշրջանում ուժերի դասավորություն է փոխվել, և Վրաստանն անհանգստանում է արևմտյան դիրքերի թուլացմամբ»,- ասաց նախկին դիվանագետը:

Նրա դիտարկումների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահի թիմից, որը հավաքվել է, կարելի է կանխատեսել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններին մեծ կարևորություն է տրվելու, քանի որ բոլոր մասնագետներն իրենց գործի գիտակներն են, որոշները՝ թշնամի Ռուսաստանի համար, քանի որ նախկինում նրանց պայքարի թիրախը եղել է հիմնականում Ռուսաստանը, և նրանց օրոք մայդանյան զարգացումներն են ծավալվել, ինչը ցավոտ իրադարձություն էր Ռուսաստանի համար և հանգեցրեց տարածաշրջանի համար լրջագույն զարգացումների: «Կարծում եմ՝ այնուամենայնիվ Արևմուտքի համար գործընկեր համարվող երկրներն ավելի ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականություն են նկատելու»,- ասաց Մենագարիշվիլին:

Ըստ նրա՝ հայ-ամերիկյան հարաբերությունների դեպքում հարցը հետևյալն է՝ ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկելո՞ւ է ՌԴ ռազմավարական գործընկեր, թե՞ ոչ:

Վրացի վերլուծաբանի խոսքով՝ ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականությունը ռուսական ուղեծրում է, որի համար կան պատճառներ, որում անվտանգությունն առանցքային նշանակություն ունի, և ԱՄՆ-ի քաղաքականության համար դա գուցե լինի կանխորոշող հանգամանք:

«Այդ պարագայում դժվար է ԱՄՆ-ից լուրջ քայլեր սպասել, քանի որ հիմնական քաղաքականությունը լինելու է Ռուսաստանի ուղղությամբ: Ավելի մեծ նախաձեռնողականություն կարող էր ցույց տալ Հայաստանը։ Սակայն նման բան ակնկալելն այս պահին տեղին էլ չէ, քանի որ Հայաստանում հասկանալիորեն կենտրոնացած են այլ հարցերի վրա: Բայց հստակորեն չենք կարող ասել, թե ինչ կլինի, քանի որ կա Ղարաբաղյան հակամարտությունը, որի ուղղությամբ ԱՄՆ-ը հետաքրքրություն կցուցաբերի՝ փորձելով տեղավորվել հետպատերազմյան կոնֆիգուրացիաներում: Դա տեղի կունենա Մինսկի խմբի միջոցով: Հակված եմ կարծել, որ այդպես կլինի»,- նկատեց Մենագարիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս