«Ալիևը եթե ճանաչեր Արցախի անկախությունը, կկորցներ իշխանությունը Ադրբեջանում». Վազգեն Մանուկյան
«2020թ. Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի բանալին հանձնեց թշնամուն». այսօր գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա պատմեց, թե ինչ ունեինք Արցախի հարցի շուրջ բանակցությունների սեղանին մինչև 2018-ի հեղափոխությունը, և ինչ եղավ դրանից հետո: Նա անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը, թե Ռուսաստանը չի առաջարկել Արցախին տարածքներ հանձնել՝ առանց կարգավիճակի որոշման: Մանուկյանը ևս պնդեց, որ 5 շրջանի հանձնումից հետո պետք է բացվեին բոլոր ճանապարհները, կոմունիկացիաները, ինչից անորոշ ժամանակ հետո հանրաքվեի միջոցով պետք է որոշվեր Արցախի կարգավիճակի հարցը: Այս ամենից հետո նոր պետք է քննարկվեր Բերձորի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) հարցը:
«Անկախություն ճանաչելը Ալիևի համար մահացու է, Ալիևը եթե ճանաչեր Արցախի անկախությունը, նույն օրը կկորցներ իշխանությունը Ադրբեջանում: Այս վիճակն էր: Երկրի նորմալ ղեկավարն ի՞նչ պետք է աներ այս իրավիճակում՝ դիմեր ժողովրդին, ասեր՝ երկու տարբերակ ունենք՝ կա՛մ ստորագրում ենք այս տարբերակը, կա՛մ պատրաստվում պատերազմի, եկեք որոշենք: Դա նորմալ մարդը կասեր: Ի՞նչ արեց ինքը դրա փոխարեն, բանակցային ամբողջ գործընթացը տապալեց, մեկ ասեց, որ Արցախը մեր հետ կապ չունի, թող իրանք որոշեն ինչ անեն, Արցախն ինձ չի ընտրել, ես միայն Հայաստանից եմ ընտրվել: Հետո մի հատ շատ վտանգավոր հայտարարություն արեց, որից Բաքուն բռնեց միանգամից, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Ամբողջ 30 տարվա մեջ մենք ապացուցում էինք, որ Արցախն ինքնորոշման հարց է լուծում, ինքը դարձրեց տարածքային հարց»,- ասաց Մանուկյանը: