Իգոր Պոպովը հերքում է Նիկոլ Փաշինյանին․ Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» վերադարձնել 7 շրջանները՝ մոռանալով Ղարաբաղի կարգավիճակի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի  «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ պարզաբանելով Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական առաջարկները: Ներկայացնում ենք  ՌԴ ԱԳՆ կայքէջում հրապարակված հարցուպատասխանը թարգմանաբար՝

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը: Դրանում ասվում է, որ ԼՂ կարգավորման ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը և հանգել են սոսկ Ադրբեջանին 7 շրջաններ վերադարձնելու թեմային: Չէի՞ք կարող Դուք ասել մի քանի խոսք ռուսական առաջարկների էության վերաբերյալ:

– Ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, ենթադրվում է կարգավորման փուլային ծրագիրը, որի վերջին խմբագրված տարբերակը փոխանցվել է կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թվականի հունիսին:

Այդ պլանի հիմքում, որը մեծապես համընկնում է Կազանի փաստաթղթին, ԼՂ կարգավորման բազային սկզբունքներն են, որոնց շարքում  5 շրջանների  վերադարձն Ադրբեջանին առաջին փուլում, իսկ երկրորդում՝ երկու, ի դեպ, շեշտեմ դա հատկապես,   ԼՂ կարգավիճակի հստակեցման շղթայի մեջ:

Առաջին փուլում Երևանի շահերն արտացոլող այլ բաղադրիչների շարքում՝ ԼՂ-ի՝ ազգաբնակչության կենսագործունեության լիակատար կազմակերպումն ապահովող իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնկացությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի չկիրառման և այլ պարտավորությունների ընդունումը:

Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները հենց այնպես, մոռանալ կարգավիճակը և հանգստանալ՝ չի համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները   նախատեսել են, որպես վերջնանպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` կողմերի համաձայնեցրած ժամկետում` ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտում արտացոլող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող համապետական ​​քվեարկությամբ: Ի դեպ, քվեարկության դրվող  հարցի կամ հարցերի ձևակերպումները որևէ բանով չեն սահմանափակվելու, իսկ ցանկացած արդյունք կողմերը հարգելու են»: Իմիջիայլոց, առաջարկվում էր նաև դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջան:

Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիարժեք համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները տեղի են ունեցել կանոնավոր կերպով: Մինչև 2018 թվականը, երբ Երևանը առաջ քաշեց նոր մոտեցումներ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս