«Սա Հայաստանի օկուպացիայի շարունակությունն է, որը նյութական ձևով տեղի ունեցավ Արցախում, և վասալային կախված իրավիճակ ձևավորեց Հայաստանում». Քաղաքագետ
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանին ու Նախիջևանին Սյունիքով կապող ճանապարհից Հայաստանը որևէ բան չի շահելու, հակառակը՝ դրանից շահելու են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։
«Այն երկրների ցանկում, որոնց մասին խոսք կա, ամենաթույլ զարգացած երկիրը, ամենավատ տնտեսությունում, որն աշխարհում սկսվում է 105-րդից, ցավոք, հանդիսանում է Հայաստանը։ Իսկ հայտնի ու պարզ աշխարհաքաղաքական ճշմարտությունն այն է, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է այն երկրներին, որոնք ավելի ուժեղ են տնտեսապես։ Ակնհայտ է, որ սա Հայաստանի օկուպացիայի շարունակությունն է, որը նյութական ձևով տեղի ունեցավ Արցախում, և դրա շարունակությունը տնտեսական, վասալային կախված իրավիճակ ձևավորեց Հայաստանում։ Որոշ մարդկանց թվում է, թե այդ ամենը մեզ հնարավորություններ է տալիս, հնարավորություններ տրվում են ուժեղներին, սա աքսոմիա է, ինչպես 2+2=4-ի, բայց ոչ երբեք՝ 3-ի կամ 5-ի։ Դեռևս չեմ խոսում այլ հանգամանքների մասին՝ աշխարհաքաղաքական առումով թշնամական երկրներին այս ամենը թույլ է տալիս ավելի ուժեղացնել այդ երկրներին։ Փաստորեն, նրանք սկսում են իրենց վերահսկողության տակ վերցնել մեր տարածքները, կոմունիկացիաները։ Ազգային շահի, տրամաբանության մասին խոսել այս պարագայում՝ առնվազն տեղին չէ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ փաստաթղթին,որով ապաշրջափակվում են տրանսպորտային միջոցները։
Ըստ քաղաքագետի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում, տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր նախկինում, երբ 2,5 տարի առաջ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքագետի բնորոշմամբ՝ «իդեալական դավաճան» է, դեռ այն ժամանակ է ասել, որ Հայաստանը դառնալու է թշնամական երկրների կողմից հիբրիդային տեխնոլոգիաներով օկուպացված երկիր, և այժմ ընթանում է օկուպացման ավելի նյութականացում։
«Եթե նախկինում միայն այս հանցավոր խումբն էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որի ո՛չ անունն է հայկական, ո՛չ էլ ազգանունն ու հայրանունը, երկիրն օկուպացրել, ապա այսօր նաև թշնամական երկրներն են։ Օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր շրջաններում նշանակում էին գուբերնատորներ, որոնք բոլորը գերմանացիներ էին և անում էին այն, ինչն անհրաժեշտ էր Գերմանիային։ Դե, հիմա մի մարդ էլ նշանակել են Հայաստանում, և նրա բոլոր գործողությունները տրամաբանորեն համապատասխանում են իր կարգավիճակին ու նրան տված հանձնարարություններին, որոնք նա սրբորեն կատարում է»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանի համար ստեղծվել է ավելի վատ իրավիճակ, քան 1990-ականներին էր, քանի որ այն ժամանակ կար զարգացած հայկական պետություն, որի հաղթանակը պատերազմում որևէ կասկած չէր հարուցում, որովհետև ուներ ուժեղ հանրություն։
Այս համատեքստում Խորհրդային Հայաստանում 1 մլն մարդ զբաղված էին բարդ աշխատանքով, սկսած խառատից, վերջացրած ֆիզիկոսով, սակայն այդ թիվն այսօր 15 անգամ նվազել է։
«2,5 տարի շարունակ ես նշում եմ, որ մենք կանգնած ենք մեր պետականության կորստի առաջ։ Հիմա սարսափելի մեծ վտանգի առաջ է կանգնել Հայաստանն ու հայ ժողովուրդը։
Գուցե ինձ մեղադրեն ռուսամետության մեջ, բայց միակ հույսը, որ այս պահին կա, այդ ազգակործան ծրագրերը չիրագործելու համար, ինչպես կասեր դասականը, երբ ռուսի սապոգը եկավ Արցախ։ Իհարկե, տարածաշրջանում ռուսներն իրենց շահերն ունեն, նրանք մեր հորեղբոր տղաները չեն, ոչ էլ մենք ենք նրանց հորեղբոր տղան, մեր միակ հույսն այն է, որ Ռուսաստանը սկսի գործընթացներին ակտիվ միջամտել՝ հաշվի առնելով մեր շահը։ Սակայն ՀՀ ներկայիս իշխանությունները կարողանում են միայն վատացնել հարաբերությունները ՌԴ-ի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի հետ։ Մեր բնական հարաբերությունները պետք է զարգացնենք նաև Հունաստանի հետ, ապագայում պետք է ձգտնենք Աթենք-Երևան-Մոսկվա այդ գծի ձևավորմանը»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը։