«Պետք է հրաժարվեր այդ փաստաթղթի ստորագրումից, նստեր իր ինքնաթիռը, հետ վերադառնար»․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ։
Ըստ նրա, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կան դրույթներ, որտեղ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։
«Ակնհայտ է, որ այդ դրույթները հայկական լոբբինգի արդյունք չեն, դրանք ներմուծվել են փաստաթուղթ, որովհետև մենք պարտվել ենք պատերազմը։ Տվյալ դեպքում, ըստ էության, սա թշնամու օրակարգն է, և այն շարունակում է գերակշռել հայկական օրակարգին։ Այս պահին հայկական օրակարգից բխող թիվ մեկ հարցը ռազմագերիների և քաղաքացիական այն անձանց փոխանակման հարցն էր, որոնք գտնվում են գերության մեջ։ Մեզ ասվել է, հրապարակային, մամուլով, որ Փաշինյանի մոսկովյան այցի նպատակը հենց սա է։ Բայց վերջում պարզվում է, որ ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ ռազմագերիների մասին խոսք չկա, որևէ պարտավորություն չի ստանձնվել, այսինքն՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ գտած դրույթները, որոնք մեր օրակարգը չեն, Լաչինի միջանցքի, Քարվաճառի հանձնում և այլն, իրացվում են, բայց ոչ գերիների վերաբերյալ հարցերը։ Ես տեսնում եմ իշխանական պատգամավորների հարցազրույցները, հրճվանքը, թե տեսաք՝ ինչ լավ բան է եղել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ հիմա հարց է առաջանում՝ հայ ժողովուրդը տենչո՞ւմ էր, որ Ադրբեջանով գնար Ռուսաստան կամ Իրան։
«Կարծում եմ՝ Մոսկվայում հայկական օրակարգը տապալվել է, և հայկական օրակարգով հարց չի քննարկվել։ Եթե անգամ դիտարկենք ըստ ադրբեջանական հայտարարությունների առ այն, որ 62 ռազմագերիներին իրենք չեն համարում ռազմագերի, հետևաբար՝ Ժնևյան կոնվենցիայից ուզում են դուրս դնել ու քրեական գործերով դատել նրանց։ Բայց երեկ Մոսկվայում գոնե մնացյալ ռազմագերիների հարցում պետք է լիներ համաձայնություն։ Ադրբեջանից արդեն կոմիսիաներ են գալիս ու գնում երկաթգծի հետ կապված։ Կրկնում եմ՝ թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է, հայկական օրակարգը չի իրականացվում, քանի որ պարտության սիմվոլը շարունակում է գնալ ու խոսել»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև շեշտեց, որ այս պահին իրեն հետաքրքրում է ոչ թե ճանապարհների ապաշրջափակման հարցը, այլ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդիրները, քանի որ լինելով Բաքվում պահվող գերու փաստաբան, շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում՝ անազատության ու գերու կարգավիճակում մնալ Ադրբեջանում։
«Պետք է հրաժարվեր այդ փաստաթղթի ստորագրումից, նստեր իր ինքնաթիռը, հետ վերադառնար»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։