Բաժիններ՝

«A.A.» աճուրդի կենտրոնը կնպաստի հայկական արվեստի արժևորմանը

Աշխարհի մեծահարուստները արվեստի գործեր են գնում, մերոնք` «Ջիպեր»

Գաղտնիք չէ, որ աշխարհում ֆինանսական ճգնաժամերը խոշոր գումարների տիրապետող «գիգանտներին» ստիպեցին համոզվել, որ մեր օրերում ոսկու, նավթի ու արժեթղթերի շուկան նույնքան հեղհեղուկ է, որքան՝ արագ փոփոխվող փոխարժեքների շուկան: Մասնավորապես եվրոպական երկրներում այսօր կայուն արժեք են համարվում արվեստի ստեղծագործությունները: Պատահական չէ, որ բանկերից փողեր թալանելու փոխարեն` հատկապես վերջին տարիներին ցուցասրահներից թալանվում են արվեստի նմուշները: Աշխարհն այսօր արվեստով ոչ միայն զմայլվում, այլև այն դիտարկում է` որպես համաշխարհային ճգնաժամերից «պաշտպանված», այսպես ասած՝ «անձեռնմխելի» կարողություն: Աշխարհի բոլոր երկրների ֆինանսական մագնատներն այսօր մասնակցում են արվեստի ստեղծագործությունների աճուրդներին:

 

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այդպիսով, նրանք գիտակցում են, որ ամենակայուն և հարատև արժեքներն արվեստում են: Օրինակ՝ ռուսաստանյան էլիտայի և օլիգարխիայի ներկայացուցիչներն այսօր իրենց գումարները ներդնում են ռուսական արվեստի մեջ: Բացի այդ, նրանք մշտապես մասնակցում են աշխարհի խոշորագույն աուկցիոններին՝ ձեռք բերելով համաշխարհային մշակույթի բարձրարժեք նմուշներ: Նրանք այդ աուկցիոններում ներկայացնում կամ ձեռք են բերում նաև ռուս արվեստագետների աշխատանքներ:

Ընդ որում, որպես կանոն, այդ աճուրդներում ռուս գնորդները երբեք սակարկությունների չեն գնում, այլ ճիշտ հակառակը՝ նկարի գինը բարձրացնում են՝ գիտակցելով, որ այդպիսով ռուսական արվեստի գնահատման համակարգ են ձևավորում: Արդյունքում՝ աշխարհի աճուրդներն ամենամեծ եկամուտները ստանում են ռուսական արվեստի իրացումից: Սա սեփական երկիրը հարստացնելու պարզ տրամաբանություն է, որի արդյունքում նաև վերելք է ապրում ռուսական արվեստը: Վերջին տարիների ընթացքում, իհարկե, Հայաստանում ևս շատ-շատերը սկսել են կոլեկցիաներ ստեղծել: Խորհրդակցելով արվեստաբանների հետ՝ նրանք տարբեր ժամանակաշրջանների հայ նկարիչների ստեղծագործություններն են սկսել ձեռք բերել:

Հայաստանում բացվել է «A.A.» աճուրդային կենտրոնը

Աճուրդով նկարի ձեռքբերման և իրացման մոդելը ոչ միայն Հայաստանում, այլև՝ մեր տարածաշրջանում չի գործում: Մինչդեռ այդ «խողովակով» մենք կարող ենք ոչ միայն աշխարհի հետաքրքրությունը շարժել մեր նկատմամբ, այլև՝ խթանել առհասարակ հայ մշակույթի զարգացումը: Հայաստանում վերջերս բացվել է «Աբրահամ Աննա Աուկցիոն» աճուրդային կենտրոնը («www.aaauction.am»): Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում ներդնել արվեստի ստեղծագործության աճուրդի ինստիտուտը, որը, նկատենք՝ համաշխարհային արվեստի շուկա մուտք գործելու ամենախելամիտ քայլն է:

 

Աճուրդային կենտրոնը ծառայելու է որպես մի յուրօրինակ հարթակ` արվեստի տարատեսակ աշխատանքների ձեռքբերման և վաճառքի համար: Ավելին՝ բացի դասական աճուրդից, գործելու է նաև օնլայն աուկցիոնը:
«Ա.Ա.» աճուրդային կենտրոնի փորձագիտական հանձնաժողովի գլխավոր փորձագետ, արվեստաբան Վարդան Վարդանյանը մատնանշելով կենտրոնի կայքը՝ վստահեցնում է, որ կենտրոնը կիրառում է աճուրդների կազմակերպման միջազգային տեխնոլոգիաները և ունի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանեցված կայքէջ.

 

«Այն արդյունավետ և վստահելի կապուղի է հանդիսանում օտարերկրյա և տեղական գնորդների միջև: Կարող եմ ասել, որ աճուրդների միջոցով ձեռք բերված ստեղծագործությունների համար գնորդներին տրամադրվում է նրանց սեփականության իրավունքի, ծագման իսկության և արժեքի վերաբերյալ հավաստագիր»: Արվեստի ստեղծագործությունները փորձագիտության են ենթարկվում «Մշակութային արժեքների Փորձագիտական կենտրոն» և «Ազգային փորձագիտական բյուրո» ՊՈԱԿ-ներում: Աճուրդային կենտրոնը գործունեության լիակատար կազմակերպման համար հաշվի է առել ինչպես` օրենսդրական բոլոր պահանջները, այնպես էլ՝ ինտերնետային եղանակով աճուրդը կազմակերպելու, այնուհետև իրացնելու բոլոր մեծ ու մանրուք թվացող խնդրահարույց հարցերը: «Աճուրդն աշխարհում գործող մոդել է, և ոչ միայն նկարների, այլև հնաոճ իրերի, մշակութային արժեքների ձեռքբերման և իրացման հարթակ է:

Աճուրդային գործունեության մեջ շատ մեծ պատասխանատվություն է կրում աճուրդի կազմակերպիչը, ով սովորաբար ունենում է մեծ հեղինակություն: Ցանկացած խոշոր առևտուր իրականացվում է աճուրդի միջոցով, որը բաց, զանգվածային առևտուր է: Մեր աճուրդային կենտրոնում պահպանվում են նաև գնորդի և վաճառողի գաղտնիության բոլոր նորմերը: Աճուրդի փիլիսոփայությունը նաև հատուկ կուլտուրա է, որովհետև բոլոր ներկայացված նկարների պատմությունը, իսկությունը, դրա հետ կապված ամբողջ տեղեկատվությունը, փաստաթղթային փաթեթը ֆիքսվում և պահպանվում է»,- ասում է կենտրոնի գլխավոր փորձագետ, արվեստաբան Վարդան Վարդանյանը՝ ավելացնելով, որ աճուրդի ինստիտուտի ներդնումը նաև շատ կարևոր է հայաստանյան արվեստագետների համար՝ ամբողջ աշխարհում ճանաչում ձեռք բերելու իմաստով: Նա հիշեցնում է ռուսական հայտնի բուլդոզերային նկարչությունը, որն այդ երկրի իշխանությունների դիմադրությանն արժանանալով՝ ինտենսիվորեն «գնում» էր դեպի այլ երկրներ, մինչդեռ այսօր ռուսները դրսի աճուրդներից միլիոններով գնում են այդ նույն ռուս նկարիչների գործերը: Այսինքն՝ ստացվեց այնպես, որ սեփական երկրում հալածանքների ենթարկված նկարիչների արվեստն աշխարհն արժևորեց, իսկ Ռուսաստանն այսօր մեծ փողեր վճարելով աշխարհին՝ իր արվեստը վերադարձնում է սեփական երկիր:

Ինչևէ, մեծ իմաստով, մասնավորապես ինտերնետային եղանակով աճուրդը հայ արվեստագետների ողջ տեղեկատվական պաշարը տարածելու է ամբողջ աշխարհում: Երևանում գործող աճուրդային կենտրոնը համացանցի միջոցով արդեն գործում է նաև միջազգային աճուրդային ցանցում, որտեղ աշխարհի ցանկացած երկրի քաղաքացի կարող է ծանոթանալ նաև Երևանում գործող կենտրոնի հետ կապված տեղեկատվությանը: «Կենտրոնը շատ ապահով և որպես երաշխավոր հանդես եկող հիմնարկություն է, որը միայն և միայն նպաստում է նկարչության, մշակութային արժեքների արժևորմանը և նրանց տարածմանը: Աճուրդում լինելու են ցանկացած՝ ռուս, ֆրանսիացի և այլազգի հեղինակների գործեր, բայց առաջնահերթությունը հայկական կերպարվեստի պրոպագանդան է: Պետք է ընդգծեմ, որ հնարավորինս ուսումնասիրվում է նկարի ձեռքբերումը, պատմությունը՝ բացառելու համար նկարների՝ զարտուղի ճանապարհով մեզ մոտ հայտնվելու վտանգը: Որակական մասի վրա նույնպես շատ մեծ աշխատանք է կատարվում՝ հասկանալու համար, թե մշակութային ինչպիսի՞ արժեք է նկարը ներկայացնում. համաձայն այդ չափանիշների` նաև որոշվում է տվյալ գործի գնային քաղաքականությունը»,- վստահեցնում է Վ. Վարդանյանը: Վերջինիս համոզմամբ՝ աճուրդային կենտրոնի համար կարևոր է նաև ընկերության հեղինակությունը, հետևաբար թե՛ դասական, թե՛ ժամանակակից արվեստից ամեն գործ չէ, որ աճուրդում կներկայացվի: Աճուրդային կենտրոնն իր գործունեությունն ամրապնդելու ընթացքում նաև կիրականացնի տարբեր թեմաներով, տարբեր ժամանակագրության և նկարչական ուղղություններով աճուրդներ: Սակայն կենտրոնի ներկայիս խնդիրը հասարակության մեջ աճուրդով արվեստի գործ ձեռք բերելու մշակույթը տարածելը, այդ ընկալումը արմատավորելն է: Մանավանդ, որ Հայաստանում հրապարակային, գործող աճուրդ ընդհանրապես գոյություն չունի:

Այսօր մեկնարկեց օնլայն եղանակով աճուրդը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր աճուրդային կենտրոնը մեկնարկեց իր օնլայն ռեժիմով առաջին աճուրդը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը: Օնլայն եղանակով աճուրդում ներկայացված են Սեյրան Խաթլամաջյանի «Կարմիր հորինվածք» գեղանկարը, Արա Բեքարյանի «Բակը», Վարդիթեր Կարապետյանի «Երգը», Լևոն Թութունջյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Այվազ Ավոյանի կոմպոզիցիաները և այլ հեղինակների բավական արժեքավոր գործեր: Դեկտեմբերի 10-20-ը կկայանա երկրորդ օնլայն աճուրդը, իսկ դասական աճուրդը նախատեսվում է իրականացնել 2013թ. մարտի 16-ին:
Նկատենք, որ աճուրդային կենտրոնի հիմնադրումը նաև շատ ոգևորել է ժամանակակից նկարիչներին, որոնցից շատերը չկարողանալով դրսի հետ համապատասխան կապեր ստեղծել՝ չեն կարողանում նաև իրենց գործերի վաճառքը կազմակերպել: «Մենք ունենք հանճարներ, որոնք տիեզերական նկարիչներ են, նրանք նկարչության աստվածներ են՝ Քոչարը, Արշիլ Գորկին, Լևոն Թութունջյանը, Մարտիրոս Սարյանը:

Լևոն Թութունջյանի պես մեծ նկարչին հայ արվեստասեր հասարակությունը վերջին երկու տարվա ընթացքում է բացահայտել: Նրա նկարչությունը Փարիզում անտերության էր մատնվել: Մեր արվեստաբանների նյութերում առկա է, որ Լ. Թութունջյանը բացառիկ, հատընտիր նկարիչ է եղել: 1930-ականներին եղել է Ֆրանսիայի լավագույն հնգյակի կամ տասնյակի մեջ և ցուցադրվել է Պիկասոյի, Միրոյի հետ հավասար:

Բայց նա վերջին 10 տարիների ընթացքում ընդհանրապես գեղանկարչությամբ չի զբաղվել, միայն գրաֆիկա և խեցեգործություն է արել, քանի որ նեղացել է, որ իր նկարչությունից նույնիսկ իր ազգը չի օգտվում»,- ասում է արվեստաբան Վ. Վարդանյանը: Հիշեցնենք, որ Լ. Թութունջյանը համարվում է Փարիզում սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը:

Նրա ժառանգությունը հիմնականում գնել են երկու ֆրանսիական (հրեաների) գալերեաներ: Ընդ որում, վերջերս Փարիզում անցկացվող ցուցահանդեսներից մեկում Թութունջյանի ընդամենը մի փոքրիկ կոլաժը մի քանի հարյուր հազար եվրո արժողությամբ կախված է եղել: Իսկ Թութունջյանի գործերի կոլեկցիոներ գալերեաներում նկարչի 30-ականների փոքրիկ գրաֆիկաների գները սկսվում են 15.000 եվրոյից:

Թութունջյանի կտավների մինիմալ արժեքներն այսօր կազմում են հարյուր-հազարավոր եվրոներ: Վ. Վարդանյանը վստահ է, որ աճուրդային կենտրոնը միանշանակ կնպաստի հայ հեղինակներին համաշխարհային արվեստի շուկայում ներկայացնելուն, ինչպես նաև` Հայաստանում ճանաչելի դարձնելուն, արժևորելուն. «Մենք պետք է մեր նկարչությունը սիրենք, արժևորենք: Հույս ունենք, որ առաջին ազդակներից մեկը կլինի աճուրդային կենտրոնի գործունեությունը: Մեր մեծերին բարձրացնելով՝ ներկայիս տաղանդավոր նկարիչներին նրանց հետ միասին կկարողանանք արժևորել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս