Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։
Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով:

Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում անհանդուրժողականության աճի, այլ նաև ՀԿ-ների ու իրավապաշտպանների դերի տեսանկյունից:

Պետությունը պետք է իր համապատասխան մարմինների միջոցով երաշխավորի ՀԿ-ների ազատ գործունեությունը երկրում ու ապահովի նրանց անհրաժեշտ պաշտպանությունը:

Պետք է նկատի ունենանք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում իրենց հատուկ տեղ ունեն, դրանք կատարում են պետության նկատմամբ վերահսկողության կարևոր գործառույթ:

Նրանք պետք է ունենան բնականոն գործունեության երաշխիքներ, որոնք էլ կապահովեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորությամբ է նշում ՀԿ-ների ու անհատ իրավապաշտպանների աշխատանքը ու նրանց դերը մեր երկրում ժողովրդավարության կայացման ու զարգացման հարցում:
Մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել մեծ առաջնահերթություն են ստացել հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ սկզբում համավարակով, իսկ ապա՝ նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մարդու կյանքի, առողջության, սեփականության, սոցիալական ապահովության և այլ իրավունքների ապահովման հարցերը դարձել են բոլորիս, նաև քաղաքացիական հասարակության մտահոգության առարկան:

Գործընկեր իրավապաշտպանների ու ՀԿ-ների հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը շարունակական է մարդու իրավունքների պաշտպանության այնպիսի առաջնահերթ ոլորտներում, ինչպիսիք են՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքները, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց իրավունքները, կարծիքի արտահայտման ու մամուլի ազատությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և խոշտանգումների կանխարգելումը, գործարարության խթանումն ու աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, փախստականների իրավունքների ապահովումը և այլն:

Արդյունավետ է մարդու իրավունքների և ազատությունների, հանրային նշանակություն հարցերի շուրջ համատեղ աշխատանքն այնպիսի ՀԿ-ների ու իրավապաշտպանների հետ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, Մարդու իրավունքների պաշտպանությունն առանց սահմանների ՀԿ-ն, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգողը, Լիարժեք կյանքը, Ունիսոնը, Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ-ն, Հարկ վճարողների պաշտպանությունը և այլն: Կարևոր է նաև փակ հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբերի գործունեությունը:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի և ՀԿ-ների միջև համագործակցությունը ինստիտուցիոնալ բնույթ ունի՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների միջոցով: Դրանք են՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը, խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհուրդը:

Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանի մշտական ուշադրության ներքո են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների անխոչընդոտ գործունեության երաշխավորման հարցերը:

Պաշտպանը պարբերաբար հրապարակային մտահոգություն է հայտնել իրավապաշտպանների դերով պայմանավորված՝ վերջիններիս նկատմամբ բռնության կոչերի, սպառնալիքների անթույլատրելիության մասին: Բազմիցս ընդգծվել է այս հարցում պետության՝ համարժեք քայլեր ձեռնարկելու պարտականությունը:

Առհասարակ, չափազանց կարևոր է ընկալումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակատարությունը երկրում իրավունքների և ազատությունների երաշխավորման խնդիրների բարձրաձայնումն է, դրանց լուծմանը նպաստելը:

Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու իրավապաշտպանների աշխատանքի գնահատման ցուցիչը պետք է լինի հենց մարդու իրավունքների տիրույթում ու կոնկրետ ոլորտների աշխատանքում:

Կարևոր է թե՛ հասարակության, թե՛ հանրային ու քաղաքական գործիչների մոտ գիտակցումն առ այն, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների աշխատանքի վերջնական հասցեատերն ու շահառուն մարդն է՝ որպես իրավունքներ ու ազատություններ կրող:

Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան

Տեսանյութեր

Լրահոս