Կնոջ սպանություն՝ Արմավիրի մարզում
Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքին նմանվող վնասվածքով ու քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։
Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ միջոցառումներով պարզեցին, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Դեպքի վայրում՝ Աղավնատուն գյուղում, հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կրակոցի հետք է հայտնաբերվել նաև մեքենայի վրա։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Տղամարդը ձերբակալվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։