Հայաստանի պետական բյուջեն և Կառավարության պարտքը 2021 թ․ պետական բյուջեի եկամուտները նվազելու են, իսկ պարտքն աճելու է
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր եկամուտները և ծախսերը` 2008 թվականից սկսած, ներկայացված են ստորև` Գծապատկեր #1-ում:
Ցուցանիշները միլիոն ԱՄՆ դոլարով են, իսկ ՀՀ դրամից ԱՄՆ դոլար փոխարժեքը վերցված է տվյալ տարվա պետական բյուջեի ուղերձում ներկայացված պլանայինը:
2008-ից 2019թ․ ներառյալ բոլոր տարիների ցուցանիշները ՀՀ պետական բյուջեի փաստացի եկամուտները և ծախսերն են, 2020 թվականի տվյալները պետական բյուջեի ճշգրտված պլանն է արտացոլում, իսկ 2021 թվականինը պլանավորված ցուցանիշներն են:
Գծապատկեր #1
Բյուջեի եկամուտները և ծախսերն արտացոլող այս երկու կորագծերի միջև տարբերությունը կազմում է պետական բյուջեի դեֆիցիտը, որը հիմնականում ֆինանսավորվում է կառավարության պարտքի աճի հաշվին: Այսինքն, երբ կապույտ և կարմիր գծերի միջև հեռավորությունը մեծանում է, ապա ՀՀ կառավարության պարտքն աճելու է:
Ինչպես գծապատկերում երևում է, 2020 թվականին երկու կորագծերի միջև հեռավորությունն աճել է, ինչը նշանակում է՝ բյուջեի դեֆիցիտն այս տարվա վերջում մեծ է լինելու և կազմելու է շուրջ 687 միլիոն ԱՄՆ դոլար: Հետևաբար՝ ենթադրվում է, որ ՀՀ կառավարության պարտքն աճելու է այս թվին մոտ գումարի չափով (պարտքի տարեկան սպասարկումը հաշվի չառած): Միաժամանակ, կորագծերի թեքությունից երևում է, որ 2020 թվականին 2019 թվականի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելի մեծ չափով են աճելու (21%), քան եկամուտները (4%):
Հաջորդ գծապատկերը (Գծապատկեր #2) ցույց է տալիս ՀՀ կառավարության պարտքը՝ ըստ տարիների, 2010 թվականից` արտահայտված միլիոն ԱՄՆ դոլարով:
Նշում. Կառավարության պարտքը՝ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքի հետ միասին, կազմում են ՀՀ պետական պարտքը:
Գծապատկեր #2
Գծապատկերում 2020 թվականի ՀՀ կառավարության պարտքի թիվը 2020թ. նոյեմբերի 30-ի դրությամբ է ներկայացված:
Ինչպես երևում է այս գծապատկերից՝ 2020 թվականի 11 ամիսների ընթացքում` 2019 թվականի համեմատ, ՀՀ կառավարության պարտքն աճել է շուրջ 634 միլիոն ԱՄՆ դոլարով, և նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 7.5 միլիարդ ԱՄՆ դոլար:
Եթե հաշվի առնենք տարվա ընթացքում կառավարության առկա պարտքի սպասարկման գծով վճարումները, ապա կարող ենք ասել, որ կառավարությունը 2020 թվականի 11 ամիսների ընթացքում 634 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող մեծությամբ պարտք է վերցրել: Ինչպես երևում է այս գծապատկերում ներկայացված կապույտ կորագծից` կառավարության պարտքի աճի տեմպը նույնպես մեծանում է:
Գծապատկեր #1-ից երևում է նաև, որ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտները, ինչպես նաև ծախսերը` համեմատած 2020 թվականին, զգալիորեն նվազելու են: Նախատեսվում է, որ ծախսերը կնվազեն շուրջ 7%-ով, իսկ եկամուտները` շուրջ 9%-ով: Իսկ պետական բյուջեի դեֆիցիտը 2021 թվականին, այնպես, ինչպես 2020-ին, զգալիորեն մեծ թիվ է կազմելու` շուրջ 690 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ քանի որ սա խոշոր հաշվով ֆինանսավորվում է պարտքի հաշվին, ապա կարող ենք ասել, որ ՀՀ կառավարության պարտքը 2021 թվականին կավելանա նշված թվին մոտ գումարի չափով (առանց կուտակված պարտքի սպասարկումը հաշվի առնելու) և կմոտենա կամ կանցնի 8 միլիարդ ԱՄՆ դոլարը:
Նշում. Հոդվածում ներկայացված բոլորը թվերը վերցվել, հաշվարկները կատարվել և գծապատկերները կազմվել են ՀՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված պետական բյուջեների պաշտոնական թվերի հիման վրա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պետական կառավարման, պետական ֆինանսների կառավարման փորձագետ
Լուսանկարը՝ hetq.am-ի