«Սա խաղաղության մասին փաստաթուղթ չէ. սա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ է». քաղաքագետը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մասին
Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, որի առաջին կետով սահմանվում էր, որ դադարեցվում են ռազմական գործողություններն Արցախում, փաստացի խաղաղություն չի բերել Արցախին: Նախորդ օրերին բախումներ էին եղել Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում, որոնք այժմ հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո:
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ճիշտ չի ընկալվում նաև Հայաստանում:
«Սա խաղաղության մասին փաստաթուղթ չէ: Սա պատերազմը դադարեցնելու մասին փաստաթուղթ է: Սա զինադադարի մասին փաստաթուղթ է: Սա անգամ ղարաբաղյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության, ԼՂՀ կարգավիճակի մասին փաստաթուղթ չէ: Ո՛չ, այդ մասին ոչ մի բառ չկա: Հասկանալի է, թե ինչու: Փաստաթուղթը պատրաստվել էր ճգնաժամի ու ցայտնոտի պայմաններում, ու սպասել այդ թղթից, որ նրանում, կրակի դադարեցումից բացի, կլինի մի հակամարտության կարգավորման մասին, որը դեռ պատերազմից 30 տարի առաջ չեն կարողացել կարգավորել, դժվար է:
Տրամաբանությունն այն էր, որ հիմա մենք դադարեցնում ենք ռազմական գործողությունները, իսկ հետո մենք կշարունակենք գործընթացը, որի արդյունքում ինչ-որ բանի հասնենք: Կարծում եմ՝ հազիվ թե ինչ-որ բանի հասնենք, այն էլ արագ, որովհետև հակամարտությունը ծերացել է, իսկ Ադրբեջանում այդ պատերազմից հետո որևէ փոխզիջման կամ ինչ-որ քայլերի գնալու ցանկությունը պակասել է, չնայած դրանից առաջ էլ մեծ չէր ցանկությունը փոխզիջման ճանապարհով կարգավորել հակամարտությունը»,- «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետը:
Պատասխանելով հարցին, թե ինչու են հիմա սահմանում բախումներ լինում ու ինչու կան զոհեր, Ալ. Իսկանդարյանը արձագանքեց.
«Իմ պատասխանը հետևյալն է՝ իսկ փաստացի ի՞նչն է փոխվել… Ղարաբաղյան խնդիրը որտեղ կար, այնտեղ էլ մնացել է»:
Կովկասի ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն է՝ շարունակել գործել այսպես, ինչպես նախկինում՝ անել էսկալացիաներ, դիվերսիոն գործողություններ, գերիներ վերցնել և այլն:
«Այս ամենն արվում է, որ սեղմվի Արցախը: Մինչ այս ևս այսպես էր, ու հիմա էլ է այդպես լինելու: Գրականության մեջ այն կոչվում է անոմիա: Հին օրենքներն արդեն անհետացել են, նորերը դեռ չեն սահմանել, թե ինչպիսին կլինի իրավիճակը:
Ադրբեջանցիները չեն ուզում ոչ մի խաղաղ կարգավորում, կոնսենսուս, բանակցություն և այլն: Իրոք, հասկանալի է, թե նրանք ինչպես են ուզում լուծել այս հակամարտությունը․ այնպես, ինչպես նրանք լուծել էին այն Հադրութում, Արցախի հարավային մասում, Շուշիում և այլն: Եվ որպեսզի հասնեն, նրանք փորձելու են իրենց հնարավորությունների սահմաններում զայրացնել հայերին, ինչ-որ ձևով այնպես անել, որ Արցախում դժվար լինի ապրելը: Ու հենց դրա համար է, իմ կարծիքով, այս ամենը տեղի ունենում»,- ասաց քաղաքագետը: