Արցախի ԱԱԾ-ն ադրբեջանական կեղծիք է որակում «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթուղթը
«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթն ադրբեջանական կեղծիք է: Այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է իր բովանդակությամբ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: