«Վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ ժողովրդի մի հատվածն են». Բաբկեն Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վարչապետի հրաժարականի պահանջին և իշխանության ներկայացուցիչների այն մեկնաբանություններին, թե հրաժարական պահանջողները ժողովուրդ չեն, ասաց. «Վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ ժողովրդի մի հատվածն են»։

Նույն հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ ասաց, որ ժողովուրդ բառի սահմանումը կարող են տեսնել ՀՀ սահմանադրության մեջ։

«Ժողովրդի տարբեր հատվածներ կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել, դա ստուգելու միակ ձևն ընտրություններն են։ Ինձ համար արժեքավոր է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջները, ակնկալիքները, հատկապես այն քաղաքացիների, որոնք այդ պահանջները ներկայացնում են հենց իրենցով, այլ ոչ թե տարբեր հանգամանքներով պայմանավորված»,- շեշտեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր անցկացմանը և Ընտրական օրենսգրքի ընդունմանը, Համազասպ Դանիելյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն ՀՀ-ում արդեն տեղի է ունեցել, սակայն դա վերաբերում է միայն Տեղական ինքնակառավարման մարմիններին։

«Գրավոր կա, թե մենք Ընտրական օրենսգիրքն ինչ հերթականությամբ ենք փոխում, ՏԻՄ-ի հետ կապվածն ավելի հրատապ էր, որովհետև ՏԻՄ ընտրություններն ավելի վաղ էին։ Ընտրական օրենսգրքի հետ կապված քննարկումները սեպտեմբերին սառեցվեցին, հիմա մենք այդ աշխատանքների ամփոփման փուլում ենք։ Փորձել ենք ունենալ նախագիծ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որն այդպես էլ նախատեսված էր։ Ակնկալեք տարվա սկիզբ նախագիծ և դրան արդեն հաջորդող երկու ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս