ՀՔԾ–ն՝ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը բացահայտ ապատեղեկատվություն է որակում «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի տարածած տեղեկությունը, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:
«Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:
Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- ասված է ՀՔԾ պարզաբանման մեջ: