Ինչո՞ւ է գաղտնի պահվում Արայիկ Հարությունյանի՝ Սյունիք մեկնելու նպատակը

Դեկտեմբերի 1-ին կառավարության կայքում հրապարակվեցՆիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղվում էր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:

Հավելյալ որևէ տեղեկատվություն հասարակությանը չտրվեց:

Դեկտեմբերի 2-ին 168.amի հետ զրույցում էլ Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանն ասել էր, որ որևէ տեղեկատվություն չունեն, թե վարչապետի խորհրդականն ինչու է գործուղվել Սյունիքի մարզ։

«Այսպես ասած, մենք իրավասու չենք այդ հարցին պատասխանել, խնդրում ենք դա ճշտել վարչապետի աշխատակազմից»,- ասել էր Արմինե Ավագյանը։

Ինչպես դեկտեմբերի 2-ին, այնպես էլ այսօր փորձեցինք թե՛ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի, թե՛ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից, և թե՛ անձամբ Արայիկ Հարությունյանից ճշտել նրա՝ Սյունիք գործուղվելու նպատակը կամ պատճառը:

Ինչպես միշտ, հասանելի էր միայն Արմեն Խաչատրյանը: Մանե Գևորգյանը մեր՝ տարբեր ժամերի արված հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Արայիկ Հարությունյանի հեռախոսն առհասարակ անջատված էր:

Արմեն Խաչատրյանն էլ մեզ խորհուրդ տվեց խոսել Արայիկ Հարությունյանի հետ ու նրանից ճշտել իր գործուղման նպատակը:

«Միայն ինքը կարող է այդ հարցին պատասխանել, որովհետև հնարավոր է, օրինակ, նա գաղտնի հանձնարարականով է մեկնել Սյունիքի մարզ: Դրա համար միայն ինքը կարող է մեկնաբանել»,- ասաց կառավարության լրատվության պատասխանատուն:

Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որոշման մեջ չպետք է նշված լիներ, որ կառավարության ղեկավարի գլխավոր խորհրդականը գաղտնի հանձնարարականով է մեկնում Սյունիք, Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ ոչ, պարտադիր չէ:

Տեսանյութեր

Լրահոս