Սյունիքի մարզպետարանում ու Կառավարությունում տեղյակ չեն, թե ինչ առաքելությամբ է վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել Սյունիք
Դեկտեմբերի 1-4-ը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, սակայն, նշված չէ Արայիկ Հարությունյանի գործուղման պատճառը:
168.am–ը Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանն ասաց, որ որևէ տեղեկատվություն չունեն, թե վարչապետի խորհրդականն ինչու է գործուղվել Սյունիքի մարզ։
«Այսպես ասած, մենք իրավասու չենք այդ հարցին պատասխանել, խնդրում ենք դա ճշտել վարչապետի աշխատակազմից»,- ասաց Արմինե Ավագյանը։
Պարզաբանման ակնկալիքով զանգահարեցինք նաև վարչապետի խոսնակին, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե վարչապետի գլխավոր խորհրդականն ինչ առաքելությամբ է գործուղվել Սյունիքի մարզ։
«Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ՝ ինչ առաքելությամբ է մեկնել, բայց գիտեմ, որ նա գործուղվել է այնտեղ։ Այս պահի դրությամբ տեղյակ չեմ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել վարչապետին և այժմ սպասում է Կառավարության համապատասխան որոշմանը։
Հիշեցնենք նաև, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 9-ին և նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական։