Պատերազմի հետևանքով ավերված Մարտունիում վերականգնման համար շինարարների կարիք է զգացվում
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Մարտունու շրջանի բնակավայրերի հրթիռահրետակոծության հետևանքով լրիվ կամ մասնակի վնասվել է ընդհանուր առմամբ 1038 բնակելի տուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը:
«Ընդ որում հիմնովին ավերվել է 20 տուն: Մեծ վնասներ է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Այս պահի դրությամբ Մարտունու և հարակից համայնքների էլեկտրամատակարարումը անկայուն և սահմանափակ ժամանակացույցով է իրականացվում: Համեմատաբար քիչ են վնասվել գազատար խողովակները: Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ 60 տոկոսով գազամատակարարումը վերականգնված է: Ընդ որում՝ շրջկենտրոնում հատվածաբար, իսկ գյուղերում՝ գրեթե ամբողջությամբ:
շենք -շինությունների վերականգնման համար ներկայումս պայմանավորվածություններ ունենք երկու շինարարական կազմակերպությունների հետ, սակայն դեռևս շինարարական աշխատուժի պակաս զգացվում է: Հակառակորդի հրետակոծության հետևանքով համեմատաբար քիչ վնասներ են կրել գյուղական բնակավայրերը, որոնց ենթակառուցվածքները վերականգնվել են, իսկ բնակիչները մեծամասամբ վերադարձել են: Այս պահի դրությամբ 2000 բնակիչ է վերադարձել նաև Մարտունի քաղաք: Մյուսները սպասում են բնակարանային խնդրի լուծմանը կամ վերադարձի ճանապարհին են: Բնակարանային ապահովման խնդիրը ժամանակավորապես փորձում ենք լուծել վարձակալման եղանակով:
Դեկտեմբերի 1-ին շրջանում բացվել են 7 համայնքների դպրոցները, իսկ այսօր ևս 5-ը: Մարտունու ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գյուղերի բնակիչները հիմնականում ապաստանել են շրջանի մյուս բնակավայրերում, Ստեփանակերտում, մասամբ նաև Հայաստանի Հանրապետությունում: Փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց՝ գոնե նվազագույն միջոցներով ապահովելու հարցում: Շուտով կպահեստավորենք նաև սննդամթերք բնակչությանը տրամադրելու համար»,- ասաց Վադիմ Դանիելյանը՝ հավելելով, որ պահեստավորել են նաև անհրաժեշտ ծավալով շինանյութ և աշխատուժի առկայության դեպքում վերականգնման աշխատանքները եռուն ընթացք կստանան: