Բաժիններ՝

«Ունենք դրամի հավասարակշիռ գին՝ դրամի ձևավորված շուկայում». ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն՝ դրամի արժեզրկման մասին

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Նահապետյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում դրամի արժեզրկումն ինչի՞ հետևանքով է տեղի ունեցել։

«Ըստ Ձեր վերլուծության, սա ինչի՞ հետևանքով էր և կարո՞ղ եք մեզ հուշել, թե Դուք ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ ծավալի արտարժույթի գնումը կարող է բերել մոտավորապես այդ տատանման չափին»,- հարցրեց Սերգեյ Բագրատյանը։

Պատասխանելով պատգամավորի հարցին, ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն նշեց, որ Հայաստանում փոխարժեքը շուկայական է, և Կենտրոնական բանկն ուղիղ նպատակ չունի փոխարժեքի կառավարման։

«Մենք միջամտություն ենք իրականացնում միայն այն դեպքերում, երբ էական ռիսկեր ենք տեսնում գների և ֆինանսական կայունության ապահովման մասով։ Մենք վերջերս ունեցանք դրամի մի փոքր արժեզրկումներ, և ինչպես գիտեք՝ հայտարարությամբ հանդես եկավ ԿԲ-ն և համարժեք գործառույթներ իրականացրեց ֆինանսական շուկայում, որից հետո այժմ, իմ գնահատականով, մենք ունենք դրամի հավասարակշիռ գին՝ դրամի ձևավորված շուկայում, ունենք առքի և վաճառքի համարժեք գին։ Կարծում եմ՝ այն այսօր արտացոլում է  դրամի իրական շուկայական արժեքը»,- շեշտեց Դավիթ Նահապետյանը։

Նա նաև նկատեց՝ եթե չի սխալվում, ԿԲ-ն ամիսը մեկ անգամ հրապարակում է ֆինանսական  շուկայում գործառնությունների այն ծավալները, որոնք իրականացնում է Կենտրոնական բանկը։

«Թե այդ պայմաններում համակարգում որքան արտարժույթի ձեռքբերում է  առաջացնում գնաճը, այսօր կդժվարանամ հստակ թիվ հնչեցնել, բայց դա կառավարելի մակարդակում է»,- եզրափակեց Դ. Նահապետյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս