Առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով․ Արցախի ՄԻՊ-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածող որոշ լուսանկարներ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ: Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը։
«Ուսումնասիրության արդյունքներով պարզվել են հետևյալ հանգամանքները՝
1. Լուսանկարներից մեկում երևացող աղջիկներին իրենց հայրիկներն ու այլ հարազատ ազատամարտիկներ ներկայացնում են ինքնաձիգներ: Լուսանկարի վերլուծությունից պարզ է դառնում, որ նրանք նույնիսկ ինքնաձիգ բռնելու հմտություններ չունեն, և անհեթեթ են ռազմական գործողություններին երեխաների մասնակցության վերաբերյալ պնդումները:
2. Մեկ այլ լուսանկարում երևացող տղա երեխան ակնհայտորեն պարզապես ծանոթանում է ինքնաձիգին, այն էլ՝ առանց պահեստատուփի: Այնուամենայնիվ, Պաշտպանը կասկածներ ունի տվյալ լուսանկարի ծագման հետ կապված, քանի որ այն գտնվել է միայն ադրբեջանական առցանց հարթակներում, և հնարավոր չէ ստուգել դրա ենթադրյալ հայկական աղբյուրը:
3. Երրորդ լուսանկարում երևացող տղան, որն արկեր է տեղափոխում, ըստ Պաշտպանի հավաքագրած տվյալների, 16 տարեկան է և այդ գործողությունը կատարում էր իր հայրիկի հետ միասին: Պետք է նշել, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին, և դա այն դեպքում, որ տվյալ անձը ուղիղ կերպով չէր ընդգրկվել ռազմական գործողությունների մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով պատերազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունը, ընդգծում է, որ առ այսօր որևէ դեպք չի արձանագրվել ռազմական գործողություններում երեխաների ընդգրկվածության առումով: Այնուամենայնիվ, Պաշտպանը հորդորում է բոլորին զգուշավորություն ցուցաբերել զենքերի հետ մինչև 15 տարեկան երեխաների շփման հարցում»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։