Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի իմիջին. քաղաքագետ
Քաղաքագետ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ հրադադարի պայմանավորվածությունն արդեն երրորդ անգամ խախտելով՝ Էրդողանն ու Ալիևը ուղիղ հարված են հասցնում միջնորդող երեք կողմերի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարների պատվին: Պողոսյանը նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Էրդողանի և Ալիևի քաղաքականությունը ուղիղ հարված է հենց Պուտինի, Մակրոնի և Թրամփի պատվին»,-ասաց քաղաքագետը:
Թուրքիան և Ադրբեջանը հարվածում են հրադադարի համար միջնորդած երեք երկրների ղեկավարների իմիջին՝ ցույց տալով, որ արհամարհում են: Պողոսյանը նկատեց, որ ուղիղ վիրավորանք է. երեք անգամ գնալ, նստել բանակցել և մի քանի րոպե անգամ չպահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Քաղաքագետը չգիտի, թե հակառակորդն այս անգամ ինչպես կարդարանա: «Թե՞ հետո ասելու են՝ իբր մեղավորն իրենք չեն, հրաման են տվել, սիրիացի ահաբեկիչներն էին մեղավոր, թե՞ Թուրքիայի հատուկ ջոկատայիններն Ադրբեջանի հրամանները լավ չեն կարդում կամ թուրքական գլխավոր շտաբի հրամանները Ադրբեջանի զորավարները լավ չեն հասկացել, ի՞նչ են ասելու: Նրանք փորձելու են մեղքը մեր վրա գցել, մենք պետք է կարողանանք ճիշտն ապացուցել և մեր շահերով առաջնորդվելով՝ գնալ առաջ»,-ասաց Պողոսյանը:
Քաղաքագետը շեշտեց բոլոր ուղղություններով աշխատելու կարևորության մասին: «Ամեն ինչ սկսվում է ռազմի դաշտում մեր շահերը պաշտպանելուց, դրան զուգահեռ և դիվանագիտական, և տեղեկատվական, և քաղաքական, և տնտեսական դաշտերում պատերազմները նույն կերպ ընթանում են, և այդ մարտերը պետք է այնտեղ էլ տանել»,-նշեց նա: