Ի՞նչ մեսիջներ է պարունակում Արայիկ Հարությունյանի նամակը Պուտինին

Առաջին հերթին շեշտվում է, որ Արցախի համար Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մեջ առանձնահատուկ դեր ունի: Այսինքն՝ առաջինն է հավասարների մեջ, եթե ընդունենք, որ համանախագահները բոլորը հավասար են:

168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին:

«Արցախի նախագահի նամակից մի քանի ժամ առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն էր արել, թե որքանով Ռուսաստանն իրավունք ունի ակտիվորեն մասնակցել կարգավորման գործընթացին, նույնքանով էլ՝ Թուրքիան: Չնայած Թուրքիան ընդամենը Մինսկի խմբի անդամ է, իսկ Ռուսաստանը՝ համանախագահ: Սակայն Էրդողանը նշել էր, որ Ռուսաստանի հետ տարբեր հարցեր լուծելու փորձ ունեն, մասնավորապես, Սիրիայում, ըստ այդմ՝ նա կարծում է, որ, ինչպես Սիրիայում են հասել որոշակի փոխադարձ ընդունելի պայմանավորվածությունների, այդպես էլ՝ կհասնեն նաև այստեղ: Սրանից ելնելով՝ ինձ թվում է՝ նամակի երկրորդ մեսիջն այն է, որ միանշանակ որևէ ձևաչափով Թուրքիայի մասնակցությունը մեզ համար ընդունելի չէ»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ մոտ մեկ շաբաթ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ լավագույն լուծումը ոչ թե ՄԽ համանախագահներ-ՀՀ-Ադրբեջան քննարկումներն են՝ 3+2, այլ 2+2 ձևաչափով քննարկումները՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Հայաստան:

«Եվ նամակը պետք է դիտարկել նաև այս տեսակետից, որ նման ձևաչափը մեզ համար ընդունելի չէ: Եվ ևս մեկ անգամ դիմեց Ռուսաստանին, որ ցանկացած քայլ Ռուսաստանի կողմից նման ձևաչափով ընթացք սկսելու, ՀՀ-ում, միանշանակ, կարժանանա բացասական պատասխանի: Նամակի հիմնական երկու մեսիջները սրանք էին. առաջին՝ Արցախի համար ՌԴ-ն առաջինն է հավասարների մեջ՝ ՄԽ-ի ներսում, համանախագահների մեջ, երկրորդ՝ որևէ ձևաչափով քննարկում՝ 2+2, այն է՝ ՀՀ, Ադրբեջան, Թուրքիա, ՌԴ, գոնե Արցախի համար ընդունելի չէ: Հիմնականում այս երկու մեսիջները ես կառանձնացնեի»,- լրացրեց քաղաքագետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է՝ մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, սակայն նշել, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ:

«Եթե խոսենք փոխզիջումների մասին, այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Շատ կարևոր է հաշվի նստել տարածաշրջանի մյուս երկրների հետ, կարևոր է, որ կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը»,- ասել է Փաշինյանը:

Այս առնչությամբ Բենիամին Պողոսյանը նշեց, որ ՀՀ վարչապետը հնարավոր է համարել խաղաղապահների տեղակայումը, և որպես փոխզիջումային տարբերակ՝ կարող են լինել ռուս խաղաղապահները:

«Նա ասաց, որ խաղաղապահների կազմի վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները չեն համընկնում այդ հարցում Հայաստանի պատկերացումների հետ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը կցանկանա տեսնել նաև թուրք խաղաղապահներ, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ նաև թուրք խաղաղապահներ: Ըստ այդմ՝ Փաշինյանի ասածն ակնարկ էր, որ դա մեզ համար ընդունելի չէ: Եվ քանի որ ՌԴ-ն գործընկերային հարաբերություններ ունի և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի հետ, ինչի մասին հայտարարեց նաև Ռուսաստանի նախագահը, ուստի Փաշինյանը նշեց՝ որպես փոխզիջում՝ կարող է ընկալվել ռուս խաղաղապահների տարբերակը, որին ՀՀ-ն կողմ է, Ադրբեջանն էլ այնքան հիմք չունի դեմ լինելու, որքան Հայաստանը կարող է դեմ լինել թուրք խաղաղապահների տեղակայմանը»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ևս հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ դեմ չեն դիտորդների և խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտում, և, որ սպասում են, որ ՄԽ-ն մշակի և ներկայացնի առաջարկ խաղաղապահների կազմի, տեղակայման վայրի, մանդատի, խաղաղապահ գործողությունների ժամկետի վերաբերյալ:

«Բայց նաև նշել էր, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի և պաշտոնական առաջարկ ստանալուց հետո այն կհայտնի: Այսինքն, ունենք մի վիճակ, երբ երկու կողմերը ներկայացնող երկրների ղեկավարներն ասում են, որ դեմ չեն կամ համաձայն են խաղաղապահների տեղակայմանը»,- հավելեց Բենիամին Պողոսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում թե՛ ՀՀ-ն, թե՛ Ադրբեջանը խաղաղապահների տեղակայմանը դեմ էին արտահայտվում, ընդ որում, նաև մինչև պատերազմը:

«Մենք գիտենք մեր այդ դիրքորոշումը, որ մեր զինված ուժերը բոլոր հնարավորություններն ունեն ապահովելու խաղաղություն: Ադրբեջանն էլ ընդհանրապես ասում էր, որ խաղաղապահների տեղակայումը նշանակում է՝ ստատուս-քվոյի ամրապնդում կամ հավերժացում: Իսկ հիմա ունենք մի վիճակ, երբ երկու կողմն էլ հայտարարում են, որ գոնե սկզբունքորեն իրենք կողմ են խաղաղապահների տեղակայմանը: Թե դա երբ կձևավորվի՝ որպես առաջարկ ՄԽ անունից, դժվար է ասել: Մի հետաքրքիր պահ էլ կա. ՌԴ-ն կցանկանա նաև խաղաղապահ առաքելությունն իրականացնել եռակողմ ձևաչափով, այսինքն՝ հասնել պայմանավորվածության՝ ՌԴ-ՀՀ-Ադրբեջան, և հիմնականում ռուս խաղաղապահներ տեղակայել, թեկուզ նրանք ունենան միջազգային որոշակի մանդատ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի: Սակայն Ալիևի արտահայտությունը, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է ներկայացնեն իրենց կողմից քննարկված և բոլոր երեք համանախագահների համաձայնությունը ստացած առաջարկ, նշանակում է՝ Ալիևը հրաժարվում է խաղաղապահների տեղակայումը քննարկել բացառապես ՌԴ-ՀՀ-Ադրբեջան ձևաչափով»,- շարունակեց քաղաքագետը՝ նկատելով, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը ևս դժվար հեշտությամբ համաձայնեն բացառապես ռուս խաղաղապահների կողմից որևէ գործողության իրականացմանը:

Թե որքանով է իրատեսական Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը ներկա պայմաններում, Բենիամին Պողոսյանը բացառեց այն, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը նշանակում է երկարաժամկետ՝ տասնամյակներով հարաբերությունների վատացում Ադրբեջանի հետ: Այսինքն, այս դեպքում Ռուսաստանը կստանա երկրորդ Վրաստան:

«ՌԴ-ի համար կարևոր է Հարավային Կովկասն ամբողջությամբ, այդ թվում՝ Ադրբեջանը: Չմոռանանք, որ Ադրբեջանը ցամաքային կապ է Իրանի հետ, նաև՝ Կասպից ծովի ափամերձ պետություն է, վերջին հաշվով, կան նաև տարբեր տնտեսական ծրագրեր, ուստի դժվար թե Ռուսաստանը գնա մի քայլի, որը տասնամյակներով կզրոյացնի Ադրբեջանի հետ հարաբերությունները և փաստացի կստեղծի ՌԴ-ի համար թշնամի Ադրբեջան: Ռուսաստանին շատ մեծ կռվաններ են պետք նման որոշում կայացնելու և երկար ժամանակահատվածով թշնամական Ադրբեջան ձեռք բերելու համար: Առայժմ ես որևէ նման գործոն չեմ տեսնում, որը կարող է հարկադրել, պարտադրել ՌԴ-ին՝ գնալ նման քայլի՝ ճանաչել Արցախի անկախությունը»,- եզրափակեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս