Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, հորինված կեղծիք է
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:
Որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրել էին, թե «ՀՀ նախկին նախագահները որոշել են աջակցել Նիկոլ Փաշինյանի գործողություններին և մասնավորապես՝ զինադադարի կնքման որոշմանը, որն իրենց նախկին հայտարարություններից ու դիրքորոշումներից այնքան էլ չի բխում»։ Լրատվամիջոցներից մեկը նաև գրել էր, թե իր տեղեկություններով՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները շուտով հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որտեղ շարադրելու են իրենց համատեղ դիրքորոշումը։
Մամուլում տեղ գտած այս տեղեկությունների կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։
«Այո, այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի օրակարգը եղել է պատերազմական գործողությունները և Արցախը։ Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ տարբեր լրատվամիջոցներում հրապարակված ենթադրությունները և հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան մեր հարցման՝ արձագանքեց․ «Դա սուտ է, այդ տեղեկությունները սուտ են, և նման բան գրելու որևէ առիթ չկա, դա հորինած կեղծիք է»։