«Մենք կանգուն ենք մեր լեռների պես, իսկ թշնամին կկորչի հողմերի պես». զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրն» Արցախում է

Արցախյան պատերազմի ժամանակ զինվորների համար սիրելի «կարմիր շրթներով դոկտուրը»՝ ազատամարտիկ, Կանանց հանրապետական հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Աիդա Սերոբյանը, այսօր էլ է Արցախում՝ զինվորների կողքին։

168.amի հետ զրույցում Աիդա Սերոբյանն ասաց, որ, ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր հայ զինվորի ուժն ու ոգին անպարտելի է։

«Մեր զինվորը խիզախ, անվրեպ, կայուն կանգնած է իր տեղում։ Եթե այս պատերազմը համեմատենք 90-ականների պատերազմի հետ, ապա կարող եմ ասել, որ զենքի տեսակներն են փոխվել, ադրբեջանական վարձկաններն են փոխվել։ Բայց մենք կանգուն ենք մեր լեռների պես, իսկ թշնամին կկորչի հողմերի պես։ Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք և հաղթանակով վերադառնալու ենք»,- նշեց Աիդա Սերոբյանը։

Նա նաև ընդգծեց, որ բոլոր զինվորների հետ շփվում է, բոլորն էլ միաբերան ասում են, որ այս գոյամարտը պետք է ավարտվի հայկական կողմի հաղթանակով։

Աիդա Սերոբյանը նաև կատակեց, թե այսօր էլ է շարունակում «հին ավանդույթը».  առավոտյան արթնանալուց անմիջապես հետո իրեն կարգի է բերում և, ամենակարևորը, օգտագործում կարմիր շրթներկը։

«Առավոտյան շուտ, առաջին գործողությունը լվացվելն է, իսկ դրանից հետո կարմիր շրթներկն եմ քսում, բոլոր պայմաններում ու պարագաներում կինը պետք է խնամված լինի»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ թե՛ զենք ունի, թե՛ բժշկական խալաթ, որ պահին որի անհրաժեշտությունը լինում է, այն էլ գործի է դնում։

«Պատերազմի ժամանակ կապ չունի՝ բժի՞շկ ես, թե՞ այլ մասնագետ, անպայման պետք է զենքը ձեռքիդ լինի, բժիշկը պարապ չի նստում, տեսնի՝ ով վիրավորվեց, գնա բուժօգնություն ցույց տա։ Բոլորն էլ զենքը ձեռքներին մարտնչում են, վիրավորը եղավ՝ իջնում է ներքև, վիրակապում է»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս