Բանգկոկում բողոքների պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը կտևի 30 օր
Անվտանգության սպառնալիքի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը, որը հոկտեմբերի 15-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաքում սահմանվել է զանգվածային հակակառավարական բողոքների պատճառով, կտեւի 30 օր կամ ավելի քիչ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Բանգկոկի կառավարության տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրայուտ Չան-Օչան:
Վարչապետը լրագրողների առջեւ ելույթ է ունեցել նախարարների կաբինետի արտահերթ նիստից հետո, որտեղ պաշտոնապես հավանություն է տրվել եւ ձեւակերպվել արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վերաբերյալ հոկտեմբերի 15-ին հայտարարված հրամանագիրը: «Մենք ստիպված ենք եղել արտակարգ դրության ռեժիմ սահմանել, բայց ես խոստանում եմ, որ դրա գործողության ժամանակաշրջանն այնքան կարճ կլինի, որքան դա հնարավոր է: Առայժմ՝ ընդամենը մեկ ամիս: 30 օր: Կամ ավելի քիչ:
Մինչեւ այն պահը, երբ իրադրությունը կփոխվի»,-հայտարարել է Չան-Օչան: Նա պարզաբանել է, որ զանգվածային բողոքները Բանգկոկում, որոնք անցկացվում են «կառավարության եւ պետության կողմից բոլոր ուժերի լարման պահին COVID19-ի համավարակի պատճառով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու նպատակով», իրենցից սպառնալիք են ներկայացնում երկրում կայության ու խաղաղության համար:
«Մենք չենք ցանկանում որեւէ մեկին տառապանք պատճառել: Բայց մեզ համար պարզ է, որ ոչ նորմալ իրադրություն է ստեղծվել, եւ բոլորը լավ հասկանում են դա: Այնպես որ եկեք միասին ջանանք՝ խաղաղություն ու անվտանգություն ապահովել մեր երկրում»,-ասել է նա: Վարչապետը նաեւ լրագրողներին հայտնել է, որ Բանգկոկում արտակարգ դրության ռեժիմի օրենսդրական միջոցների կիրառումը որքան հնարավոր է մեղմ կլինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: