«ՀՀ վարչապետի կամ Արցախի նախագահի ելույթները որպես պատասխան չէին Սերգեյ Լավրովին». Միքայել Զոլյան

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին պատասխանել էր ռուս լրագրողների հարցերին և անդրադարձել Արցախյան հիմնախնդրին։ Նա ասել էր, որ  հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է.

«Վերջին օրերի ընթացքում ես մի քանի անգամ շփվել եմ իմ գործընկերների հետ Բաքվում և Երևանում, նույնն արել է Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև նախագահը, ով խոսել է հակամարտող երկրների ղեկավարների հետ, և մեր հիմնական ուղերձն ամեն դեպքում հետևյալն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակում և հրադադարի վերահսկողության այդ մեխանիզմը հաստատել, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ մեկը չի էլ սկսել նույնիսկ քննարկել։ Համապատասխան ուղերձները ես վերահաստատեցի հենց կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, նույնպիսի ուղերձ մենք ուղարկում ենք մեր հայ գործընկերներին, կարծում եմ՝ այս պահին դա բանալին է հրադադարի կայուն հաստատման»,- ասել էր ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդես էր եկել տեսաուղերձով` նշելով, որ բոլոր ջանքերն ու կարողությունները պետք է ներդնել հայրենիքի պաշտպանության համար։

168.amԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանից հետաքրքրվեց` արդյո՞ք բանակցելու համար բոլոր հնարավորությունները սպառվել են՝ հաշվի առնելով ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մտքերը և ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի տեսաուղերձները։

«Հայաստանի վարչապետի կամ Արցախի նախագահի ելույթները որպես պատասխան չէին Սերգեյ Լավրովին, դրանք պարզապես իրավիճակի վերաբերյալ ելույթ էին՝ ուղղված Հայաստանի և Արցախի ժողովրդին։ Ինչ վերաբերում է Լավրովի ելույթին, ապա այդտեղ նորություն չկար, ըստ էության, նա ներկայացրեց այն գործընթացը, որը եղել է նախկինում՝ պատերազմից առաջ, հիմնականում արտաքին լսարանի համար, որը կարող է տեղյակ չլինել գործընթացի մանրամասներին։ Այս պահին ինչ-որ բանակցությունների մասին խոսելն իրատեսական չէ, քանի որ պատերազմը շարունակվում է, և այն շարունակվում է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ, և պատերազմի շարունակման հիմնական պատճառը հենց Թուրքիայի ճնշումն է Ադրբեջանի վրա։ Հետևաբար՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ Ադրբեջանը տապալում է հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը»,- նշեց Միքայել Զոլյանը։

Նա նաև հավելեց, որ այս պահին չեն կարող քննարկվել բովանդակային հարցեր, որովհետև այժմ հիմնական հարցը պատերազմի դադարեցումն է և մարդասիրական հրադադարի իրականացումն է, որի վերաբերյալ համաձայնությունը կա, սակայն, ցավոք, չի իրականացվում։

Հարցին՝ ՌԴ արտգործնախարարի երեկվա հայտարարությանը հետևեց Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, այն կարո՞ղ է իրավիճակում որևէ փոփոխություն մտցնել, Միքայել Զոլյանը պատասխանեց, որ այժմ տեղի են ունենում ամենատարբեր հայտարարությունները, և՛ ՌԴ պաշտպանության նախարարը, և՛ Արտաքին գործերի նախարարը, նաև Ռուսական ՈՒղղափառ եկեղեցու պատրիարքն է հայտարարություն տարածել։

«Այսինքն՝ Ռուսաստանն ակտիվ ներգրավված է այս գործընթացներում և ամենատարբեր գործիքներն է օգտագործում, որպեսզի իր նախաձեռնությամբ ձեռք բերված հրադադարը դառնա իրականություն, թե որքանով արդյունավետ կլինեն այդ գործիքները և որքան արագ կգործեն՝ արդեն կտեսնենք, մեծ բան է կախված ռազմաճակատում իրավիճակից և Արցախի ՊԲ գործողություններից։ Կարծում եմ՝ ՌԴ-ն բազմաթիվ գործիքներ ունի, և բոլոր գործիքները չէ որ այսօր օգտագործվում են՝ չեմ կարող ասել, որոնք են օգտագործվել, որոնք՝ ոչ, որովհետև շատ գործիքներ կարող են նաև ոչ հանրային ձևով օգտագործվել։ Ըստ իս, Ադրբեջանի վրա լուրջ ճնշում կա, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցնեն»,- շեշտեց  նա։

Նա նաև մանրամասնեց, թե ինչու այս պահին հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն իրականություն չի դառնում, և դրա համար կա երկու գործոն։

«Առաջինն Ադրբեջանի գործոնն է, որը մեծ կորուստներ է կրել, և այդ պայմաններում Ալիևի վարչակարգն ուզում է ինչ-որ արդյունք ցույց տալ, այսինքն՝ չի կարող ասել, որ այդ ամբողջ կորուստները եղել է ինչ-որ չնչին բաների համար։ Երկրորդն արտաքին ճնշումն է, այդ դեպքում՝ Թուրքիայի ճնշումը, որն Ադրբեջանին մղում է առավելապաշտական պահանջների։ Դրա համար այս պահին, ցավոք, ռազմական գործողությունները շարունակվում են, քանի որ Ադրբեջանը համարում է, որ Թուրքիայի օգնությամբ կարող է արդյունքի հասնել։ Մենք աշխատում ենք միջազգային հանրության հետ, իրավիճակը ներկայացնում ենք և գործընկերներին բացատրում ենք, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Թուրքիայի միջամտության դեմ, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ Թուրքիայի վրա հույս դնելը քիչ է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես տեսաուղերձով դիմել էր համայն հայությանը՝ ոտքի կանգնելու և օրհասական օրերին հայրենիքը պաշտպանելու համար: «Վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, հայտարարություն է եղել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված, և հետագայում վերսկսել բանակցությունները, սակայն հակառակորդը, հակառակը՝ օգտվելով առիթից, այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- իր խոսքում նշել է Արայիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս