«Արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում»

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ»,- այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց:

«Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր՝ որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության՝ հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ քննարկում՝ ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որևէ բան է՝ Ադրբեջանի կազմում: Եվ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղն ընդհանրապես պետք է հայաթափվեր: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը: Վերջին 2.5 տարվա ընթացքում մենք բարեփոխումներ և վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար: 2020թ. հուլիսին տեղի ունեցած տավուշյան հաղթական մարտերը ապացուցեց շատերի համար անսպասելին՝ ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ. «Մեծաթիվ թուրքական զորախումբ և ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, և Թուրքիան որոշեց, որ այլևս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ: Տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ Թուրքիան բացահայտ և հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին՝ զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների և վարձկանների Սիրիայից տեղափոխելով ղարաբաղյան հակամարտության գոտի՝ հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար: Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները՝ այն պարզ հաշվարկով, որ, եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի: Եվ, հետևաբար, տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն: Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք՝ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում և, ըստ էության, համարելով, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը»:

Նա հետևյալ հարցադրումն արեց. «Արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում»:

Տեսանյութեր

Լրահոս