Բաժիններ՝

Հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել

Մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են Հայաստանի Հանրապետության Կառավարություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային,   Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն` ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին: Հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ ասված է.

«Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել «Parada» ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ անձանց իրավունքների հիմնախնդիրներին: Այս ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և Գերմանիայի դեսպանության նախաձեռնությունը: Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունքի թեմայով:

Ցանկացած ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն մարդու իրավունքների նման ոտնահարումը, մասնավորապես արտահայտման ազատության իրավունքի ոտնահարումը, որը ներառում է անկախ պետական սահմաններից ցանկացած միջոցով տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, պետք է համարի անթույլատրելի:

Սա հստակ սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և ավելի ընդգծված մի շարք միջազգային փաստաթղթերում՝ համաձայն որոնց ՀՀ-ն ունի մի շարք պարտավորություններ պաշտպանելու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու այդ իրավունքների արդյունավետ իրականացումը: ՀՀ-ն Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ստանձնել է պարտավորություններ ամրապնդելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, որոնք հանդիսանում են ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնարար սկզբուքները: Ավելին, սույն բարեփոխումների իրականացման համար ՀՀ կառավարությունը ԵՄ կողմից ստանում է համապատասխան աջակցություն, այդ թվում ֆինանսական:

Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անհանգստացած և վրդովված ենք ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումներով, խտրականության և անհանդուրժողականության տարածմամբ: Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:

Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանության կողմից ձեռնարկած քայլերը կամ անգործությունը ԵՄ համար պետք է հանդիսանա ցուցանիշ, թե որքանով են իր տրամադրած աջակցությունը և միջոցները ուղղորդվում ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը: ԵՄ-ն պետք է հետամուտ լինի իր իսկ տրամադրած միջոցների նպատակային բաշխմանը և ՀՀ կողմից հանձն առած պարտավորությունների կատարմանը, որոնք բխում են Եվրոպական հարևանության քաղաքականության հիման վրա որդեգրած ԵՄ-Հայաստան փոխադարձ հանձնառությունից` ապահովելու ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանվածություն, օրենքի գերակայություն և համընդհանուր այլ արժեքներ»:

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) հ/կ
Կանանց ռեսուրսային կենտրոն հ/կ
Հելսինկյան ասոցիացիա հ/կ
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն հ/կ
Կանանց աջակցության կենտրոն հ/կ
Իրավունքի գերակայություն հ/կ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հ/կ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների հ/կ
Երիտասարդները հանուն ժողովրդավարության հ/կ
Բաց հասարակության հիմնադրամններ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ
Շիրակ կենտրոն հ/կ
Նոր Սերունդ հ/կ
Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն հ/կ
Շահխաթուն հ/կ
Իրական աշխարհ, իրական մարդիկ հ/կ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հ/կ
Հայաստանի հելսինկյան կոմիտե հ/կ
Ժողովրդավարությունն այսօր հ/կ
Էկոլուր տեղեկատվական հ/կ
Հույս հ/կ
Գորիսի մամուլի ակումբ հ/կ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս