Բաքվի և Անկարայի ագրեսիան հարձակում է ՄԱԿ-ի հիմնարար արժեքների դեմ. ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույց է տվել «Arab News Daily» պարբերականի ՄԱԿ-ի թղթակից (Նյու Յորք) Եփրեմ Քոսաիֆին՝ նշելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան պարզապես հարձակում չէ հայերի դեմ, այլ հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ։
Հարց. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ վերջին բախումները ամենաթեժը դարձան 1990-ականներից հետո: Լուրջ մտահոգություններ կան` կապված տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման հետ, որի մեջ կարող են ներքաշված լինել Ռուսաստանն ու Թուրքիան։ Մենք մանրամասն կզրուցենք այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանի հետ` Նյու Յորքում: Պարոն դեսպան, շնորհակալ եմ մեզ միանալու համար:
Վերջին մի քանի օրերի ընթացքում հակասություններ արձանագրվեցին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև` բախումների կապակցությամբ: Նախագահ Մակրոնը Թուրքիային շատ հստակ ազդակ է հղել, որ վերջինիս ռազմատենչ հայտարարություններն անընդունելի են Ֆրանսիայի համար։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ևս մատնանշում է, որ արտաքին միջամտություն կա։ «Reuters»-ը հաղորդել է, որ Թուրքիան օտարերկրյա վարձկանների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմելու: Որքանո՞վ եք մտահոգված օտարերկրյա միջամտությամբ և արտաքին ուժերով, որոնք աստիճանաբար սկսում են ներքաշվել տեղի ունեցող իրադարձությունների մեջ:
Պատասխան․ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինչպես Դուք ինքներդ արդեն նշեցիք, կան բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ արտաքին ահաբեկիչ մարտիկների և վարձկանների միջամտության վերաբերյալ, և արդեն իսկ միջազգային հանրության և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների կողմից հստակ կոչեր են հնչել։ Օտարերկրյա վարձկանները, որոնք, ըստ էության, հավաքագրվում և տեղափոխվում են Թուրքիայի աջակցությամբ (և այո, եկեք իրերն իրենց անուններով նշենք), խիստ վնասակար տարրեր են, և դրանց գործունեությունն ու տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի պետք է կասեցվի:
Հ․ Շատ է խոսվել այս հակամարտության բռնկման կամ վերսկսման ժամկետների մասին։ Ի՞նչ կարող եք ասել ժամկետների վերաբերյալ։ Ինչո՞ւ այժմ։
Պ․ Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին նախորդել է երկար տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով բացահայտորեն և հետևողականորեն քարոզած ատելության խոսքի և հայատյացության վտանգավոր հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը խրախուսում էր ատելության հողի վրա կատարված հանցագործությունները և փառաբանում այդ հանցագործությունները կատարողներին։ Դրա հետ մեկտեղ նրանք միլիարդավոր դոլարներ են ծախսել մահացու հարձակողական սպառազինություն ձեռք բերելու վրա և բացահայտորեն սպառնացել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին՝ խոստանալով ուժ կիրառել: Նրանց համար, ովքեր հետևել են, ամենևին անակընկալ չէր այն, որ ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ Ադրբեջանի նախագահի ելույթը ոչ միայն ատելության խոսքի դասական օրինակ էր, այլև, ինչպես մենք արդեն գիտենք, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմի հայտարարություն` հստակ ցեղասպան նպատակներով։
Հարձակումը նաև տեղի է ունենում նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի ֆոնին, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հիվանդության դեմ պայքարն է: Ակնհայտորեն կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է օգտվել համավարակի հետևանքով աշխարհում ի հայտ եկած խոցելիություններից՝ ինչպես նաև իր սեփական երկրի ներսում առկա անկայունությունների լույսի ներքո:
Սա պարզապես հարձակում չէ հայերի դեմ: Սա հարձակում է մարդկության հիմնարար արժեքների դեմ, հարձակում ընդդեմ այն ամենի, ինչը խորհրդանշում է ՄԱԿ-ը:
Հ․ Խոսելով ՄԱԿ-ի մասին. ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և բոլոր կողմերին կոչ է ուղղել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բնականաբար, Ադրբեջանն ու Հայաստանը հրաժարվեցին վերադառնալ բանակցությունների: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին: Ի՞նչ է անհրաժեշտ նստելու և բանակցելու համար, և, առաջին հերթին, արդյո՞ք դա հնարավոր է:
Պ․ Հայաստանը երբեք չի հրաժարվել խաղաղ բանակցություններից, մենք ընդգծել ենք նաև Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների` Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում ներգրավվելու կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, իրոք, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին և դադարեցնել մարտերն ու նվազեցնել լարվածությունը: Սակայն Ադրբեջանը, կարծես, մտադիր չէ հետևելու այդ կոչին:
Կցանկանայի նաև հիշեցնել, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը գլոբալ հրադադարի կոչ էր արել COVID-19 համաճարակի վաղ շրջանում: Դեռևս մարտին նա կոչ էր արել աշխարհում դադարեցնել ռազմական գործողությունները` լռեցնել զենքերը, կասեցնել հրետանին, վերջ տալ օդային հարվածներին: Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, ով աջակցեց այս կոչին, և ավելի քան 170 երկրներ ևս միացան այդ նախաձեռնությանը: Ադրբեջանը ոչ միայն հրաժարվեց սատարել Գլխավոր քարտուղարի կոչին, այլ նաև դիմեց լայնածավալ ռազմական ագրեսիայի, ինչի ականատեսն ենք մենք այսօր:
Հ․ Ո՞րն է այսօր՝ ներկայիս պայմաններում, Մինսկի խմբի դերը: Արդյո՞ք այն դեռ ունակ է զսպելու հակամարտությունը: Արդյո՞ք ակնկալում եք, որ դրա անդամները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, կհաղթահարեն այլ հակամարտությունների շրջանակներում ձևավորված տարաձայնությունները և կհամախմբվեն Հայաստանի շուրջ:
Պ․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդություն իրականացնելու միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է: Համանախագահ երկրները բազմաթիվ առիթներով արտահայտել են հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ իրենց միասնական դիրքորոշումը, և նրանք շատ հստակ հայտարարել են, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն: Կոչեր են հնչել նաև արտաքին ուժերին և օտարերկրյա մարտիկների ներգրավվածության վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեռու մնան հակամարտությունից: Կարծում եմ ՝ պարզ է, թե ում են ուղղված այդ կոչերը:
Հ․ Ձեր կարծիքով, ի՞նչին է ձգտում Թուրքիան իրականում այս ամենի արդյունքում: Ո՞րն է ձեր ուղերձը միջազգային հանրությանը, և ինչպիսին են Երևանի ակնկալիքները աշխարհից՝ Թուրքիայի առումով։
Պ․ Մենք Թուրքիայի ներգրավվածությունը դիտարկում ենք որպես մեր տարածաշրջան անկայունություն արտահանելու հերթական փորձ: Մենք ականատես ենք հակամարտության գոտում թուրք զինվորականների ներգրավվածության աճին: Սա մի երևույթ է, որ պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Թուրքիայի ապակայունացնող գործողությունները, թե՛ Արևելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, հայտնի է:
Հ․ Որքանո՞վ է այս ամենը կապված տարածաշրջանի ռազմավարական կարևոր նշանակության հետ, որն ամբողջ աշխարհին նավթ մատակարարող նավթամուղների միջանցք է հանդիսանում։ Որքանո՞վ է դա կապված այս կարևոր փաստի հետ։
Պ. Դա իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում, և, եթե Ադրբեջանը և Թուրքիան չզսպվեն, դա կարող է հանգեցնել սրման, որի հետևանքները կարող են կործանարար ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի վրա և դրանից դուրս: Ադրբեջանը և Թուրքիան պետք է խելամիտ գտնվեն և հետևեն միջազգային հանրության, ներառյալ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի վերջին կոչերին՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա հաղորդագրությունը։ Նրանք պետք է բարեխղճորեն հանձնառու լինեն խաղաղությանը։
Հ․ Ինչպե՞ս են հայերը վերաբերվում տարածաշրջանում ընթացող հակամարտությանը, որը տասնամյակներ է տևել և բազմաթիվ կյանքերի կորստի ու տեղահանության է պատճառ է դարձել: Ի՞նչ նշանակություն ունի այս տարածաշրջանը հայերի գիտակցության մեջ:
Պ․ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը 1991թ-ին: Նրանք բոլոր իրավունքներն ունեն ապրելու իրենց նախնիների պատմական հողում` առանց վախերի և օտարերկրյա հարկադրանքի: Խնդրի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Նրանք այդ իրավունքն իրացրել են հանրաքվեի միջոցով` դեռևս 1991 թվականի դեկտեմբերին՝ միջազգային իրավունքի և այդ ժամանակ գործող Խորհրդային օրենսդրության համապատասխան: Հայաստանը, որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր, կձեռնարկի բոլոր միջոցները՝ պաշտպանելու նրանց անքակտելի իրավունքները: Ամբողջ աշխարհում ապրող հայերը խիստ համախմբված են այս հարցում, քանի որ մենք՝ հայերս, չենք կարող թույլ տալ, որ Թուրքիայի կողմից խրախուսվող և աջակցվող ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում ևս մեկ ցեղասպանություն իրականացվի հայ բնակչության նկատմամբ:
Հ․ Ի՞նչ կասեք ԱՄՆ-ի մասին։ ԱՄՆ առաջնայնությունների տեսակետից` Լեռնային Ղարաբաղը, կարծեմ, 2001թ-ից ի վեր, նկատելի չէ։ Արդյո՞ք ակնկալում եք ավելի ակտիվ ամերիկյան դերակատարություն։
Պ․ Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահներից մեկն է: Մենք շատ բարձր ենք գնահատում ԱՄՆ դերը և ներգրավվածությունը՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում է արտահայտել վերջին սրացման առնչությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և որպսզի արտաքին դերակատարները զերծ մնան հակամարտության մեջ ներգրավվելուց: Մենք ԱՄՆ-ից ակտիվ մասնակցություն ենք ակնկալում ՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ միասին:
Հ․ Ո՞վ է ցանկանում սրել այս հակամարտությունը։ Ո՞վ կարող է շահել այս հակամարտությունից։
Պ․ Դժվար է ասել, թե ում է ձեռնտու այս իրավիճակը, բայց, մի բան քաջ հայտնի է ոչ միայն փորձագիտական համայնքին և միջնորդներին, այլ նաև միջազգային հանրությանը, թե ով է իրականում հրահրում այս իրավիճակը, և ով է սկսել ռազմական գործողությունները: Մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի և հարձակողական սպառազինության կուտակմանը, տեսնում ենք ատելության խոսքի ուժգնացումը և ատելության սադրումը, ընդ որում` ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանում բնակվող հայերի, այլև աշխարհասփյուռ հայերի հանդեպ: Այս ամենը շատ լավ փաստագրված է և խստորեն քննադատվել է մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների կողմից: Զարմանալի չէ, որ Գլխավոր ասամբլեային ուղղված իր ուղերձում Ադրբեջանի նախագահը առանձնացրեց մի քանի հայտնի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և քննադատեց դրանց՝ իր երկրում մարդու իրավունքների խախտումները դատապարտելու համար:
Հ․ Ինչպիսի՞ ուղերձ կհղեիք Ադրբեջանի նախագահին։
Պ․ Ադրբեջանի նախագահին, իրականում, մի քանի անգամ ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շատ հստակ նշել էր, որ այս երկարատև հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար։
Սա շատ կարևոր ազդակ էր, սակայն, ադրբեջանական կողմից այն շարունակում է անարձագանք մնալ, իսկ բռնության վերջին հրահրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ունակ չէ փոխադարձաբար արձագանքելու այսպիսի կարևոր կոչին: Այսպիսով, ուղերձը բարձրաձայն ու հստակ հղվել է, այն հղվել է Հայաստանի վարչապետի կողմից: Սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից վերջերս իրականացված հարձակումներն ու ագրեսիան մեզ հույս չեն ներշնչում, որ այդ երկրի ղեկավարությունն ունակ է այդ կոչին պատշաճ արձագանքելու: