Խաղաղ բնակավայրերին հարվածելով թուրք-ադրբեջանական կողմը ռազմական խնդիր չի լուծում, նպատակը խուճապ տարածելն է, ինչը չի ստացվում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Խաղաղ բնակավայրերին հարվածելու մարտավարությունը, որն այս պատերազմի վերջին երկու օրերին որդեգրել է թուրք-ադրբեջանական կողմը, ռազմական որևէ խնդիր չի լուծում։ Դա նախ վկայությունն է այն բանի, որ ռազմաճակատի գիծը փոխելու հակառակորդի բոլոր փորձերը տապալվել են՝ ո՛չ «բլից-կիգի», ո՛չ «24 ժամում Ղարաբագը գրավելու» հոտն անգամ չկա։ Հիմա արդեն ստիպված են արդարանալ իրենց ժողովրդի առաջ՝ տեղանքը լեռնային է, հայերի պաշտպանական կառույցները խորն են։ Լավ է, վերջապես բացահայտեցին, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) լեռներ կան։
Կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանն օգտագործել է իր ողջ պոտենցիալը՝ Արցախ ներխուժելու համար։ Արդյունքը հայտնի է։ Ձախողվելուց հետո մնում է հեռվից հրթիռակոծել մեր քաղաքներն ու գյուղերը՝ դա թույլերի և վախկոտների մարտավարություն է, որը հատուկ է ահաբեկիչներին։ Ի՞նչ տարբերություն՝ ինքնաթիռնե՞րն են ուղղվում Նյու-Յորքի «երկվորյակ աշտարակների վրա», թե՞ «Սմերչն» է հարվածում Ստեփանակերտի կամ Հադրութի բնակելի շենքերին։
Ոճը նույնն է՝ դա իրար հետ «գենետիկորեն փոխկապակցված ուժերի» գործելակերպն է։
Ո՞րն է դրա նպատակը։ Պարզ է, որ հակառակորդը խնդիր է դրել հոգեբանական ազդեցություն թողնել մեզ վրա։ Եվ այստեղ Բաքուն և Անկարան կրկին սխալվում են՝ պարզապես մեզ լավ չեն ճանաչում, ուշադիր չեն ուսումնասիրել, նրանց վերլուծական կենտրոնները և հատուկ ծառայությունները թերացել են։ Այժմ գոնե պա՞րզ է է․ ոչ մի ընկճվածություն, ոչ մի խուճապ չկա, ավելին՝ հայերի մեջ լուրջ տարաձայություններ չկան, և 10 մլն հայությունը պատրաստ է կռվել բոլոր հնաավոր թշնամիների դեմ՝ այնքան ժամանակ, որքան որ պահանջվի։
Ի վերջո, Ադրբեջանը կռվում է «տարածքների» համար, որոնք այդ երկրի ղեկավարությունը թյուրիմացաբար «իրենցն» է հռչակում, Թուրքիան կռվում է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար, մենք կռվում ենք այս հողում ապրելու համար, ֆիզիկական բնաջնջման վտանգի դեմ։ Համեմատեք մոտիվացիաների «ուժգնությունը»»։