«ՊԲ հրամանատարն իր ենթականների հետ հմուտ կերպով է ղեկավարում մարտական գործողությունները. համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու». Սեյրան Օհանյան

Արցախում ընթացող գործողությունները, որը սադրել է Ադրբեջանի զինված ուժերը, ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար նպատակների իրականացման համար է:

Եվ սա եղել է ոչ միայն արցախյան ազատամարտի տարիներին, այլև հետպատերազյան, ինչպես նաև 2014-2015 թվականներին լարված դիվերսիոն-հետախուզական, 2016-ի ապրիլյան և 2020-ի տավուշյան մարտական գործողություններին:

Արցախում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, այսօրվա իրականության մեջ սադրիչ կողմը Ադրբեջանի զինված ուժերն են, բայց այս անգամ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ` նրա սպառազինության, նրա կողմից փորձառու հրահանգիչների, նրա կողմից պատվիրված տարբեր երկրներից վարձկանների առկայությամբ:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այս օրերին Արցախում են ԱՀ բոլոր նախկին նախագահները:

«Ինձ համար մեծ պատիվ է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կոչով և մեր պարտքով այստեղ գտնվելը` ԱՀ պաշտպանության նախկին նախարարների և հիմնադիր ու ճանապարհ անցած հրամանատարների հետ մեկտեղ: Հանդիպել ենք ԱՀ նախագահի հետ, պաշտպանության նախարարներով այսօր այցելել ենք գործող պաշտպանության նախարարի ղեկավարման կետ, հայտնել մեր աջակցությունը: Տիրապետում ենք իրավիճակին, ծանոթացել ենք այն աշխատանքներին, որ իրականացնում է ՊԲ ղեկավարությունը: Պաշտպանության այսօրվա նախարարն իր շտաբով, ողջ անձնակազմով` ստորաբաժանումների, զորամասերի հրամանատարության հետ մեկտեղ, հմուտ գործողություններ են իրականացնում` կանխարգելելու հակառակորդի` Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները»,- նշեց Օհանյանը` հավելելով, որ ՊԲ այսօրվա հրամանատարն իր ենթականների հետ հմուտ, փորձառու կերպով է ղեկավարում մարտական գործողությունները:

«Մենք համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու»-ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս