«Հակամարտությունը եռակողմ է, զինադադարը ստորագրվել է եռակողմ, և բանակցությունները պետք է ընթանան բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի կողմից Արցախում սանձաձերծած պատերազմի վերաբերյալ հայտարարություն են տարածել Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ անելով  վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն առանց նախապայմանների: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն:

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորություն ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների  վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման էության ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»,- նշված է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարության մեջ:

Նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը համարել են, որ պետք է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունները:

168.am հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը՝ նախ նշեց, որ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը՝ ստանալով Թուրքիայի լիակատար աջակցությունը։

«Կարևոր եմ համարում փաստել, որ րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շեշտեց, որ ունեն փաստացի ապացույցներ Թուրքիայի կողմից Արցախում իսլամիստ սիրիացիների տեղակայման հետ կապված։ Այս իրավիճակում, ըստ էության, այն երկիրը, որը սկսել է ագրեսիան, ինքն էլ պետք է դադարեցնի, սրա մասին խոսել է նաև ՀՀ վարչապետը։ Մենք չենք սկսել այս պատերազմը։ Կարծում եմ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի դադարեցնելու ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղան, այդ ժամանակ էլ հետագա ընթացքը կգծագրվի»,- նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է հայտարություններից զատ՝ Մինսկի խմբի երեք երկրների գործուն քայլերին, Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ հայկական կողմի գերխնդիրը միջազգային ուժեղ ճնշումն է Ադրբեջանի և Թուրքիայի վրա, որովհետև փաստացի  այդ երկրներն ահաբեկչությունը հովանավորող և ֆինանսավորող երկրներ են, որոնք փորձում են Հարավային Կովկասում ահաբեկչական խմբավորումներ տեղակայել, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս բոլոր երկրների համար։

«Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ վերջին օրերին թե՛ միջազգային մամուլը, թե՛ տարբեր երկրների ղեկավարներ ու առաջնորդներ հստակ արձանագրում են Թուքրիայի բացասական դերն ու նշանակությունը՝ հակամարտության մեջ ներգրավվածության առումով։ Այդ ճնշումը պետք է ուժեղանա Ադրբեջանի և Թուրքիայի վրա, որպեսզի հետագա վտանգավոր գործընթացները կասեցվեն»,- հավելեց նա։

Անդրադառնալով «Հայկական Ժամանակ» թերթի խմբագրականում լույս տեսած «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով https://168.am/2020/10/01/1377148.html հոդվածին և հարցին՝ եթե հայկական կողմը նման բան թույլ տա, արդյո՞ք դրանով չի օգնելու Թուրքիային, որը երկար ժամանակ իր գործողություններով ցույց է տալիս, որ ունի նման նկրտումներ՝ ներգրավվելու Արցախի բանակցային գործընթացում, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ հայկական կողմը Թուրքիայի հետ բանակցելու խնդիր չունի։

«Ընդհակառակը՝ պետք է բացառել Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբից և բոլոր այն տեսակ գործընթացներից, որոնք վերաբերում են Արցախի հակամարտությանը։ Հակամարտությունը եռակողմ է, զինադադարը ստորագրվել է  եռակողմ, և բանակցությունները պետք է ընթանան բացառապես ԵԱՀՄ Մինսկի համանախագահության շրջանակում՝ երեք կողմերի ներգրավվածությամբ»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։

Խոսելով Ադրբեջանի ներսում բնակվող ազգային փոքրամասնությունների բողոքներից, որոնց երկրի ղեկավարությունն ուղարկում է  առաջնագիծ, Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ, եթե հիմնական ձևակերպումը տա, ապա կարող է ասել, որ այս ամենը շատ ծանր հետևանքներ է ունենալու Ադրբեջանի համար՝ լինի ազգային փոքրամասնության,  տնտեսության ու այլ խնդիրների տեսանկյունից։

«Սա իսկապես կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Ադրբեջանի ու Ալիևի վարչակարգի համար ընդհանրապես»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս