««Խաչաղբյուր 2»-ի աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի»

«Խաչաղբյուր 2» ՓՀԵԿ-ում ուսումնասիրություններ կատարելու նպատակով հանձնաժողով ստեղծելը բնապահպանության նախարարի նախաձեռնությունը չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան Մերի Խաչատրյանը, ով մասնակցել է նախարարի ստեղծած աշխատանքային խմբի կողմից կատարված տեղազննության: Ըստ նրա` նախարար Արամ Հարությունյանը որոշումը կայացրել է հասարակական ճնշման արդյունքում:

«Նայելով փաստաթղթերը և տեսնելով իրավիճակը՝ մենք գտանք, որ կա ակնհայտ անհամապատասխանություն նախագծի և բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ: Այնտեղ գրված է, որ խողովակաշարերն անցնելու են գետի կողքով, և բնությանը հասցվելու է 0 տոկոս վնաս: Մենք արձանագրեցինք, որ 100-ից ավելի ծառեր են հատված, խողովակաշարերը հատել են գետը, նախագծային խախտումներ կան»,- նշեց Մերի Խաչատրյանը:

Ըստ նրա՝ իրավական առումով խախտվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի բազմաթիվ հոդվածներ, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը: Մերի Խաչատրյանի հաղորդմամբ՝  գործի մեջ պետք է լիներ նաև կենսառեսուրսների քաղաքականության մշակման գործակալության կարծիքը, ինժեներատեխնիկական եզրակացությունը, սակայն դրանք չկան. «Ինչպես մեզ բոլորիս հայտնի է, Գետահովիտը սողանքավտանգ և սեյսմաանկայուն գետերից մեկն է: Մենք այնտեղ ականատես եղանք լանդշաֆտների սողանքային վիճակի»,- ասաց նա:

Իրավաբանը նշում է, ՓՀԷԿ-ի ներկայացրած աշխատանքային նախագիծը լուրջ վերանայման կարիք ունի և անհապաղ չեղյալ պետք է համարվի տրված դրական եզրակացությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին նախարար Արամ Հարությունյանի հրամանով՝ դադարեցվել էին ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները: Ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավել էին  Բնապահպանական պետական տեսչության, Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազամերպության, ազդակիր համայնքների բնակիչներ:

 

Տեսանյութեր

Լրահոս